September 18, 2021

Արկադի Կարապետյան. «Լեռնային Ղարաբաղ ենք խաղում, դրա համար ընկել ենք էս օրը»

Այսօր նախագահի նստավայրի առջև ակցիա էր կազմակերպել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը: Ակցիայի մասնակիցները նախագահից պահանջում էին ձևավորել աշխարհազոր և ոչ մի թիզ հող չզիջել: Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահ Արկադի Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Պրն Կարապետյան, դուք աշխարհազոր եք պահանջում, բայց Հայաստանը բանակ ունի: Ինչո՞վ է պայմանավորված աշխարհազոր ստեղծելու ձեր պահանջը բանակի գոյության պարագայում:

Պաշտպանվելը ժողովրդի սուրբ իրավունքն է, ու դա պիտի կատարվի: Դրա մասին է խոսքը: Մենք ժողովրդով հաղթեցինք, ոչ միայն բանակով: Հիմա մենք ուզում ենք` մենք էլ կարողանանք մեր լուման ներդնել, իմանանք` ինչ ենք անում: Բանակը` բանակով, բանակին ոչ մեկ ոչինչ չի ասում, բանակը ունի իր տեղը, բայց ամբողջ ժողովուրդը պիտի պաշտպանվի ու պիտի պատրաստվի: Պետք է աշխարհազոր ստեղծվի, և մեր պաշտպանողականությունը շատ բարձր լինի, որ էլ թշնամին գայթակղություններ չունենա: Պատերազմ է ուզում սկսել և այլն, և այլն:

Աշխարհազոր ասելով` ի՞նչ եք ենթադրում:

Մենք հեծանիվ չենք հնարում: Նման համակարգերը աշխարհի շատ տեղերում կան, ու շատ լավ գործում են: Կան Իսրայելում, Շվեյցարիայում, Նորվեգիայում: Մերն էլ մեր տարբերակով պիտի լինի: Ու դուք պատկերացնո՞ւմ եք, որ բանակն իմանում է, որ ամբողջ ազգն իր մեջքին է, ամեն վայրկյան գալու են, օգնելու են և այլն, ինչքան է մարտունակությունը բարձրանում:

Դուք ցանկանում եք, որ նախագահը նպաստի՞ այդ գործընթացին:

Դա համազգային և պետական գործ է: Դա պետությունը պետք է անի: Ասենք, մենք մեր կազմակերպությամբ դա չենք կարող անել: Մենք կարող ենք օրինակ ծառայել, որը շատ կարևոր է, կարող ենք` պետք լինի գնանեք` գնանք և այլն:

Աշխարհազորի կոչը կոնկրետ մարդկա՞նց է ուղղված, ազատամարտիկների՞:

Չէ, աշխարհազորը ամբողջ ժողովուրդն է: Մենք կարող ենք որպես օրինակ ծառայել, որպես հիմք լինել: Եվ, իհարկե, մենք ընկերներ ունենք կորցրած: Այսինքն` ոչ կորցրած: էդ մարդիկ իրենց արյունը թափեցին, զոհվեցին էս գործի համար: Մենք էդ պահանջը ունենք: Մենք մի թիզ հող հանձնել թույլ չպիտի տանք:

Ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, միշտ ասում են` պատերազմ:

Ճիշտն ասած, մենք շատ հանգիստ ենք էն իմաստով, որ մենք դրանց մռութը ջարդել ենք, տեսել ենք` էդ ինչ է, ու էսօր էլ կարող ենք անել. չնայած մեր մեջ շատ տարիքով մարդիկ կան, բայց պրոբլեմ չկա, էդ իմաստով կարող ենք գնալ:

Պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:

Այո:

Կոնկրետ Հիլարի Քլինթոնի այցի հետ կապված` Դուք ի՞նչ վտանգ եք տեսնում Արցախի հարցում: Արցախի համար ի՞նչ վտանգավոր դրույթներ կարող է նա առաջ քաշել:

Այդ մադրիդյան սկզբունքները մեզ ձեռք չեն տալիս: Էլեմենտար է:

Կոնկրետ ո՞ր կետերը:

Բոլորը: Որևէ բան մեզ ձեռք չի տալիս: Իսկ եթե խոսում են, ասենք, պետության ամբողջականության սկզբունքի մասին, դա մեզ է վերաբերվում. հողերը բոլորը մերն են:

Եթե մադրիդյան սկզբունքները ձեզ ձեռք չեն տալիս, ի՞նչ եք առաջարկում դուք:

Առաջարկում եմ` ամբողջ ժողովուրդը, անկախ ամեն ինչից, մի գաղափարի շուրջ գոնե կարող է միանալ: Դա ազգի պաշտպանությունն է, որովհետև որևէ կուսակցություն` դիմություն լինի, ընդդիմություն լինի, բոլորին էդ հարցը վերաբերվում է:

Կոնկրետ ԼՂ խնդրում Ադրբեջանի հետ բանակցությունները ինչպե՞ս եք պատկերացնում` առանց մադրիդյան սկզբունքների:

Ես ընդհանրապես համարում եմ, որ Լեռնային Ղարաբաղ պետություն չկա: Դա Հայաստան է, և էսպես էլ պիտի լինի: Էդքան բան: Լեռնային Ղարաբաղ ենք խաղում, դրա համար ընկել ենք էս օրը: Լեռնային Ղարաբաղը պիտի լինի Հայաստանի կազմում:

Երբ հիմա մտնեք նախագահական, կոնկրետ ի՞նչ եք առաջարկելու նախագահին:

Այ էդ 2 հարցը` աշխարհազոր ստեղծվի, որ ադրբեջանցիք էլ էդպիսի գայթակղություն չունենան: Եվ ասենք, որ պինդ լինի, որևէ բան չստորագրի մադրիդյան սկզբունքներից:

Իսկ ՀՀ-ի և Արցախի` որպես մի պետության վերամիավորման հարցը բարձրացնելո՞ւ եք:

Դա, ճիշտն ասած, իմ կարծիքն է: Դա մի քիչ ավելի երկար պրոցես է: Բայց ես` որպես ղարաբաղցի, էդպես եմ մտածում:

Պրն Կարապետյան, Դուք ասացիք, որ Արցախը պետք է ՀՀ-ին միանա, ոչ թե անկախ լինի: Հիմա անկախության մասին շատ-շատերն են խոսում: Դուք կոնկրետ ի՞նչ վտանգներ եք տեսնում, եթե Արցախը լինի անկախ, ոչ թե ՀՀ-ին միավորված:

Որևէ բան, որ կիսվում է, պարտվում է: Դա Աստվածաշնչի մեջ գրված է:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4