November 27, 2020

Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը աջակցելու ղարաբաղյան հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով նախօրեին Կանադայում՝ «Մեծ Ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների տարածած հայտարարությունը:

«Կարեւոր է, որ Կանադայում «Մեծ Ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը, հղում կատարելով 2009 թ. հուլիսի 10 ի  Լ’Աքվիլայի հայտարարությանը կից դրույթներին,  կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ:  Դրանք են.  Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ եւ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ»,- նշել է Նալբանդյանը:

Ըստ նախարարի՝ հայտարարության մեջ հիշատակված մադրիդյան առաջարկությունների տարրերը եւս մեկ անգամ հիշեցնում են  Լ’Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակված դրույթները: «Իսկ Հայաստանը դեռ երկու տարի առաջ հայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:

Համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարեւոր քայլ, եւս մեկ հանգրվան է գրանցվել, հատկապես ուղիղ10 օր առաջ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա»,- է Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու հավելել. «Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք  Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»:

Նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին կոչ էին արել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին արագացնել աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների վրա՝ ձեռնամուխ լինելու Խաղաղ համաձայնագրի կնքմանը:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4