
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մայիսի 11-13-ը պատրաստվում է այցելել Թուրքիա, իսկ այնուհետեւ Հայաստան:
Ընդհանրապես ԼՂ հիմնախնդրում եւ հայ-թուրքական հարաբերություններում ՌԴ-ն ակտիվություն է ցուցաբերում է: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իր անսպասելի արձակուրդի ընթացքում հանդիպում է խնդրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւից: Այդ խնդրանքը քաղաքագետ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին հիմք է տալիս ասել, որ Վաշինգտոնյան հանդիպումներն այնքան էլ փայլուն չեն անցել:
“Ըստ էության` ԼՂ-ի եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ զարգացումները մեզ համար բարենպաստ չեն: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը չէր գնա արձակուրդ եւ արձակուրդի ընթացքում հանդիպում չէր խնդրի ՌԴ նախագահից: Ես հակված եմ պնդել, որ ի հեճուկս այդ հանդիպումներն աննախադեպ ներկայացնելու մեր իշխանությունների փորձերին` թուրքերը չէ, որ այսօր պետք է պատասխան տան Վաշինգտոնին եւ միջազգային հանրությանը ՀՀ իշխանություններն այդ ամենից հետո պարտավոր են վերջ դնել այդ գործընթացներին: Ցավոք, ՀՀ իշխանություններն իրենց վախերից, լեգիտիմության պակասուրդի, այլ կոմպրոմատներից հարկադրված ստիպված են համաձայնել այս կամ այն ոչ հայանպաստ որոշման հետ”,- երեկ ասաց Սաֆարյանը:
Սաֆարյանի կարծիքով ԼՂ հարցում շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. “Սկզբում իրեն մեջտեղ գցելու նախաձեռնություններով հանդես եկավ Թուրքիան: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան անմիջական ընդգրկված չէր ԼՂ բանակցային գործընթացում, ապա միանշանակ կարելի է ասել, որ Թուրքիային հաջողվել է ազդել գործընթացի վրա: Այսօր Թուրքիան աշխարհին կարողանում է պարտադրել ավելի հաճախ հանդիպումներ կազմակերպել եւ ճնշումներ գործադրել կողմերի վրա”:
Ոչ հայանպաստ քայլերից խուսափելու համար քաղաքագետը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո զբաղվել ներքաղաքական մի շարք խնդիրներով. “Պետք է բացահայտվի 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունը, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, ՀՀ-ում պետք է ապահովվի քաղաքացիների իրավունքն ու դրանց հարգումը: Այս բոլոր խնդիրները էապես ազդում են պետության արտաքին ուղենիշի, նրա նկատմամբ ճնշումների, նրան պարտադրող լուծումների վրա”:
taregir.am
Leave a Reply