September 18, 2021

Աշխարհում չկա երկիր և ուժ, որ իրավունք ունի զրկել Արցախի ժողովրդին կյանքից. Արցախյան ՀԿ-ներ

Արցախյան ավելի քան 25 հասարակական կազմակերպություններ հայտարարություն-նամակ են տարածել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբամային, Դմիտրի Մեդվեդևին և Նիկոլա Սարկոզիին՝ հայտարարելով, որ աշխարհում չկա երկիր և ուժ, որ իրավունք ունի զրկել Արցախի ժողովրդին կյանքից, արդարությունից և անկախությունից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների` Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարության վերաբերյալ նշում ենք, որ ողջունում ենք միջնորդ երկրների և միջազգային հանրության ջանքերը` խաղաղ կերպով կարգավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Սակայն.

1. Այն իրավիճակում, երբ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև ադրբեջանցի դիվերսիոն խմբերի պարբերական հարձակումները, որոնք ծանր հետևանքների և մարդկային կորուստների են հանգեցնում երկու կողմերի համար,

2. Սպառազինության մրցավազքի և Ադրբեջանի ռազաքաղաքական հիսթերիայի պայմաններում,

3. Երկրում պետական մակարդակի հասնող հակահայկականության, ստի, կեղծիքի և ապատեղեկատվության պայմաններում,

4. Մի իրավիճակում, երբ ԼՂՀ ժողովրդի սահմանադրական իրավունքը պարբերաբար արհամարհվում է միջնորդ երկրների և միջազգային հանրության կողմից,

5. Այն պայմաններում, երբ պատերազմից 16 տարի հետո միջազգային հանրությունն այդպես էլ չտվեց իրակաան ագրեսորի անունը, որի գործողությունները դարձան պատճառ հարյուր հազարավոր մարդկային ճակատագրերի խեղման համար,

6. Երբ ռազմական կոնֆլիկտի պաշտոնական կողմ ճանաչված ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցությունների գործընթացին,
մենք դիմում ենք համանախագահ պետությունների ղեկավարներին և հատուկ ցանկանում ընդգծել հետևյալը.

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը կետ առ կետ պարունակում է բոլոր այն դրույթները, որոնք կան «մադրիդյան սկզբունքներում», որոնք, ինչպես բազմիցս ասել ենք, չեն կարող կյանքի կոչվել: Նմանատիպ փաստաթուղթը հաշվի չի առնում պատմական, իրավական և հետպատերազմյան իրականությունները, և նրա իրականացումը հղի է տարածաշրջանում հերթական լայնածավալ պատերազմի սկսմամբ, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ ոչ միայն Հարավային Կովկասի համար:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Արցախին պարտադրել երկրի համար անընդունելի որոշումներ, պետք է հասկանան, որ կրում են բարոյական և քաղաքական պատասխանատվություն` անխուսափելի պատերազմի, որի նպատակն է Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը:

Իրադարձությունների այդպիսի զարգացումը շարունակությունն է այն Ցեղասպանության, որ կատարեցին թուրքերը 20-րդ դարասկզբին, Կիրովաբադում, Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի և տեղահանության:

ԼՂՀ-ի ժողովրդին ապագայի նկատմամբ իրավունքից զրկելու փորձերը կրկնակի պախարակելի են այն համատեքստում, թե ինչպես են լուծվում Եվրոպայում կամ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները:

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը միշտ ողջունել է ցանկացած խաղարարար նախաձեռնություններ, սակայն մենք իրական և երկարատև խաղաղության կողմնակից ենք, ինչպես նաև ընդգրկուն և բոլոր կողմերին ներկայացնող բանակցությունների կողմնակից:

Մենք հայտնում ենք համանախագահ երկրներին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվստահությունը Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը աճել է մոտ հարյուր անգամ, հաշվի առնելով այն իրավիճակը, որ տիրում է բուն Ադրբեջանում` ազգային փոքրամասնությունների և ռեժիմի դեպ պայքարող էթնիկ ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտում: Մեզ համար ակնհայտ է Ադրբեջանի ղեկավարության հանցագործ նպատակները` ԼՂՀ ժողովրդի հարցում:

Մենք չենք վստահում ոչ մի տեսակի խաղաղապահ զորքերին, քանի որ ժամանակի ընթացքում դասեր քաղել ենք ոչ միայն պատմությունից, այլ նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած դեպքերից: ԼՂՀ զինված ուժերը կարող են ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը:

Ցանկանում ենք հիշեցնել, որ աշխարհում չկա երկիր և ուժ, որ իրավունք ունի զրկել Արցախի ժողովրդին կյանքից, արդարությունից և անկախությունից»:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4