September 24, 2020

«Բոլոր վերարկուները մի մեխից չեն կախվում». Խզմալյանի համար սպասելիքները միայն ՀԱԿ–ից չեն

«Սարդարապատ» շարժման անելիքների, ՀԱԿ–ի հետ նույն շարժման տարակարծությունների մասին Tert.am–ը զրուցեց կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանի հետ:

–ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը օրերս հայտարարեց, որ ՀԱԿ–ը դեռ չի սպառել բոլոր միջոցները՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ կարծիքը։

– Ես անկեղծ, սրտանց հույս եմ հայտնում, որ ՀԱԿ–ը դեռ չի սպառել իրեն, որովհետև ասելով ՀԱԿ՝ ես նկատի չունեմ մի քանի անձանց, որոնք խոսում են ՀԱԿ–ի անունից։ ՀԱԿ–ն ինձ համար, և կարծում եմ, շատերի համար, նախևառաջ այն մարդիկ են, որոնք պայքարում են ազատության, մարդկային իրավունքների և արժանապատվության համար, մեր երազած տեսակի համար, և այն մարդիկ են, ովքեր այսօր սպասում են մարտի 2–ին։ Մեզ մոտ՝ Հայաստանում, դեռևս մարտի 1–ն է։ Մարտի 2–ը գալու է այն ժամանակ, երբ քաղաքացիական հասարակությունն իրականացնի իր սահմանադրական իրավունքները, որոնց մասին խոսում էր տիկին Լյուդմիլա Սարգսյանը։ Ես չեմ սահմանափակում նաև այդ հնարավոր զարգացումները ՀԱԿ–ի շրջանակով։ Եթե դա լինի ՀԱԿ–ը, ես միայն ուրախ կլինեմ, բայց եթե դա չանի ՀԱԿ–ը, դա չի նշանակում, որ մենք դա չպետք է սպասենք, ակնկալենք կամ իրականացնենք։ Դա ոչ թե ՀԱԿ–ի, այլ քաղաքացիական հասարակության պարտքն է։ Պարզ է, որ ՀԱԿ–ն իր մեջ ներառում է հասարակության մեծ, բայց ոչ ամբողջ մասը։ Եվ կարծում եմ, այս առումով «Սարդարապատը» բնական դաշնակից է ՀԱԿ–ի հետ։ Կան որոշ կարևոր տարաձայնություններ, որոնք մեզ ոչ թե բաժանում են, այլ ստիպում են ստեղծել լրացուցիչ գործողությունների ուղղություններ, գաղափարներ, սակայն ես կարծում եմ, որ մենք որոշ ճանապարհ անցնում ենք միասին։

–Իսկ որո՞նք են «Սարդարապատի» և ՀԱԿ–ի միջև եղած հիմնական տարաձայնությունները։

– Կան տարաձայնություններ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը։ Մենք միանշանակ պաշտպանում ենք ԼՂ ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը՝ ներառյալ ազատագրված սահմանները։ Ներքին քաղաքականության մեջ, ի տարբերություն ՀԱԿ–ի, մենք ընդգծված արդարական, սոցիալական հասարակության կողմնակից ենք։ Դա է մեր գաղափարը և ոչ թե լիբերալիզմ կամ մեղմացված կապիտալիստական համակարգ։ Մարտավարական առումով մեր տարբերությունը ՀԱԿ–ի հետ այն է, որ մենք համոզված ենք, որ ներկայիս բռնապետության պայմաններում իշխանափոխությունը և սահմանադրական կարգի վերականգնումն անհնար է իրականացնել ավանդական ընտրությունների միջոցով և պետք է փնտրել այլընտրանքային միջոցներ, որոնցից մեկը մենք առաջարկում ենք և իրականացնում ենք («Այլընտրանքային խորհրդարանի» ստեղծումը–Tert.am)։

–Հավատո՞ւմ եք, որ ՀԱԿ–ին, այնուամենայնիվ, կհաջողվի հասնել իր առջև դրված նպատակին, որը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն է, ինչպես իրենք են հայտարարում։

– Ես շատ ուրախ կլինեմ, եթե ՀԱԿ–ին դա հաջողվի, սակայն շատ վտանգավոր է կարծել, որ եթե դա չհաջողվի ՀԱԿ–ին, ուրեմն մեզ չի հաջողվի ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ ցանկացած տանը բոլոր վերարկուները մի մեխի վրա չեն կախում, որովհետև մեխը չի դիմանա։ Մի մարդուց, մի անձից, մի կազմակերպությունից երբեմն չի կարելի ակնկալել ամբողջը։ ՀԱԿ–ն անչափ կարևոր դերակատարություն ունի և կատարել է, բայց եթե մենք միշտ գոհ ու երջանիկ լինեինք ՀԱԿ–ի գործունեությունից, մենք չէինք ստեղծի «Սարդարապատը»։ Մենք դա ստեղծել ենք, որպեսզի հասնենք նույն նպատակին՝ միգուցե մի քիչ այլ ճանապարհով։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4