October 4, 2022

Արդարությունն է ծնում խաղաղություն Ցեղասպանության 95-ամյակի առթիվ.

Այս տարի աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության զոհ դարձած  բյուրավոր նահատակների 95-ամյակն ու մեկ անգամ եւս ամբողջ աշխարհին հիշեցնում, որ մարդկության դեմ կատարված այս ոճրագործությունը պետք է ամենուրեք դատապարտվի եւ հանցավորները պետք է հատուցեն իրենց ոճրագործությունների համար:

1915 թ. ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի արյունով գրվեց 20-րդ դարի առաջին էջերը:  95 տարի անց, 21-րդ դարի մարդկությունը դեռ չի կարողացել իր քաղաքակրթությունն ամբողջությամբ  ապացուցել՝ դատապարտելով անմարդկային այդ ոճրագործությունը: Հայ ժողովուրդը, 21-րդ դարի սկզբին, դեռ ստիպված է այդ ծանր բեռն իր ուսերին կրել՝ պայքարելով եւ հույս ունենալով, որ, ի վերջո, արդարությունը հաղթելու է:

Օսմանյան թուրքերը, բռնագրավելով հայ ժողովրդի պատմական հայրենիքը հանդիսացող Հայաստանի մեծագույն մասը՝ կոտորեցին 1.5 միլիոն հայերի, բռնագաղթի ենթարկեցին սպանդից մազապուրծ եղածներին եւ թալանեցին հայերի ողջ հարստությունը: Մարդկությանը փրկած Արարատ լեռը դարձավ մարդկության դեմ կատարվող ամենասարսափելի ոճրագործության վկան եւ նրա սուրբ անունն անգամ աղավաղվեց եւ կոչվեց «Աղրիդաղ»:  Օսմանյան Թուրքիայի պատմական եւ իրավական ժառանգները ցայսօր հերքում են իրենց նախնիների հանցագործությունն ու շարունակում են մնալ նույն գաղափարների տերը: Նրանք 95 տարի հետո նույն քաղաքականությամբ ու հոգեբանությամբ սպառնում են, որ Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիներին կարտաքսեն:

Թուրքիան ձգտում է աշխարհին ցույց տալ, թե բոլոր հարեւանների հետ ցանկանում է ունենալ նորմալ եւ բարիդրացիական հարաբերություններ, սակայն, միեւնույն ժամանակ, շրջափակման է ենթարկում ՀՀ-ը:

Վերջին երկու տարիների ընթացքում, Թուրքիան, օգտվելով Հայ-թուրքական «հարաբերությունների» գործընթացից՝ փորձեց մեր ժողովրդի մեջ առաջացնել անհամաձայնություն, ձգտեց խախտել Ցեղասպանության հարցի նկատմամբ այն միասնականությունը,  որը գոյություն է ունեցել միշտ: Թուրքիան հանդգնում է հորդորել Հայաստանի իշխանություններին ազդելու Սփյուռքի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղած իր գործունեությունը: Չարաբաստիկ «արձանագրությունների»  «պատմաբանների հանձնախումբը», Թուրքիայի համար, ուրիշ նպատակ չի հետապնդում, քան վերոնշյալ երազանքների իրականություն դարձնելը:

Այսօր հայությունն իր պահանջատիրական պայքաում այլեւս միայնակ չէ, մեզ հետ են աշխարհի առաջադեմ ողջ մարդկությունը, մեզ հետ ձայնակից են նաեւ թուրք մտավորականության ու գիտնականների, թեեւ փոքրաթիվ, բայց հանդուգն մի խումբ, ովքեր անտեսելով թուրքակական ֆաշիստական ռեժիմի սպառնալիքները՝ պահանջում են Ցեղասպանության ճանաչում եւ արդարության վերականգնում:

Նրանք ովքեր մեզ հորդորում են, որ մոռանանք անցյալը եւ նայենք դեպի ապագա, անտեսում են, որ մոռանալ անցյալը նշանակում է չտեսնել ներկան, իսկ ներկան չտեսնել՝ նշանակում է չունենալ ապագա: Պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր ժողովուրդ մոռանալով իր անցյալը չի կարող կերտել երաշխավորված ապագա թե’ որպես ժողովուրդ եւ թե’ որպես պետություն: Ցեղասպանությունը ոչ թե անցյալի պատմություն է, կատարված եւ վերջացած, այլ ունի հիմնական ներկայություն այսօրվա մեր քաղաքական ու հասարակական կյանքում:

Ցեղասպանությունը դեռ շարունակվում է, քանի որ Թուրքիաի կողմից ցեղասպանության հերքումը հանդիսանում է ցեղասպանության կատարման վերջին արարը:

Եվրոպայի Հայերի Համագումարը համոզված է, որ անկախ նրանից, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները «կարգավորող գործընթացն» ինչպիսի ընթացք եւ ավարտ կունենա, չպետք է թույլ տալ, որ այն հայ ժողովրդի մեջ պառակտում առաջացնի եւ մեր ուժերը ջլատի:

Ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման պայքարը շարունակվում է ու պետք է շարունակվի ողջ հայության համախմբված ջանքերով: Դա մեր ժողովրդի ապագայի, լենել չլինելու խնդիր է:

Կոչ ենք անում համայն հայությանը համախմբելու իր ողջ ներուժը, աննահանջ, կայուն ու համատեղ պայքարել մեր ազգի դեմ կատարված ոճրագործության դատապարտման, Ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման ու ոտնահարված իրավունքները վերականգնելու համար:

Իրական խաղաղություն, հաշտություն եւ հարաբերություն հաստատելու հիմնաքարը արդարության հաստատումն է:  Արդարությունն է ծնում խաղաղություն:

Եվրոպայի Հայերի Համագումար  (Assembly of Armenian of Europe)

22 ապրիլի 2010 թ. Ուփսալա, Շվեդիա

E-mail: garo.hakopian@comhem.se,

tel: +46 707 25 85 93

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4