
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Քեոսթենճեի 6-րդ համագումարում ՍԴՀԿ-ն որոշում ընդունեց հայ ժողովրդի դեմ գործած բազմաթիվ ոճիրների և ցեղասպանություն ծրագրելու համար մահվան դատապարտել Օսմանյան Թուրքիայի երիտթուրք ղեկավարներին` Թալեաթին, Ջեմալին և Էնվերին: Մահապատժի իրականացումն իր վրա վերցրեց ՍԴՀԿ Թուրքիայի Գործադիր Հանձնախմբի ատենապետ Փարամազը (Մաթևոս Սարգսյան): Երիտթուրքական գաղտնի ծառայության գործակալներից մեկը, սակայն, մատնեց անձնազոհ հայորդիներին, և Պոլսում գտնվող Հնչակյան Քսան Ղեկավարները ձերբակալվեցին ու 1915 թ-ի հունիսի 15-ին Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ» հրապարակում կախաղան բարձրացվեցին:
Այս տարի Հնչակյան Հերոսների մահվան 95-րդ տարելիցն է:
Այդ կապակցությամբ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը կազմակերպել է հիշատակի հետևյալ միջոցառումները:
Երկուշաբթի` հունիսի 14-ին, երեկոյան ժամը 21:00-ին, Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ տեղի կունենա մոմավառության արարողություն, որին կհետևի դասախոսություն:
Երեքշաբթի` հունիսի 15-ին` ժամը 13:00-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Քսաններ-քաղաքական դասեր» թեմայով կլոր սեղան-քննարկում: Բանախոսներ` Մանուել Ադամեան ( Լոնդոն), Գրիգոր Ջանիկյան (գրող-հրապարակախոս), Մանուկ Ստեփանյան( պատմական գիտությունների թեկնածու):
Երեքշաբթի` հունիսի 15-ին, ժամը 16 :00-ին, Ծիծեռնակաբերդում Հնչակյան «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամները, հյուրերն ու բանախոսները Ի Հիշատակ Քսան Կախաղանների, կտնկեն եղևնի:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվան
lragir.am
photo by wikipedia.org
Leave a Reply