October 4, 2022

ՀԵՐԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Տիգրան Խզմալյան. Կինոռեժիսոր, բանասիրական գիտությունների թեկնածու

Տիգրան, ե՞րբ է հասարակության մեջ հայտնվում անզորության, անելանելիության զգացումը: Ի՞նչ եք կարծում, դա քաղաքական գործիչների անգործունակությունի՞ց է, քաղաքական հայացքների ոչ ռացիոնալ լինելո՞ւց, թե պատճառը բոլորովին այլ տեղ է:

Իհարկե չարժե ընդհանրացնել, որովհետև կան մարդիկ, ովքեր բոլորովին չեն տառապել անզորությամբ կամ անհուսությամբ, բայց այն, որ հասարակության զգալի զանգվածը ապրում է հենց այդպես, ինչպես նկարագրեցիք, և անհուսությունից հայկական  ճանապարհ  են փնտրում, որը հիմնականում տանում է օտար ամայի ճամփեք, դա փաստ է: Պատճառն էլ բոլորս գիտենք: Չին փիլիսոփա Լաու Ցզին ասում էր, որ եթե ճանաչում ես քեզ, ճանաչում ես բոլոր մարդկանց, եթե ճանաչում ես քո ընտանիքը, ճանաչում ես բոլոր ընտանիքները, ճանաչում ես քո քաղաքը, ճանաչում ես բոլոր քաղաքները: Ընդհանրապես, մեր երկիրը, ազգը ստեղծված են ընտանեկան գաղափարով, որովհետև պետականությունը մեզ համար դեռևս թարմ ու անսովոր իրավիճակ է, վերապրել ենք մենք դարեր ու հազարամյակներ շարունակ որպես ընտանիք պաշտող ազգ, որը ընտանիքի շուրջն է կառուցված, և բնականաբար այդ գաղափարը տարածվել է նաև պետության, պետականության վրա: Մենք երկար ժամանակ որբ էինք, օտար տան ընտանիքներում, գիշերօթիկ որբանոց էինք ապրում:

Հիմա գուցե ընտանիքի անդամներն իրար չե՞ն հարմարվում:

Ընտանիքում ի՞նչն է կարևոր` սերը, վստահությունը, համերաշխությունը, այնինչ երկրում չկա ո’չ մեկը, ո’չ էլ մյուսը: Նիցշեն ասում էր` պետության և ժողովրդի հարաբերություններում  պետությունը տղամարդ է, իսկ ժողովուրդը, հասարակությունը` կին: Մենք ապրեցինք այս տարիները ինչպես բռնաբարված մի կին, այսինքն` ի՞նչ սիրո, ի՞նչ հարսանիքի, ի՞նչի մասին է խոսքը, ազգը բռնաբարված է, իսկ այնտեղ, որտեղ կա բռնություն` առանց ապաշխարանքի, չի կարող լինել ոչ վստահություն, ոչ փոխվստահություն, ոչ համերաշխություն: Այսինքն` ընտանիք չի ստացվում, երեխաներ չեն ծնվում կամ ծնվում են հրեշներ` բռնությամբ բեղմնավորված: Սա է ծնում այն եզակի, գորշ ու գարշահոտ մթնոլորտը, որը գնալով տարածվում է:  Բնականաբար ճահճում էլ կարելի է ապրել և ապրում են, բայց ինքներդ գիտեք` ովքեր են ապրում ճահճում: Մարդիկ, ովքեր չեն համաձայնվում ապրել ճահճում, պետք է ինչ-որ բան փոխեն ու փորձում են դա անել, և վերջիվերջո կանեն:

Մեր քաղաքական գործիչները մեկ անգամ չէ, որ փաստում են` հնարավոր չէ զարգացած պետություն կառուցել, քանի դեռ լուծված չեմ արտաքին քաղաքական կարևոր խնդիրները:

Կարծում եմ` ճիշտ հակառակը. դա խաբկանք է, այդ ասողներն անգամ պատմություն դպրոցում չեն անցել, այդ ժամանակ, երբ դպրոցում պատմություն էին սովորեցնում, իրենք «էշ միլիցա» էին խաղում, և մինչև հիմա էլ խաղում են այդ խաղը: Արտաքին խնդիրը իշխանությունները (ոչ միայն այս, այլ նաև նախորդները) օգտագործում են իբրև խաբկանք` չլուծելու ներքին խնդիրները: Ներքին խնդիրները իրենք և չեն ուզում, և չեն կարող լուծել, որովհետև իրենց հարստությունը, իշխանությունը հիմնված է հենց այդ խնդիրները չլուծելու պայմանով, և բացարձակապես միայն այս միջոցով են իրենք պահպանում իշխանությունը և հարստությունը: Մեր ընդհանուր պատմությունը հուշում է, որ իրական համերաշխության պոռթկումը մարմնավորվեց արցախյան հերոսամարտում, իրականում հենց ծանրագույն արտաքին մարտահրավերների պայմաններում էին ներքին հարցերը լուծվում, ժողովուրդն ինքն էր գտնում այդ լուծումները: Հաղթանակը և խաղաղությունը չափացազանց բարդ գայթակղություն հանդիսացան, և երիտասարդ պետությունը, որը կարողացավ իր ուժերը մոբիլիզացնել հաղթելու համար, չդիմացավ այդ գայթակղություններին, և խաղաղության տարիներին մենք նեխեցինք, պետությունն այլևս չզարգացավ: Զարգանում էր պատերազմի շրջանում, այդ ժամանակ զարգանում էր ժողովրդավարությունը, այսինքն` մեծամասնության իշխանությունն իրականանում էր հենց պատերազմի տարիներին, մեծամասնության ցանկությունն էր ազգային ազատագրական պայքարը, մեծամասնության ցանկությունն էր հաղթել պատերազմում: Ստեղծեցինք ժողովրդավարական պետություն, որը տևեց մոտավորապես մինչև 1994-5թթ.: Հետո իշխանությունը անցավ  փոքրամասնությանը, որի ձեռքում առ այսօր մնում է:

Անգամ այս ճգնաժամային իրավիճակում թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որոնք ղրղզական սցենարը չի զարգանա մեզանում: Դուք ի՞նչ եք կարծում` ապստամությունը հնարավո՞ր է:

Ապստամբությունը ցանկացած ժողովրդի սրբազան, սրբագույն իրավունքն է: Որոշ երկրներում, ինչպես օրինակ Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ այս իրավունքն ամրագրված է այն դեպքում, եթե սպառնալիք է առաջանում ժողովրդի ազատությունների  և անկախության հետ կապված: Հեղափոխությունը քիմիական գործընթաց է, որի դեպքում բաղադրիչները մի քանիսն են և բավական բարդ, ներքին և արտաքին բաղադրիչների մի կոմբինացիա պետք է լինի, որ դա իրականանա: Այս պահին ես ուղղակի ուշադրությունը կդարձնեմ արտաքին բաղադրիչներին: Մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահը բավական հետաքրքիր հայտարություն արեց, որը երևի նկատեցին, բայց գերադասեցին չնկատել: Դա բավական դաժան ակնարկ էր: Նա ասաց, որ ԱՊՀ տարածքում կան երկրներ, որտեղ ղրղզական սցենարն իրականանալու է, որովհետև իշխանություններն այնքան են օտարացել ժողովրդից, այնքան են հակադրվել հասարակությանը և իրականացնում են այնպիսի հակաժողովրդական և ապազգային քաղաքականություն, կողոպուտ, թալան, որ բոլորովին զարմանալի չէ, որ այնտեղ դա տեղի ունենա: Այս թափանցիկ ակնարկը հասկացրեց, որ Ղրղզստանից հետո հերթում նախևառաջ Հայաստանն է: Թեեւ կարծում եմ, որ դա Հայաստանի համար ողբերգություն կլինի: Իրականում ղրղզական ողբերգությունը նրանում էր, որ այնտեղ հեղափոխություն տեղի չունեցավ, այնտեղ տեղի ունեցավ հերթական տեղափոխությունը, և վտանգը մեզանում նույնպես նրանում է, որ կլինի հերթական տեղափոխությունը: Մեր պաշտոնական ընդդիմությունը կամ գոնե դրա ղեկավար մարմինները ցանկանում են տեղափոխություն:

Այս ճգնաժամային վիճակը ինչպե՞ս կարելի է, ի՞նչ միջոցներով կարելի է հաղթահարել:

Ոչ թե պետք է մտածել` ինչ միջոցներով հաղթահարել, այլ ինչն է ցանկացած հեղափոխության իրական նպատակը, այլ ոչ թե տեղափոխության, ոչ թե ուղղակի ապստամբություն: Նպատակն է սոցիալական արդարությունը, իշխանությունը վերադարձնել մեծամասնությանը (ես ի նկատի չունեմ ոչխարիների հոտին, այլ քաղաքացիական հասարակության մեծամասնությանը, աշխատավոր ժողովրդին), և այդ աշխատավոր ժողովուրդն է, որ ստեղծում է բոլոր բարիքները, որը թալանել են և կշարունակեն թալանել մարդիկ, ովքեր թալանել են այնքան գումար, որքան կազմում է Հայաստանի արտաքին պարտքը: Ելքը պարզ է. պարտքը պետք է վերադարձնի նա, ով  գումարը գրպանել է:

Ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ միջոցներով:

Դա արդեն մարտավարություն է: Միջոցները ավանդական են, որովհետև որևէ նոր բան չկա, եթե չի գործում օրենքը, որը կգործի մեր հաղթանակից հետո, որտեղ չի գործում ընտրության մեխանիզմը, որը կգործի մեր հեղափոխությունից հետո: Ինչպե՞ս հասնել հաղթանակի, դա կարող է մի քանի ձևով լինել` անհնազանդության, քաղաքացիական ինքնակարզմակերպման և այլ միջոցներով: Օրինակ, Լեհաստանն ընդունեց արհմիությունների տարբերակը, կարծում եմ մենք կգնանք այդ ուղիով: Ժողովուրդը կգտնի գոյամարտելու ձևեր, նա միշտ գտել է: Պարզապես մի քիչ համբերություն է պետք. համբերությունը քաղաքական կատեգորիա է: Երեխան ինն ամիս է համբերում, մինչև ծնվում է, երկիրն ու երկինքը միանգամից չերկնեցին:

Համբերության կո՞չ եք անում:

Չէ’, ինքս ինձ եմ համբերության կոչ անում, որովհետև շատ անհամբեր մարդ եմ: Ժողովուրդը բավական համբերել է երևի այն պատճառով, որ Սասունցի Դավթի համբերության բաժակը գողացել են, և այդ պատճառով մեր համբերության բալանսը խախտվել էր: Ես այսօր կոչ չեմ անում համբերության, ուղղակի ասում եմ, որ երեխան արդեն գոյություն ունի և մեծանում է: Մեր էպոսը նույնպես որոշ ժամանակ տվեց խենթ Դավթին մեծանալու, որը հետո եկավ հարվածեց Մսրա Մելիքին:

Բայց դա ընդամենը էպոս է:

Էպոսը իրականում ոչ թե անցյալն է, այլ ապագան: Եթե ուզում եք հասկանալ` ինչ է կատարվում Հայաստանում, կարդացեք էպոս: Ցանկացած երկրի էպիկական պատմությունն ասում է ամեն ինչ այդ երկրի անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Այսինքն` Մսրա Մելիքն արդեն կիսված է, մնում է մի հատ թափահարենք, և երկու մասի կբաժանվի: Սա լավատեսության կամ կեղծ ցնորք չէ, մնում է միայն թափահարենք:

Ինչո՞ւ չենք թափահարում:

Որովհետև էպոսում, բացի Դավթից ու Մհերներից, կան նաև Ցռան Վերգոներ: Այսօր Ձենով Օհանները և Ցռան Վերգոները մեր մոտ շատացել են, ձայնը գցել են և շատացրել նաև մնացած բաները, ինչը հատուկ է ցռան վերգոներին, այդ պատճառով էջը մի փոքր ծանրացել է, բայց կշտկենք անխուսափելիորեն, մենք դա կտեսնենք, ոչ թե կտեսնենք,  մենք դա կանենք:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4