December 2, 2020

Ալեքսանդր Քանանյան

Հարցազրույց «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի հետ

Ինչպե՞ս եք գնահատում Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի վերջին հայտարարությունը։

-Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը համարելով հայրենի իշխանություններին՝ չեմ կարող չնշել, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ Արցախյան խնդրի կարգավորմանն առնչվող վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ անձանց քաղաքական անպատասխանատվությունը շարունակում է մնալ համաշխարհային նշանակության նման դիրքի գործիչներին հարիր թույլատրելի սահմանագծից հեռու: Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը քաջ գիտեն (կամ պարտավոր են իմանալ), որ իրենց մատնանշած «կարգավորման սկզբունքների» գեթ մասնակի իրագործումը հավասարազոր է Արցախի հայության ֆիզիկական բնաջնջմանը և ողջ Հայաստանի անվտանգության հիմնասյուների անդառնալի վերացմանը: Ի՛նչ մտադրությամբ և ի՛նչ ենթատեքստով էլ վերահրապարակված լինեն սույն «սկզբունքները», դրանք ակնհայտորեն չեն ծառայում տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու և արյունահեղությունը կանխելու հռչակված նպատակներին: Եթե փորձենք վերլուծել նախագահների’ Արցախին վերաբերող միասնական երկրորդ հայտարարությամբ հանդես գալու նպատակը, ապա այն կա՛մ ԱՄՆ նախագահի’ Հայոց Ցեղասպանությունն այլ անվան ներքո հիշատակելու ամենամյա ավանդույթի պես բան է դառնում, կա՛մ էլ վկայում է, որ նախագահները որոշակիորեն պայմանավորվել են Հայաստանում և հարակից տարածաշրջանում («Հարավային Կովկասում») ազդեցության գոտիների վերաբաշխման վերաբերյալ և նման հայտարարություններով ձգտում են կանխորոշել իրադարձությունների ընթացքը: Չեմ բացառում, որ ներկայիս ստատուս-քվոն հիմնավորապես խարխլելու համար նախագահներից ոմանք պատրաստ են նաև սադրել նոր կարճատև պատերազմ՝ հակամարտությանը միջամտելու և ԼՂՀ-ի սահմանադրական տարածքի տարբեր հատվածներում «խաղաղապահ» գործողություն իրականացնելու համար: Աննպատակ համարելով թափանցել գերտերությունների ղեկավարների՝ մեզ վերաբերող ձևական խաղաղասիրության ծրագրերի խորքային ծալքերի մեջ՝ կամենում եմ ասել, որ Հայաստանը և հայությունը չեն ենթարկվում իրենց ռազմավարական դպրոցների հայեցակարգային ծրագրավորման մեխանիզմների: Հայաստանը շատ անկանխատեսելի երկիր է, և նրանք պետք է երիցս խորապես մտածեն, նախքան այժմյան ստատուս-քվոյի վերջնական խախտման ուղղությամբ սադրանքներ և պատերազմ նյութելը, քանզի արտաքին ուժի կենտրոններից ոչ մեկը չունի բավարար երաշխիք և եռակողմ համապարփակ պայմանավորվածություն, որ իրավիճակը չի զարգանա չնախատեսված ուղղությամբ: Այսպիսի բնույթի խաղերում բոլոր կողմերն էլ իրար «գցելու են»՝ ով ինչպես և երբ կարողանա: Նման անորոշություններով և անկանխատեսելի զարգացումներով հղի տարածաշրջանում ձգտել առաջ մղել անկառավարելի պատերազմով հանգուցալուծվելիք «կարգավորման սկզբունքերը»՝ մեծ անխոհեմությունն է հենց ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիայի ազգային շահերի տեսանկյունից: Հայ ժողովուրդն առաջին անգամը չէ, որ ի չիք է դարձրել և «շուռ է տվել» իրեն պարտադրված այն խաղի հարթակն ու կանոնները, որոնք սկզբից ևեթ կանխորոշում էին մեր գոյության իրավունքի ոտնահարումը: Իսկ եթե նախագահներն իրենց ծրագրերի հաջողության գրավական են համարում Հայաստանի իշխող վերնախավին կամ նույնագաղափար ընդդիմադիր պարագլուխներին, ապա կրկին չարաչար սխալվում են: Կարծում եմ՝ ժամանակն է, որ հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչմամբ զբաղվող ամերիկահայ և ֆրանսահայ շրջանակներն օր առաջ հրապարակային մեղադրանք հարուցեն Բարաք Օբամայի,Նիկոլյա Սարկոզիի և Մեդվեդևի նկատմամբ՝ հայոց նոր ցեղասպանությունը «կարգավորման սկզբունքների» անվան ներքո սադրելու հանցակցության փաստով: «Կարգավորման սկզբունքների» և դրանց կենսագործումից բխելիք նոր ցեղասպանության իրողության միջև ուղիղ պատճառահետևանքային կապ մատնանշելը փաստարկման մեծ ճիգեր չի պահանջում: Նրանք պարտավոր են իրենց քաղաքացիության երկրի նախագահներից պահանջել ՝ հրաժարվել ընթացիկ աշխարհաքաղաքական կասկածելի օգուտներ քաղելու ակնկալիքով թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը սատարելու հանցավոր ոտնձգություններից և ձեռնամուխ լինեն տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանն ու Հայաստանի Հանրապետության՝ ցեղասպանությամբ ոտնահարված իրավունքների համակողմանի վերականգնմանը:

Իսկ այդ հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքի մասի՞ն ինչ կարծիք ունեք։

-Ընդամենը մեկ բառակապակցություն՝ հանցավոր անպատասխանատվություն: Բնականաբար, կհայտնվեն ոմանք, ովքեր սույն խայտառակ արձագանքի մեջ կտեսնեն «ճկուն» դիվանագիտական հնարանք: Բայց «ճկուն» դիվանագիտության դարն առայժմ անցել է, իսկ Է. Նալբանդյանի պես անգաղափար և սնանկ գործչի պարագայում «դիվանագիտություն» բառն անգամ անհարիր է հնչում: Սակայն ես կողմնակից չեմ «Նալբանդյա՛ն, հեռացի՛ր» կարգախոսին, քանզի նա սոսկ կամակատարն է: Կամակատարները նույնպես պատասխանատու են Հայոց պետականության և պատմության դատի առջև, թեև Սոլանայի կողմից Է. Նալբանդյանի «թուշիկից կմճտելու» դրվագը բավարար է, որպեսզի այս անձի հանդեպ մենք գթասրտորեն տրամադրվենք:

Է. Նալբանդյանը, ըստ էության, դրական գնահատեց ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների նախագահների այդ հայտարարությունը։ Այպիսով, կարելի՞ է ասել, թե խնդրի լուծման՝ այդ հայտարարությունում առաջարկված տարբերակը հայկական կողմի համար ընդունելի է։

-Գիտե՞ք՝ որքան դժվար է միևնույն՝ ակներևության մեջ աքսիոմատիկ իրողությունը համանման բառերով անթիվ անգամներ նկարագրել: Ուստի, Ձեր թույլտվությամբ, կմեջբերեմ դեռևս անցյալ տարի «մադրիդյան սկզբունքերի» հրապարակայնացման կապակցությամբ մեր տարածած պաշտոնական հայտարարության եզրափակիչ հատվածը.

 ««Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խումբն արձանագրում է, որ «Մադրիդյան սկզբունքների» բովանդակությունը «դրական» որակող և դրանց կաղապարների գերակայությամբ Արցախյան հիմնախնդիրը «հանգուցալուծելու» պատրաստակամություն հայտնած Սերժ Սարգսյանի վարչախումբը կանգնած է սահմանադրական լեգիտիմության վերջին նշույլները կորցնելու նախաշեմին: ՀՀ նախագահի կամ ԱԳՆ մակարդակով ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիր, որում ամբողջական կամ մասնակի հավանություն կտրվի «Մադրիդյան սկզբունքների» որևէ բաղադրիչին, մասնավորապես՝ տարածքային նվազագույն զիջմանը, «փախստականների վերադարձին», «խաղաղապահ գործողության» իրականացմանը կամ անորոշ ժամանակով հետաձգված «հանրաքվեին», պետք է հանգեցնի Սերժ Սարգսյանի և նրա՝ ի սկզբանե սնանկ վարչախմբի անվերապհ պաշտոնանկությանը»:

Կարծում եմ, որ հայկական կողմի համար «կարգավորման սկզբունքների» «ընդունելի» լինելու վերաբերյալ Ձեր հարցին տրված է սպառիչ բացասական պատասխան:

Եռանախագահների հայտարարության մեջ խոսվում է ոչ թե անվտանգության գոտու, այլ ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված  տարածքների փոխզիջման մասին։ «Արցախի տարածքների փոխզիջում» ասելով՝ Ձեզ համար ընդունելի՞ է այդ տարածքներից որևէ մեկի հանձնումը։

-Արցախի տարածքի որևէ հատվածի հանձնումը մենք պարզապես չենք քննարկում: Նվազագույն իսկ տարածքային զիջումը ոչ միայն հակաիրավական և ինքնին անբարո արարք է, այլև ուղիղ ոտնձգություն՝ Հայաստանի (և վերջինիս անօտարելի մաս կազմող Արցախի) յուրաքանչյուր քաղաքացու կյանքի և մեր իսկ պետության գոյության նկատմամբ: Որևէ փոքրագույն իսկ զիջում միանգամայն կործանելու է մեր հազարավոր քաղաքացիների արյան և մաքառման գնով ստեղծված և ցայսօր մեր անվտանգության միակ իրական երաշխիքը հանդիսացող պաշտպանական համակարգը: Տարածքային զիջումների հնարավորության քննարկումն անգամ ծանրագույն հարված է մեր ազգային անվտանգության առանցքին, և նման տարապայման  ստորոգություններով (կատեգորիաներով) տարված անձինք պետք է միանգամայն և իսպառ դուրս մղվեն հայոց քաղաքական դաշտի լուսանցք:

-Այդ դեպքում, ո՞րն է Ձեզ համար փոխզիջում ասվածը։

-Շատ չծավալվելու համար՝ չէի կամենա խորանալ տարբեր «իրավական փաթեթների»՝ մեզ ընձեռած լայն հնարավությունների նկարագրության մեջ: Կասեմ ընդամենը հետևյալը. Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած ցեղասպանական պատերազմում լիակատար ձախողման շնորհիվ ձևավորվել է այժմյան ստատուս քվոն։ Մեր վերահսկողությունից դուրս մնացել են նախկինում հայաբնակ և պատմաիրավական առումով Հայաստանին պատկանող ընդարձակ տարածքներ: Տեղի է ունեցել հայ և ադրբեջանական բնակչության վերատեղաբաշխում՝ ըստ վերահսկողության գոտիների: Համանման լուծումներ ընդունվել և վավերացվել են միջազգային հանրության կողմից Բոսնիայիում, Խորվաթիայում, Կոսովոյում: Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը և բավարարվի այդ երկրին մեր շնորհած մեծագույն զիջմամբ՝ հրադադարով: Միմիայն Ադրբեջանից է կախված, թե այդ հրադադարը կվերաճի՞ կայուն (որքան կձգվի ռազմաքաղաքական փոխհավասարակշռությունը) խաղաղության, թե կհանգի նոր պատերազմի սանձազերծման, որին, որպես հետևանք, պետք է հաջորդի Գարդմանքի և Դաշտային Ուտիքի մնացած մասի ազատագրումը:

Որպես Քարվաճառի բնակիչ՝ խնդրում եմ փոխանցեք տարածքներ հանձնելու վերավբերյալ այն տրամադրվածությունը, որն առկա է Արցախի բնակիչների շրջանում։

-Արցախի բնակչության ժողովրդական զանգվածները դեռևս չեն հավատում, որ Սերժ Սարգսյանի մտքով կարող է անցնել տարածքներ հանձնելու գաղափարը: Թեև՝ այս առումով մարդկանց տարակուսանքը հետզհետե աճում է: Սակայն պետք է հասկանալ, որ ի տարբերություն, ասենք՝ Ամասիայի բնակիչների, արցախցին և սյունեցին միանգամայն քաջ գիտակցում են այդ տարածքների անմիջական և հիմնարար նշանակությունն իրենց իսկ ընտանիքի ֆիզիկական անվտանգության համար: Այդպիսի դավաճանությունն այստեղ չեն ներելու: Ապրիլին տված մամլո ասուլիսի ժամանակ ես Հայաստանի այժմյան վարչակարգին խնդրել եմ հիշել դաշտային իրողության գործոնի մասին: Նրանցից ոմանք ճանաչում են այդ իրողությունը, և նրանց գիտակցությունը չպետք է մթագնի…

Համաձա՞յն եք, որ «ֆուտբոլային» դիվանագիտությամբ ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացը կտրուկ աշխուժացավ, և այդ դիվանագիտության հետևանքով Թուրքիան այս հարցում ակտիվ դարձավ։

-Ձեր հաստատումը որևէ հավելյալ ապացույցի կարիք չունի: Դուք ըստ ամենայնի իրավացի եք: Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե ներկայիս վարչախումբը հայոց պատմության գիրկն անփառունակաբար անցնելուց առաջ հուսահատորեն ձգտում է «մադրիդյան սկզբունքների», «հայ-թուրքական «ֆուտբոլի», «օտարալեզու դպրոցների» նողկանքով վերջինիս մեջ նախաձեռնողաբար ևս առաջինը լինել:

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4