September 18, 2021

ՍԿՍՎՈՒՄ Է “ՄԱՀԱՑՈՒ ՖՈՒՏԲՈԼԸ”

Ապրիլի 22-ին ՀՅԴ-ն եւ այսպես կոչված “ոչ”-ի շարժումը պետք է դահլիճային հավաք կազմակերպեին ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, պաշտոնական Երեւանին կոչ անելով դուրս գալ գործընթացից: Իսկ ապրիլի 23-ին էլ նույն թեմայով պետք է հանրահավաք եւ դեպի Ծիծեռնակաբերդ երթ անցկացվեր: Բայց, ինչպես ասում են, շաբաթը կարծես թե ուրբաթից շուտ է գալիս, եւ Հայաստանը կարծես թե ինչ որ չափով հետ է քաշվում հայ-թուրքական գործընթացից:

Հետեւաբար շատ ու շատ մեծ է հավանականությունը, որ ՀՅԴ նախաձեռնած “ոչ”-ի շարժումը “ոչ եւս” կլինի, գոնե բարոյական առումով, թեեւ ֆիզիկապես էլ շարժման գոյության իմաստը կարծես թե դադարում է գոյություն ունենալ: Մյուս կողմից սակայն, ՀՅԴ-ն ու “ոչ”-ականները կարող են օրինակ շարունակել պահանջել, որ Հայաստանը ասենք ոչ թե առկախի, այլ դուրս գա գործընթացից ընդհանրապես, կամ ասենք ոչ միայն դուրս գա, այլ ասենք շատ հեռու կանգնի, ավելի հեռու կանգնի, մեջքով շրջվի գործընթացին, քարերով հարվածի: Մի խոսքով, տարբերակ միշտ էլ կգտնվի: Իհարկե, կասկած չկա նաեւ, որ բոլոր դեպքերում բարոյական ինքնապաշտպանության փորձը շարունակվելու է, եւ ՀՅԴ-ն ու նրա գործընկերները հայտարարելու են, թե միայն իրենց համառ ու սկզբունքային պայքարի շնորհիվ է, որ իշխանությունը հետ է կանգնում հայ-թուրքական գործընթացից: Բայց ով է դրան հավատալու: Նույնիսկ իրենք իրենց հազիվ թե հավատան: Կամ որ հավատա՞ն ինչ: Ասենք հավատացին, ասենք գլուխ խոնարհեցին ՀՅԴ եւ “ոչ”-ի առաջ, որ կարողացան հայրենիքը փրկել արհավիրքից: Բայց ինչ է լինելու հետո: Չէ որ հետո փրկության նոր պահանջներ են առաջ գալու ընդդիմադիր ՀՅԴ-ի եւ “ոչ”-ականների առաջ` ներքին կյանքում հայրենիքը փրկելու պահանջներ:

Պատրա՞ստ են արդյոք նրանք այդ պահանջները բավարարելուն: “Ոչ”-ի կուսակցություններից թերեւս միայն Նոր Ժամանակների առաջնորդի պարագայում է, որ նկատվել է համարժեքություն ներքին խնդիրների հանդեպ: Մնացյալ բոլոր քաղաքական ուժերը, ու հատկապես “ոչ”-ի առանցք ՀՅԴ-ն հնարավոր բոլոր ձեւերով խուսափել է Սերժ Սարգսյանին որեւէ պահանջ ներկայացնել ներքին կյանքում առկա հիմնախնդիրների կապակցությամբ: Թեեւ նաեւ արտաքին հարցերում է ՀՅԴ-ն խուսափել Սերժ Սարգսյանի դեմ “մեն-մենակ” դուրս գալուց եւ գերադասել է կանգ առնել Էդվարդ Նալբանդյանին “խաբս տալուց” հետո: Ներքին կյանքում էլ ՀՅԴ-ն առավելագույնը վարչապետ Տիգրան Սարգսյանին է “խաբս տալու” եւ կանգ է առնելու, ու ինչպես շատ ֆուտբոլիստներ են անում այդպիսի դեպքերում, աչքի ծայրով նայելով մարզիչների կողմը` բռնելու է սեփական ոտքը, իբր թե վնասվածքը խանգարեց, թե չէ ինչ էին անելու, է:

Ֆուտբոլային բառապաշարն այս դեպքում հրատապ է նրանով, որ խոսքը վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտության ավարտին, բայց ամենայն հավանականությամբ ֆուտբոլն առաջիկայում սկսելու է երկրի ներսում: Բայց այս անգամ սկսելու է ոչ թե դիվանագիտական, այլ “մահացու ֆուտբոլը”, համանուն ֆիլմի օրինակով: Ոչ ոքի հազիվ թե լինի: Իշխանությունն իր ոչ ոքին արել է արտաքին ասպարեզում, իսկ ընդդիմությունն ու ընդդիմադիր համարվողներն էլ իրենց ոչ ոքին արել են ներսում: Հասկանալի էր նաեւ նրանց այդ պահվածքը, որովհետեւ ավելի նախընտրելի էր ոչ ոքին, քան պարտությունն ու եզրափակիչից դուրս մնալը: Հիմա բոլորը ներսում են, եզրափակիչի “ներսում”, ու այժմ թերեւս կերեւա, թե ում քաղաքական ներուժը ինչին կբավականացնի, եւ ով է պակասը լրացնելու դերասանական արվեստի շնորհիվ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4