September 18, 2021

Գնդակը հակառակորդի դաշտում է

ԱՄՆ-ն դատապարտում է ուժի կիրառումն ու սպառնալիքները,- ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում վերջին դիվերսիոն հետախուզական գործողության վերաբերյալ Երեւանում այսօր հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նա եւս մեկ անգամ այսօր հայտարարեց, որ ԱՄՆ-ն կողմնակից է ԼՂՀ խնդրի լուծմանը Հելսինկյան սկզբունքների համաձայն. այն է` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում: Տիկին Քլինթոնը նաեւ նկտեց, թե եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի նախագահների մոտ կա ըմբռնում, որ խնդիրը պետք է լուծվի հենց այս` Հելսինկյան, սկզբունքների համաձայն:

Երեւանում նրա ասուլիսը համատեղ էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս նախ շնորհավորեցղ ԱՄՆ պետքարտուղարին ԱՄՆ-ի անկախության 234-րդ տարեդարձի կապակցությամբ եւ թերեւս ԼՂՀ խնդրի համատեքստում ակնարկեց «ոչինչ չի կարող զրկել մարդկանց անկախ ապրելու իրավունքից»: Նախարարը նկատեց, որ ԱՄՆ-ի հետ անկախ Հայաստանի հարաբերությունները միշտ զարգացել են, բայց վերջին շրջձանում հատկապես Հիլարի Քլինթոնի անձնական ջանքերով այդ հարաբերություններն էլ ավելի եռանդուն են զարգանում:
Նալբանդյանն իր ելույթում հավատարմություն հայտնեց ժողովրդավարական արժեքներին, շուկայական տնտեսությանն ու տարածաշրջանային հանդուրժողականության հաստատմանը:

Հիլարի Քլինթոնն էլ փոխադարձաբար ընդգծեց, որ իրենք շատ ուրախ են եղել, երբ 1991 թվականին Հայաստանն անկախացել է, եւ այդ ժամանակվանից ի վեր տածում են բարեկամական եւ ընկերական զգացմունքներ: «Հայաստանն ունի անցյալ, պատմություն եւ խոստումնալից ապագա»,- ասաց ՀՀ առաջին անգամ այցելած Հիլարի Քլինթոնը եւ խոստացավ շարունակել աջակցությունը ժողովրդավարության հաստատման, տարածաշրջանային անվտանգության եւ հարեւանների հետ հարաբերությունների զարգացման գործում:

Նա ողջունեց Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը. «Դա մի քաջ գործողություն էր, որ իրականացրին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»,-ասաց Հիլարի Քլինթոնը եւ հատուկ ողջունեց Սերժ Սարգսյանի ապրիլյան որոշումը, որով նա հետ չկանչեց ստորագրությունը, այլ պատրաստակամություն հայտնեց ամեն դեպքում շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը` կասեցնելով արձանագրությունների վավերացումը, քանի դեռ Թուրքիան չի կատարել իր խոստումը. «Այսօր գնդակը հակառակորդի դաշտում է»,-հայտարարեց Հիլարի Քլինթոնը:

Իսկ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հիլարի Քլինթոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հենց սկզբից գործընթացին աջակցելու համար:

Ի դեպ, Հիլարի Քլինթոնը շատ տպավորված էր հայկական հյուրասիրությունից, իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին նրան հյուրասիրել էին տորթով,որի վրա պատկերված է եղել ԱՄՆ դրոշը:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4