October 25, 2021

Նախախորհրդարանն ամեն կերպ աջակցելու է «Դ!ԵՄ ԵՄ»–ին

Նախախորհրդարանը հայտարարություն տարածել «Դ!ԵՄ ԵՄ»  նախաձեռնությանն ուղղված ՀՀ դատախազության սպառնալիքների վերաբերյալ, որում նշվում է, որ Նախախորհրդարանն ամեն կերպ աջակցելու է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը և բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ է անում միանալ նրա նախաձեռնած դիմադրությանն ու պայքարել այնքան, մինչև վարչախումբը ստիպված կլինի տեղի տալ։

Հայտարարությունում ասվում է հետևյալը.

 

«Հայ ժողովրդի իշխանությունը բռնությամբ, կեղծիքով ու խաբեությամբ յուրացրած հանցավոր վարչախումբը, բախվելով դիմադրության նորանոր օջախների առաջացման և դրանցում երկրի տեր քաղաքացիների ծննդի, հասունացման ու համախմբման բնականոն և անկասելի գործընթացին, խուճապի է մատնվել:

 

Այդ խուճապը նրան հերթական անգամ դրդում է բացահայտ ու ցինիկ կերպով անտեսել Սահմանադրության, միջազգային իրավունքի և ազգային օրենքների պահանջներն ու հանդես գալ իր իրական դեմքով և գործել «թնդանոթները թագավորի վերջին փաստարկն են» սկզբունքով:

 

Այս անգամ խուճապի պատճառը աննախադեպ թափ, ծավալ ու կազմակերպվածություն դրսևորած «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության գրագետ, ակտիվ և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ տոգորված գործողություններն են:

 

Վարչախմբի անունից «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներին բնական իրավունքից բխող սահմանադրական և միջազգային-իրավական հանրաճանաչ նորմերով երաշխավորված քաղաքացիական անհնազանդության գործողությունների համար քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ դատախազությունը:

 

Խորհրդային ամբողջատիրական պատժիչ համակարգի հոգեզավակներից բաղկացած ՀՀ դատախազության կազմը սովորության համաձայն գործում է ըստ վարչախմբի պարագլխի հրահանգների և ի վիճակի չէ տեսնելու իրավիճակի արմատական ու անդառնալի փոփոխությունների ընթացքը և դրա հետևանքները:

 

Նրանք ի վիճակի չեն հասկանալու, որ մինչ օրս ցանկալի արդյունք ապահոված սպառնալիքի ու բռնության լեզուն «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ու հետզհետե ծավալվող դիմադրության այլ օջախներում ծնվող իրավատեր քաղաքացիների պարագայում արդյունավետ չէ:

 

Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ ամեն կերպ աջակցելու է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը և բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ է անում միանալ նրա նախաձեռնած դիմադրությանն ու պայքարել այնքան ժամանակ, մինչև վարչախումբը ստիպված կլինի ընկրկել քաղաքացու առաջ և ընդունել իր պարտությունը»:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4