November 27, 2020

Իրարամերժ հայտարարությունները բացահայտում են ճշմարտությունը

Բեռլինում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Ներկայացնելով իրենց զրույցի մանրամասները Թուքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ` Մերկելն ասել է, որ «ցավոք, երկկողմ հարաբերությունների գործընթացը հետաձգվեց, վերացավ, բայց վստահաբար այդ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ որ ԼՂՀ խնդիրը լուծված կլինի»:

Ցավոք, մամուլն Անգելա Մերկելի խոսքերի այս հատվածին կամա թե ակամա չի անդրադարձել, ինչն ամենակարեւոր հատվածն է: Մնացյալ խնդիրների մասին խոսակցությունն ու հրապարակավ հայտարարությունները նորություն չեն հաղորդում: Հայ-գերմանական երկողմ հարաբերությունների, տնտեսական զարգացումների, վիզաների հեշտացման եւ այլ հարաբերությունների մասին բազմիցս խոսվել ու հայտարարվել է:

Իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ դրա փոխկապակցվածությանը ԼՂՀ խնդրի լուծման հետ, բացի Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններից, ոչ մի երկիր պաշտոնական եւ հրապարակավ այդ թեմայով հանդես չի եկել և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չի պայմանավորել ԼՂՀ խնդրի լուծման հետ, որն արեց Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը, այսինքն` Գերմանիայի կառավարությունից:

Պարզվում է, որ Անգելա Մերկելն այդ մասին նաեւ խոսել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն թե ինչ են խոսել, պարզ չէ, բայց ինչ էլ որ լինի, եթե Սերժ Սարգսյանը համաձայն չլիներ Մերկելի այդ գաղափարին, կարող էր տեղում ճշտում մտցնել եւ հերքել կամ դեմ արտահայտվել Մերկելի այդ կարծիքին:

Երկրորդ խնդիրը վերաբերում է օտարալեզու դպրոցներին: Սերժ Սարգսյանն ասում է, թե խոսքը մի քանի մասնավոր օտարալեզու դպրոցների մասին է:

«Ամենից ավելի լավ ճանապարհը այն է, որ մենք կարողանանք կարճ ժամանակահատվածում բարձրացնել մեր բոլոր դպրոցների մակարդակը, որպեսզի այդ դպրոցներում մեր երեխաները կարողանան ստանալ ժամանակակից մրցունակ գիտելիք: Բայց դրա հետ զուգահեռ մենք ինչո՞ւ պիտի բացառենք միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի մասնավոր դպրոցների առկայությունը»,- մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը Բեռլինում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` ներկայացուցիչների կողմից տրված հարցին ի պատասխան:

Ըստ Սերժ Սարգսյանի` խոսքը մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որտեղ մի քանի առարկաների ուսուցումը, ինչպիսիք են հայոց պատմությունը, կրոնի պատմությունը եւ այլն, պարտադիր է լինելու ՀՀ քաղաքացու համար:

«Բայց եթե այդ դպրոցներում ուսանեն Ռուսաստանի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի քաղաքացիներ, արդյո՞ք մենք կարող ենք նրանց պարտադրել, որպեսզի նրանք անցնեն, ենթադրենք, ֆիզիկան, քիմիան հայերենով: Դա անհնարին մի բան է, չէ՞: Երևանում գործում է Ամերիկյան համալսարանը, որտեղ ուսուցումն անգլերեն է, գործում է Հայ-ռուսական համալասարանը, որտեղ ուսուցումը ռուսերեն է, որից Հայաստանին որևէ վնաս չի հասցվել: Խոսքը, նորից եմ ասում, մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որոնց պետական բյուջեից մեկ դրամ էլ չենք հատկացնելու»,- մեկնաբանել է Սերժ Սարգսյանը:

Նախ, ՀՀ նախագահը խոսում է «միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցների» մասին, այսինքն` դպրոցներ, որտեղ անկախ ազգությունից ուսում կստանա «միջազգային չափանիշներին համապատասխան», իսկ մնացած դպրոցների «մակարդակը բարձրացնել», որպեսզի մեր երեխաները կարողանան ստանալ ժամանակակից մրցունակ գիտելիք: Հարց է առաջանում, թե ի՞նչ է «միջազգային չափանիշներին համապատասխան» ուսումը, եւ ինչո՞վ է այն տարբերվում հայկական դպրոցների «մակարդակի բարձրացումից` ժամանակակից ուսում ստանալուց»:

Արդյո՞ք «ժամանակակից» ասելով նկատի չունեն «միջազգային չափանիշները»: Եթե դա նկատի չունեն, ապա ի՞նչ են հասկանում «ժամանակակից» ասելով, երևանյան ժամանակո՞վ է դա չափորոշվում:

Հին մի ասացվածք կա. «Չգիտես մոլլայի մորուքին հավատաս, թե աքլորի պոչին»: Ըստ ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանի` խոսքը Հայաստանի դպրոցների 2 տոկոսի մասին է, այսինքն` 15 դպրոց, որոնցից 8-ը` Երևանում, իսկ 7-ը` շրջաններում, կանցնեն օտարալեզու ուսուցման կամ, ինչպես իրենք են ասում, «կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»: Չնայած հետո որոշվեց, որ ոչ թե 8/7, այլ 9 դպրոց Երեւանում, 2` շրջաններում, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:

Սերժ Սարգսյանն ասում է` մի քանի մասնավոր դպրոցի մասին է խոսքը, նրա կառավարության նախարար՝ Արմեն Աշոտյանն այդ «մի քանի դպրոցը» համարում է 8-ը Երեւանի, 7-ը` շրջանների, կամ ինչպես հետո որոշեցին՝ 9-ը` Երեւանի, 2-ը` շրջանների աշխատող դպրոցները: Փաստորեն, ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանում այնքան գերմանացի, ռուս եւ այլ երկրների  աշխակերտություն կա, որ Հայաստանի 15, կամ 11 աշխատող դպրոցները հազիվ կբավարարեն այդ պահանջարկը:

Այդ ո՞ր շրջաններն են, որ գերմանացի, ռուս եւ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցջությունների երեխաները պետք է ժամանեն իրենց մայրենի լեզվով ուսուցում ստանալու: Երեւանում ինչքա՞ն օտարալեզու երեխաներ կան, որ 9-ը դպրոց պետք է հատկացվի նրանց:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ Հայաստանը կրթությանը հատկացնում էր Հայաստանի ՀՆԱ–ի մեկ տոկոսը: Այսօր արդեն, 2010 թ. բյուջեով, կրթության ծախսերը մոտենում են 4 տոկոսի: «Սա մի քիչ ավելի է, քան մենք հատկացնում ենք մեր բանակին…»: Ինչքան շատ են խոսում, այնքան պարզ է դառնում ամեն ինչը: 2005 թ. Տվյալներով` Հայաստանի պաշտպանության բյուջեն կազմել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,6 տոկոսը, իսկ եթե հինգ տարի անց, այսինքն 2010 թ. Հայաստանի պաշտպանության բյուջեն «մի քիչ ցածր է ԿԳ տրամադրվող տոկոսից», էլ ի՞նչ խոսք այն մասին, թե մեր բանակը այսօր ավելին է պատրաստված քան երբեւե:

Վերոհնշյալ հակասական հայտարարությունները վկայում են այն մասին, որ մեր իշխանավորները, կամ մեկ մյուսից լուր չունեն կամ էլ փորձում են մեկ մյուսի արարքը արդարացնել: Հայաստանի նախագահը Բեռլինում ուղղակի փորձեց խնդիրը այլ կերպ ներկայացնել՝ ժողովրդին հանգստացնելու համար, ինչպես դա անում էր «Ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի կողմից բացահայտ նախապայմանները՝ առանց նախապայմանների հարաբերություն ներկայացնել:

Երվանդ Խոսրովյան

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4