November 27, 2020

Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին և Դմիտրի Մեդվեդևը Կանադայի Հանթսվիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում տարածել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն: ԱՄՆ սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված տեքստը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներս, վերահաստատում ենք մեր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները վերջնականացնելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ջանքերին։

Մենք որպես նշանակալի քայլ ենք դիտարկում և ողջունում ենք փաստը, որ երկու կողմերն էլ ընդունում են, որ տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա և այն տարրերի վրա, որոնք մենք առաջարկել ենք 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայի գագաթնաժողովում արած մեր հայտարարության առնչությամբ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղին հարակից զբաղեցված տարածքների վերադարձ, անվտանգություն և ինքնիշխանություն նախատեսող Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, հետագայում Լեռնային Ղարաբաղի վերջանական կարգավիճակի որոշում իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունք, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ՝ ներառյալ խաղաղապահ գործողություն:

Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է հաջորդ քայլն անեն և ավարտին հասցնեն Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը, ինչը թույլ կտա սկսել խաղաղության համաձայնագրի մշակումը: Մենք մեր նախարարներին և համանախագահներին հանձնարարում ենք ինտենսիվորեն աջակցել երկու կողմերին՝ տարաձայնությունները հաղթահարելու և Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ նախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակում նախատեսված համատեղ հանդիպմանը նախապատրաստվելու համար»:

ԵԱՀԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վերոնշյալ համաժողովը նախատեսված է հուլիսի 16-17-ը Ալմաթիի ալ Բուլաք կուրորտային գոտում։ Հավաքին մասնակցելու են ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4