January 24, 2021

Արկադի Տեր-Թադեւոսյան. Ադրբեջանական դիվերսիայի պատճառը մեր հրամանատարության թույլ տված սխալներն են

Օրեր առաջ Մարտակերտի շրջանում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի պատճառը եղել են մեր հրամանատարական կազմի կողմից թույլ տրված մի շարք սխալները։ Այս մասին հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը։

«Այնտեղ պետք է լինեին պատասխանատու սպաներ, ովքեր ուշի ուշով կվերահսկեին անփորձ զինվորներին։ Կատարվածը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում ուշադրությանը պետք եղածից քիչ է եղել։ Եթե հակառակորդն անցնում է սահմանը եւ զինվորներ սպանում, ապա դա բոլորի անուշադրության հետեւանքն է»,- ընդգծեց Տեր-Թադեւոսյանը՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը միակը չէ եւ նմանտիպ սադրանքներ լինում են անընդհատ, այլ  բան է, որ մենք դրանց երբեմն ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում։  Գեներալ-մայորի տեղեկացմամբ, դեպքի մանրամասների բացահայտման եւ մեղավորներին գտնելու նպատակով Մարտակերտում ներկայումս հետաքննություն է անցկացվում։ «Այժմ այնտեղ հանձնաժողով է աշխատում, որը գնահատականներ կտա կատարվածին եւ կհայտնաբերի մեղավոր հրամանատարներին։ Սակայն որքան էլ գտնեն մեղավոր անձանց, միեւնույնն  է, մարդիկ են զոհվել եւ դա շատ վատ է։ Ես, որպես զինվորական, կցանկանայի, որ հայկական կողմը պատասխան գործողություններ իրականացներ ադրբեջանցիների դեմ»,- նշեց Տեր-Թադեւոսյանը։ Նրա համոզմամբ, Ադրբեջանը դիվերսիոն գործողությունների դիմում է նրա համար, որպեսզի շեշտի, որ իր բանակն ուժեղ է եւ պատրաստ է նախահարձակ լինել։ «Ադրբեջանցիները դա անում են իրենց թուլությունը թաքցնելու համար»,- ամփոփեց Տեր-Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը ԼՂՀ տարածք էր ներխուժել հունիսի 18-ի  գիշերը։ Դիմահար մարտի արդյունքում զոհվել էր 4, վիրավորվել եւս 4 հայ զինծառայող։ Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողել էր ընդամենը մեկ սպանված եւ նահանջել։

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4