
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր Երևանից Թբիլիսի մեկնելուց առաջ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռանակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել «Հավերժական կրակի» մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Պետքարտուղարին ներկայացրել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման պատմությունը` անդրադառնալով նաև հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, Միացյալ Նահանգների, ամերիկյան ժողովրդի մարդասիրական արձագանքին և նրանց կողմից ցեղասպանության զոհերին անգնահատելի աջակցություն ցուցաբերելուն:
Այցի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարը հետաքրքրվել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների առկայությամբ: Ամերիկյան պատվիրակությունը տեղեկացվել է, որ հայ ազգային ինքնագիտակցության մեջ Արցախյան պատերազմն ընկալվել է որպես ցեղասպանության շարունակություն, որի առաջին զոհերը թաղվել են հենց Ծիծեռնակաբերդում:
Հայկ Դեմոյանն ամերիկյան պատվիրակությանը Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից հանձնել է պատմական մեդալ` թողարկված Ամերիկյան նպաստամատույց կազմակերպության կողմից 1920-ականների սկզբներին` Հայաստանում և Մերձավոր Արևելքի որբանոցներում իրենց ծառայությունը բերած աշխատակիցներին պարգևատրելու համար: Պատվավոր հյուրին հանձնվել է նաև մի լուսանկար, որում պատկերված են Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրիի) ամերիկյան որբանոցի հայ որբերը` կանգնած «Ամերիկա, շնորհակալ ենք» դասավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կայքից։
Leave a Reply