September 18, 2021

Դավիթ Շահնազարյան. Հիլարի Քլինթոնի այցը բեկում չի մտցնի հայ-թուրքական գործընթացում

Հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում որեւէ ակնկալիք լինել չի կարող։ Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը տարածաշրջան կարո՞ղ է բեկում մտցնել ԼՂ-ի ու հայ-թուրքական հարցերում։  «Թուրքիան ստացել է այն ամենը, ինչը ցանկանում էր։ Ինքներդ վերլուծեք Հայաստանի իշխանությունների պահվածքը։ Սկզբում ասում էին,  թե հայ-թուրքական արձանագրությունները շատ լավն են, այժմ ասում են, թե այնտեղ նախապայմաններ կան։ Ուրեմն, եթե շատ լավն են դրանք, ապա դրեք ու վավերացրեք, իսկ եթե վատն են, ապա ետ կանչեք ձեր ստորագրությունը եւ ընդունեք ձեր սխալը։ Բայց այս առկախ վիճակով ամբողջ գործունեության հնարավորությունը թողնել Թուրքիային՝ դա շատ վտանգավոր է»,-նկատեց Շահնազարյանը։ ՀԱԿ ներկայացուցիչը նշեց նաեւ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ-ին դուրս մղեց կարգավորման գործընթացից, ապա Սերժ Սարգսյանն իր ֆուտբոլային դիվանագիտությամբ Թուրքիային բերեց ԼՂ կարգավորման դաշտ։ Քլինթոնի այցի ժամանակ, ըստ Շահնազարյանի, անշուշտ, կքնարկվի հայ-թուրքական գործընթացը, սակայն որեւէ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող։

ՀԱԿ ներկայացուցչի կանխատեսմամբ՝  ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցի ընթացքում քննարկվելիք հիմնական հարցերը կվերաբերեն Իրանին, Աֆղանստանին, ԼՂ-ին եւ ՆԱԲՈՒԿՈ-ին։

Դավիթ Շահնազարյանը նշեց նաեւ, որ դեռեւս հստակ չէ՝ Քլինթոնը կհանդիպի՞ ՀԱԿ ներկայացուցիչներին, թե ոչ։

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4