September 18, 2021

ՀԱԿ ներկայացուցիչ. Գնալով սեղմվում է ԼՂ խնդրի շուրջ օղակը, եւ ամեն հերթական հայտարարությունը լինում է նախորդից վատը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ օղակը օր-օրի սեղմվում է, եւ խնդրի շուրջ ստեղծված  իրավիճակը վատից դառնում է վատթար։ Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին Ազգային անվտանգության պետական վարչության պետ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ այդ հարցում մեղադրելով Հայաստանի կողմից իրականացվող «խայտառակ դիվանագիտությանը»։ Նա այս համատեքստում անդրադարձավ հունիսի 26-ին Կանադայում ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից արված հայտարարությանը եւ նկատեց, որ այդ հայտարարությունը միտված է վերջ դնել բանակցային գործընթացից դուրս գալու վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող շանտաժներին։

ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, թե նշված հայտարարության մեջ ներկայացված է ԼՂ խնդրի կարգավորման փիլիսոփայությունը, եւ այդ է պատճառը, որ դրանում առկա չէ «Մադրիդյան սկզբունքներ» արտահայտությունը։ Նա միաժամանակ նշեց, որ հայտարարության մեջ նշված սկզբունքներն այլեւս խմբագրման ենթակա չեն։ Դավիթ Շահնազարյանը անդրադարձավ նաեւ խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի կողմից վկայակոչվող «արգումենտներին»։ Դրանք են՝ Ադրբեջանը, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, իրավունք ունի ուժի կիրառմամբ կամ պատերազմով լուծել խնդիրը, երկրորդ՝ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերն ու դուրս չի գալիս «օկուպացված» տարածքներից, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման մասին խոսք լինել չի կարող, քանի որ հայերն արդեն իսկ կիրառել են այդ սկզբունքը, եւ եթե հարկ լինի կրկին կիրառել, ապա այն պետք է կիրառվի ըստ Ադրբեջանի սահմանադրության։

Մինչդեռ, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, այս «արգումենտները» Ադրբեջանի կողմից  կամայական մեկնաբանություն են։ Իսկ Հայաստանի իշխանությունները, փոխանակ Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչությունը հակափաստարկներով չեզոքացնելու՝ քար լռություն են պահպանում եւ հրճվում։ Այնուամենայնիվ, Դավիթ Շահնազարյանը նշեց, որ ԼՂ խնդիրը շատ մոտ ապագայում չի լուծվի, քանի որ հակամարտող կողմերը, իր համոզմամբ, չեն գնա վերջնական համաձայնության։ Հարցին, թե  կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները, որ նրանք պատրաստ են զիջումների գնալ ԼՂ հացրում, այնքան էլ այդպես չէ, ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց. «Ընդհակառակը, նրանք պատրաստ են զիջել ամեն ինչ, ամեն բան, միայն թե պահպանեն իրենց իշխանությունը։ Իսկ ԼՂ խնդիրը հանգուցալուծվելու է մի վայրկյանում, քանի որ գնալով սեղմվում է խնդրի շուրջ օղակը, եւ ամեն հերթական հայտարարությունը ԼՂ խնդրի վերաբերյալ լինում է նախորդից վատը։ Ընդդիմադիր գործիչը ՀՀ իշխանությունների ներկա  պահվածքը համեմատեց այն մարդու հետ, ով ընկնում է 10-րդ հարկից, սակայն 8-րդ հարկ հասնելիս ասում է՝ դեռ ամեն ինչ կարգին է։

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4