September 18, 2021

ԻՍԿ ԿՈՆԳՐԵՍԸ ԼՌՈՒՄ Է

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել է, թե Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցից չունի մեծ սպասելիք եւ ավելի կարեւոր է համարում դրան նախորդած իրադարձությունները` Սանկտ-Պետերբուրգի եռակողմ հանդիպումն ու Օբամա-Սարկոզի-Մեդվեդեւ հայտարարությունը: Արման Մելիքյանը համարում է, որ դրանցով եզրափակվեց Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի փուլ եւ դրանից հետո հայկական կողմին պետք է հանդես բերել նախաձեռնողականություն, այլապես ստիպված կլինենք խաղալ ուրիշների` Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնությունների տակ, որոնք չեն ուշանա, կարծում է Արման Մելիքյանը: Նրա խոսքով, իրավիճակը տարածաշրջանում փակուղային է, եւ համանախագահ երկրները պարզապես փորձում են պահպանել այդ փակուղին, մինչեւ որ հակամարտ կողմերը կգտնեն ելքը:
 
Արման Մելիքյանը համարում է, որ մադրիդյան սկզբունքները Հայաստանի եւ Ղարաբաղի համար անընդունելի են: Նրա խոսքով, Ղարաբաղից սակայն քիչ բան է կախված եւ պետք է քայլեր ձեռնարկել Երեւանում ինչ որ բաներ փոխելու համար: Արման Մելիքյանը նշել է, որ այն քաղաքական ուժը, որն ունակ է պահանջներ ներկայացնել եւ փոփոխություն պահանջել իշխանությունից` Հայ Ազգային կոնգրեսը, լռում է, քանի որ իր մոտեցումն էլ համահունչ է կատարվող պրոցեսներին: Մելիքյանը նկատել է նաեւ, որ մադրիդյան սկզբունքներն ունեն լրամշակվելու տեղ, եւ դրանց վրա աշխատանքը կարող է բերել նոր սկզբունքների, հայկական կողմի համար նոր եւ նպաստավոր վիճակի: Բայց դրա համար, ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարարի, պետք է նախաձեռնողական աշխատանք:
 
Անդրադառնալով երեք նախագահների հայտարարության ռուսերեն եւ անգլերեն տարբերություններին, Արման Մելիքյանը նշել է, թե Ռուսաստանը Սանկտ-Պետերբուրգում փորձեց անել այնպես, որ նախաձեռնություն ցուցաբերի եւ իրավիճակը շարժի առաջ, ինչը չստացվեց Ադրբեջանի պատճառով: Այժմ, ըստ Արման Մելիքյանի, երեք նախագահների հայտարարության ռուսերեն տեքստով Ռուսաստանը փորձում է մի փոքր պատժել Ադրբեջանին իր նախաձեռնությունը ձախողելու համար: Մելիքյանը նկատի ունի այն, որ ռուսերեն տեքստում բովանդակությունը որոշակիորեն աննպաստ է Ադրբեջանի համար:
 
Արման Մելիքյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական գործընթացին: Նրա խոսքով, եթե առաջնորդվենք այս օրերին ընթացող աշխարհի առաջնության տրամաբանությամբ, ապա ֆուտբոլային դիվանագիտությունը թերեւս պետք է կրկնվի չորս տարի անց մեկ էլ: Իսկ եթե լուրջ, ապա Արման Մելիքյանը համարում է, որ այն “բարեհաջող վախճանվել է”, եւ Թուրքիան արդեն նոր նախաձեռնություններով է փորձում հանդես գալ միջազգային հանրության առաջ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4