
Եվրատեսիլյան կրքերը, որ անցած մի քանի օրերին խիստ բորբոքվել էին Հայաստանում, մի տեսակ կարծես թե ստվերեցին այն կրքերը, որոնք բորբոքվում են Ազատության նորաբաց հրապարակում, ուր Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստները նստացույց են փորձում անել, բարձրացնելով քաղաքական ու քաղաքացիական բնույթի մի քանի հարցեր:
Նստացույցի մասնակիցները հանդիպում են ոստիկանների դիմադրությանը, որոնք թերեւս միայն իրենց համար հասկանալի պատճառով որոշել են, թե նստացույցը հասարակական կարգի խախտում է եւ պետք է դադարեցվի: Եթե նստացույցը տեղի ունենար Մաշտոցի պողոտայի հոծ գծի վրա կամ ասենք Սայաթ-Նովա պողոտայի մայթերից մեկի լայնքով, ապա ոստիկանության պահանջը կլիներ միանգամայն տրամաբանական, քանի որ մի դեպքում կխանգարեր երթեւեկությանը, իսկ մյուս դեպքում էլ անցորդներին: Բայց թե ինչին են խանգարում Ազատության լեն ու բոլ հրապարակում նստացույց անող քաղաքացիները, անորոշ է:
Բայց թերեւս ոչ այդքան: Բանն այն է, որ Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ այդ քաղաքացիները միայն առաջին հայացքից է, որ ոչ մի բանի չեն խանգարում: Իրականում նրանք խանգարում են հասարակական անտարբերությանն ու դրա հետեւանք իշխանության հանգստությանը: Նրանք ուշադրություն են գրավում, նրանք կարող են բազմաթիվ մարդկանց ստիպել մտածել ինչ որ բաների մասին, որոնց մասին մտածող քաղաքացիների բազմությունն իշխանության համար խիստ անցանկալի երեւույթ է:
Ահա, թե ինչու է իշխանությունը որոշել, որ նրանք խախտում են հասարակական կարգը: Իսկ որ դա իշխանությունն է որոշել, գրեթե անկասկած է, որովհետեւ հակառակ պարագայում ոստիկանության ինքնագործունեությունը չէր շարունակվի, եւ առաջին իսկ փորձից հետո կդադարեցվեր իշխանության հրահանգով: Բանն այն է, որ հասարակական կարգ ասվածի ամենամեծ բնորոշումը Հայաստանում հենց հանրային անտարբերությունն է: Եթե դու անտարբեր ես երկրում կատարվող անօրինականությունների, անիրավությունների հանդեպ, ուրեմն դու հասարակական կարգի խորհրդանիշն ես: Եթե դու անտարբեր չես եւ ունես սեփական կարծիք, ունես քաղաքացիական դիրքորոշում, ապա դու դառնում ես հասարակական կարգի պոտենցիալ սպառնալիք: Իսկ եթե դու արդեն դիմում ես քաղաքացիական դիրքորոշման արտահայտման որեւէ գործնական քայլի` ասենք ինչ որ տեղ ի նշան բողոքի նստացույց անելու, ուրեմն դու դառնում ես արդեն հասարակական անկարգության առաջամարտիկ: Հայաստանում կարծես թե նստել կարելի է միայն բանտերում կամ սրճարաններում եւ ռեստորաններում:
Իրականում, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների այդ նստացույցի դեմ ակտիվ պայքար ծավալած ոստիկանության գործողությունները վկայում են այն մասին, որ առաջին հայացքից իրեն ամուր զգացող իշխանությունը կաղում է հոգեբանական ամրությունից, եւ նստացույցի մի թեթեւ փորձն իսկ կարող է իշխանությանը հանել հունից եւ հավասարակշռությունից, առավել եւս, եթե խոսքը Ազատության հրապարակի մասին է: Այստեղ խնդիրը նույնիսկ ավելին է, քան հասարակական կարգի մասին իշխանության ունեցած պատկերացումը: Խնդիրն այստեղ առնչվում է Ազատության հրապարակի հանդեպ իշխանության ունեցած բարդույթներին:
Կարծես թե միարժեք է, որ իշխանության համար անտանելի է այդ հրապարակում ընդդիմության որեւէ ներկայություն, ինչը թերեւս պայմանավորված է 2008 թվականի փետրվարյան տասնօրյակի նախադեպով, երբ իշխանությունը Հայաստանում բախվեց իր համար աննախադեպ մի խնդրի` համակարգային այյլընտրանքի սաղմնավորման: Ազատության հրապարակն այդ օրերին ակնհայտորեն վերածվել էր այլընտրանքային մի համակարգի, կամ առվազն դրա կմախքի: Հիմա դրա ուրվականը հանգիստ չի տալիս համակարգին եւ չափով ամենափոքր նստացույցն անգամ իշխանության աչքին նշանակությամբ ընկալվում է որպես քրոմոսոմ:
lragir.am
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Լուսանկարը Գագիկ Շամշյանի
Leave a Reply