January 28, 2022

«Հայաստանը կատարում է գնդակի դեր»

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունները, այդ թվում ֆուտբոլային դիվանագիտությունը, պարտադրված է: «Եւ այդ պարտադրված գործընթացում Հայաստանը կատարում է գնդակի դեր: Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանին ասել են` դու մոռանում ես ցեղասպանությունը, բացում ես Թուրքիայի հետ սահմանը, Թուրքիան նույնպես բացում է սահմանը, դուք առաջնորդվում եք Մադրիդյան սկզբունքներով, դու հանձնում ես ԼՂ շրջակա 5 տարածքները, խաղաղապահ ուժերը մտնում են տարածաշրջան եւ դրանից հետո տեղի է ունենում հանրաքվե»,- «Ա1+»-ին ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ թե ԼՂ հարցում, եւ թե հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը տալիս է կոնկրետ բաներ եւ ստանում է ոչինչ:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ՀՀ ԱԺ-ում առկախելու որոշմանը Վաղարշակ Հարությունյանը մեկ բացատրություն ունի. «Թուրքիան ստանալով ամեն ինչ` այսօր ԼՂ հարցում ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա: Մադրիդյան սկզբունքները խաբեբայություն են: Այնպես, որ չարժե քննարկել` կողմ ենք «ստատուս քվոյի» պահպանմանը, թե՞ ոչ: Պատասխանը պարզ է»:

Պաշտպանության նախկին նախարարը այսօր հիշեցրեց, որ 1994թ. զինադադարի կնքման ժամանակ/ որին անձամբ մասնակցել է/ Թուրքիան եւ Ադրբեջանը հայկական կողմին խնդրում էին ազատել ազատագրված տարածքները. «Ղարաբաղի մասին խոսք չկար: Նրանք հասկանում էին, որ Ղարաբաղը իրենք կորցրել են: 1999թ., երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը համաձայնեց Մեղրիի տարբերակին, նա Ադրբեջանում բացատրում էր, որ իրենք Ղարաբաղը կորցրել են, եւ դրա դիմաց գոնե ստանան Մեղրին: Հետագա բանակցային գործընթացում մենք զիջեցինք Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտի եւ Մարտունիի այն տարածքները, որոնք այսօր գրավված են Ադրբեջանի կողմից: Այսօր չեն խոսում Ադրբեջանից փախած կես միլիոն հայերի մասին, չեն խոսում բուն հայկական տարածքների` Արծվաշենի մասին: ԼՂ հարցում ի՞նչ զիջում կա, որ հայկական կողմը դեռ չի կատարել: Մի զիջում կա` Ղարաբաղն էլ հանձնել եւ վերջ»:

Վաղարշակ Հարությունյանը գտնում է, որ ԼՂ հարցում «ստատուս քվոն» այլընտրանք չունի եւ դա հիմնավորում է. «Ես խոսում եմ ոչ թե 7, այլ 5 շրջանի մասին: Պատերազմի ժամանակ, երբ մենք պլանավորում էինք ինչ տարածքներ եւ դիրքեր ազատագրել, մենք հաշվարկում էինք: Նպատակը մեկն է, որպեսզի ադրբեջանական միջոցները չկարողանային հասնել Ստեփանակերտ, եւ շփման գիծը լիներ օպտիմալ: Եթե դուք այսօր նայեք հայ-ադրբեջանական շփման գծին, ապա կտեսնեք, որ այդ գիծը հնարավորինս առավելություններ է ապահովում հայկական կողմին` այն 25 կմ հեռավորության վրա է»:

Գեներալը-լեյտենանտը «Ա1+»-ի հետ զրույցում նաեւ ընդգծեց, որ 5 տարածքները հանձնելու դեպքում Մարտունիի, Մարտակերտի, Ստեփանակերտի հեռավորությունը շփման գծից դառնում է 5-10 կմ. «Մենք կորցնում ենք այն ճանապարհները, որոնք ապահվում են զորքերի արագ տեղաշարժը, մենք կորցնում ենք Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ապահովող կապը, որտեղ մեծ ներդրումներ ենք արել: Եթե մենք հանձնենք 5 շրջանները, որի արդյունքում շփման գիծն առնվազն 2 անգամ կփոքրանա, դա նշանակում է, որ մենք պետք է 2 անգամ ավելացնենք զորակոչը, կրկնապատկենք բանակի բյուջեն: Այդ ամենը բերում է ռազմական բալանսի խախտման` հօգուտ Ադրբեջանի»:

Եթե այսօր Ադրբեջանը չի համարձակվում ԼՂ հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով, պարոն Հարությունյանը վստահ է, որ 5 տարածքները հանձնելու դեպքում, Ադրբեջանը որեւէ խնդիր չի ունենա հարցը լուծել ռազմական ճանապարհով` 2 անգամ թուլացած հայկական կողմի հետ:

Սահմանի բացումն առաջին հերթին անհրաժեշտ է Թուրքիային` իր լիդերությունը տարածաշրջանում հաստատելու համար: «Եթե մենք նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ առեւտրի 95 տոկոսը կատարվում է Ստամբուլի հետ եւ ամենակարճ ու էժան ճանապարհը երկաթգծով է` Բաթումից-Ստամբուլ: Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հիմնավորումը ո՞րն է: Իշխանությունները մինչ օրս չեն տվել այդ հարցի պատասխանը»,- նկատեց գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4