September 22, 2021

Արտակարգ իրավիճակ` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Մոտ մեկ ժամ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու տակ գտնվող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, չնայած ստեղծված արգելքներին, կարողացել են լուր ուղարկել Հայաստան, որ ճեմարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ:

Վերջերս տեղի ունեցած հանդիսության ժամանակ աշակերտներից երկուսը` Անդրանիկ Գևորգյանը և Հայկ Պողոսյանը, շփոթվել են և չեն կարողացել արտասանել հանձնարարված բանաստեղծությունները: Որպես պատիժ` ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը մեկ ամսով տվյալ աշխակերտներին զրկել է մինչ այդ ունեցած իրենց իրավունքներից:

Կառավարչի հետ հանդիպելու ավագ աշակերտների փորձը հարուցել է Հայր Խորենի զայրույթը: Վերջինս մեղադրել է ավելի քան 8 տարի ճեմարանում գտնվող և արդեն ավագ դպրոցում սովորող Անդրանիկին` իր դեմ գործելու և դավադրություն կազմակերպելու մեջ:

Զայրացած հոգևոր հովիվը 20 րոպե է տվել Անդրանիկին ճամպրուկը հավաքելու և Հայաստան վերադառնալու համար: Տեսնելով, որ վերջինս ընդդիմանում է` զանգել է ոստիկանություն: Ոստիկաններն անմիջապես ժամանել են ճեմարան:

Աշակերտները փակել են ոստիկանների և անվտանգության աշխատակիցների ճանապարհը և թույլ չեն տվել Անդրանիկին դուրս բերել դպրոցի տարածքից:

Նշենք, որ ճեմարանում սովորելու և Հնդկաստանում կեցության ապահովման պատասխանատվությունը, ծնողների համաձայնությամբ և ստորագրությամբ, հանձնվում է Մայր Աթոռին, որը պատասխանատու է նաև աշակերտների անվտանգության համար:

Աշակերտներին հունից հանել է ոչ միայն ճեմարանում առկա խիստ ռեժիմը, այլև Հայր Սուրբի վերաբերմունքը իրենց հանդեպ, որն արտահայտվել է նաև եկեղեցում վերջին պատարագի ժամանակ, երբ աշակերտուհիներից Լինետ Սաֆարյանը թուղթը մոռանալու պատճառով չի կարողացել կարդալ ընթերցանության իր բաժինը: Նրա հասցեին եկեղեցում Հայր Խորենի հնչեցրած խոսքերը վիրավորել են չափահաս աղջկան, ինչպես նաև ճեմարանի բոլոր սաներին:

Վերջին տեղեկությամբ` ոստիկանական ևս երկու մեքենա է եկել ճեմարան, իսկ կապի բոլոր միջոցներից արդեն իսկ զրկված աշակերտները հասցրել են այդ մասին տեղեկացնել Կալկաթայի Հայոց եկեղեցու վարչությանը, նախկին կառավարիչ Սոնյա Ջոնին և տեղական թերթերին, ինչպես նաև Հայաստանում գտնվող իրենց ծնողներին:

Աշակերտները վստահեցնում են, որ պայքարելու են իրենց իրավունքների համար և վերջ են տալու ճեմարանում տիրող անօրինականություններին: Այս պահին նրանք զրկվել են կապի բոլոր միջոցներից ու թեև ունեն ոստիկանների գործողությունների լուսանկարներ, սակայն ինտերնետային կապի բացակայության պատճառով դեռևս չեն կարողանում ուղարկել այդ լուսանկարները:

Մայր Աթոռից խոստացան վաղը պարզաբանումներ տալ Կալկաթայում ստեղծված իրավիճակի շուրջ:

Առաջին լուսանկարում` ոստիկանները ճեմարանում

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4