January 28, 2022

Ալեք Ենիգոմշյանի հոդվածը Եվրախորհրդարանի կողմից ընդունված ադրբեջանամետ 2216 բանաձեւի վերաբերյալ։

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունվեց Արցախի վերաբերյալ բացահայտորեն ադրբեջանամետ թիվ 2216 բանաձեւը («Բանաձեւ Հարավային Կովկասում ԵՄ ի ռազմավարության անհրաժեշտության մասին»), որը Հայաստանում առաջացրեց, կարծես անակնկալի եկած պաշտոնատարների, քաղաքական գործիչների ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների անջրկած հայտարարություններ: Վերջիններս, սեփական խայտառակ անգործության ու հանցագործ անտեղյակության խարանից զերծ մնալու հույսով մաղձ ու լուտանք էին թափում բանաձեւի զեկուցող բուլղար Եվգենի Կիրիլովի հասցեին, հանդես գալիս տարբեր չքմեղանքներով, միմյանց մեղադրում («Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյան եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյան) եւ մինչեւ իսկ հոխորտում, թե իբր իրենց տարած աշխատանքի շնորհիվ հաջողվել է մեղմացնել բանաձեւի նախագծում տեղ գտած հակահայկական դրույթները (արտգործանախարարության անանուն ներկայացուցիչ եւ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան):

Իրականում նշյալ բանաձեւի նախ Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի եւ ապա լիագումար նիստում հաստատվելու փաստը ապացույցն է ոչ միայն այն խղճալի իրավիճակին, որում գտնվում են հայկական պետական եւ խորհրդարանական դիվանագիտությունն ու այսպես կոչված հայկական լոբբինգը, այլեւ այդ համակարգերի ու դրանց ներկայացուցիչների սնանկության եւ հանցագործ անտարբերության ու անգործության:

Իրողությունն այն է, որ թիվ 2216 բանաձեւի զեկուցող Եվգենի Կիրիլովի արտաքին հարցերի հանձնաժողովին ներկայացրված նախագիծը չի պարունակել Հայաստանի ու Արցախի համար այն ամենաբացասական դրույթները, որոնք տեղ են գտել նույն հանձնաժողովի եւ ապա լիագումար նիստի հաստատած տարբերակում:

Զեկուցողը բանաձեւի նախագիծը ներկայացրել է սույն տարվա հունվարի 11-ին, արտաքին հանձնաժողովը փոփոխված տարբերակը հաստատել ապրիլի 23-ին, իսկ լիագումար նիստը, ինչպես հայտնի է, այն պաշտոնապես ընդունել մայիսի 20-ին:

Հունվարի 11-ից ապրիլի 23-ը ձգվող մոտ երեք ու կես ամիսների ընթացքում ազերի ու թուրք դիվանագետները փաստորեն կատարել են իրենց ի նպաստ հիանալի աշխատանք եւ հասել իրենց նպատակին: Իսկ թե այդ ընթացքում ինչով են զբաղված եղել հայկական դիվանագիտությունն ու հենց Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում տեղակայված եվրոպահայ լոբբին, պարզ չէ:

Ինչով է տարբերվում ընդունված բանաձեւի «գլխավոր մեղավոր» Կիրիլովի հունվարի 11-ին ներկայացրած նախագծից :

-Հայկական կողմի համար բանաձեւի ամենբացասական դրույթը, որը պահանջում է «հայակական ուժերի դուրս բերումը ադրբեջանական բոլոր գրավված տարածքներից», նախագծից պարզապես բացակայում է: Այդտեղ չկա նմանօրինակ եւ ոչ մի պահանջ:

-Մի այլ շատ կարեւոր դրույթ, որը բացակայել է նախնական նախագծից, բայց տեղ գտել պաշտոնական բանաձեւում, «Հարավային Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման» գործում Թուրքիային «կարեւոր դերակատարության» վերպահումն է, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողքին:

-Բանաձեւի հոդվածներից մեկը հաստատում է հետեւյալը. «[Եվրախորհրդարանը] գտնում է, թե պետք է արագ կերպով հետ կանգնել այն դիրքորոշումից, ըստ որի` Լեռնային Ղարաբաղը ներառում է ազերիական բոլոր գրավված տարածքները, որոնք շրջապատում են Լեռնային Ղարաբաղը. արձանագրում է, թե Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակով [օժտումը] կարող է լուծում հանդիսանալ մինչեւ վերջնական կարգավիճակի ճշտումը, եւ թե այս [անցումային լուծումը] կարող է մի անցումային հենք ստեղծել այս տարածաշրջանում հայ եւ ազերի բնակչության խաղաղ գոյակցության եւ փոխգործակցության համար»: Նույն հոդվածը նախնական նախագծում ունեցել է հետեւյալ բանաձեւումը. « [Եվրախորհրդարանը] արձանագրում է, թե Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը կարող է ենթադրել տեղական դե ֆակտո իշխանությունների միջանկյալ լեգիտիմացումը. գտնում է, թե իմիջիայլոց, նպատակ ունենալով նման մի հեռանկար, իրենց վստահելիությունը բարձրացնելու համար, այս իշխանությունները պետք է արագորեն հետ կանգնեն այն դիրքորոշումներից, [ըստ որոնց], Լեռնային Ղարաբաղը ներառում է հայերի կողմից գրավված բոլոր ադրբեջանական հողերը եւ տեղահանված անձանց վերադառնալու իրավունքը ներկա փուլում չի կարող նույնիսկ քննարկման առարկա լինել»: Նախնական տարբերակում տեղ գտած բանաձեւումը եւս սկզբունքորեն անընդունելի պետք է լինի հայկական կողմի համար: Բայց չի կարելի չնկատել, թե վերջնական բանաձեւում տեղ գտածն ավելի սուր է արտահայտված: Ի հավելումն, թեկուզեւ խորամանկ խայծի ձեւի տակ, նախնական տարբերակում ակնարկություն է կատարվում ԼՂ իշխանությունների լեգիտիմությունը ճանաչելու թեական մի հնարավորության մասին: Այդ ակնարկությունը բացակայում է վերջնական բանաձեից: Եթե բանաձեւից այս ակնարկությունը չհանվեր, այն կդռնար վերջին 16 տարիներին միջազգային առաջին փաստաթուղթը, որտեղ խոսք էր լինելու ԼՂ իշխանությունների լեգիտիմության մասին:

-Նախնական տարբերակի նախաբանում առկա է հետեւյալ միտքը. ([Եվրախորհրդարանը] արձանագրում է, թե հակամարտությունների կառավարումն ու հակամարտությունների հանգուցալուծումը պահանջում են իմիջիայլոց … շահագրգռվածության [ցուցաբերում] նորարական մոտեցումների, ներառյալ գերիշխանության կիրառման նկատմամբ): Այս արտահայտությունը հազիվ թե քողարկված կոչ է ուղղված, իմիջիայլոց նաեւ Ադրբեջանին` չբացառելու ԼՂ գերիշխանության հնարավորությունը: Նախագծում տեղ գտած այս միտքը բացակայում է պաշտոնական տեսք ստացած բանաձեւից:

-Ապրիլի 23-ին արտաքին հանձնաժողովի հաստատած տարբերակը պարունակել է «խաղաղապահ միջագային ուժերի» գործառույթներին վերաբերող մի պահանջ, որը հետապնդում էր այդ ուժերը բացառապես ադրբեջանական շահերին ծառայեցնելու նպատակ: Բարեբախտաբար, մինչեւ Եվրախորհրդարանի մայիսի 20-ի լիագումար նիստը այդ դրույթը բարեփոխվել է եւ դարձել է ավելի հավասարակշռված: Այսպես ուրեմն, ապրիլի 23-ի տարբերակը «պահանջում է միջազգային ուժեր, …անցումային փուլում` անհրաժեշտ անվտանգության երաշխիքները ապահովելու համար, որպեսզի տեղահանված անձինք կարողանան վերադառնալ իրենց տները եւ կանխվեն անօթեւանության պատճառով հետագա բախումներ»: Այս դրույթը գոյություն չի ունեցել հունվարյան տարբերակում եւ գոնե իր այս ձեւակերպումով անկասկած հետեւանքն է թուրք ու ադրբեջանցի դիվանագետների տարած աշխատանքին: Եթե այս ձեւակերպումը մնար անփոփոխ, ստացվելու էր, թե միջազգային ուժերի գործառույթը լինելու է բացառապես իրենց տները վերադարձող ազերի տեղահանվածների պաշտպանությունը հայերի ենթադրյալ հարձակումներից: Մայիսի 20-ի լիագումար նիստի որդեգրած բանաձեւը, սակայն, նշյալ դրույթում մտցրել է հավասարակշռություն` հաստատելով, թե միջազգային ուժերը նաեւ «ապահովելու են Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»: Նկատի ունենալով նախորդող բացասական դրույթներով բացահայտված հայակական դիվանագիտության բացակայությունը` կարելի է ենթադրել, թե սույն դրույթում կատարված կարեւոր ուղղումը նույնպես մտցվել է առանց հայկական կողմի միջամտության:

Ահավասիկ, ուրեմն, Եվգենի Կիրիլովի ներկայացրած առաջին տարբերակի եւ ընդունված պաշտոնական բանաձեւի միջեւ տարբերությունը: Աղաղակող տարբերություն եւ դրույթների ահավոր վատացում, որոնք արդյունքն են մի կողմից ազերի եւ թուրք դիվանագետների հմուտ աշխատանքի եւ մյուս կողմից` մեր դիվանագետների եւ լոբբիստների սնանկության եւ սարսափելի անգործության:

Հայաստանը Եվրամիության մաս չի կազմում եւ հետեւաբար ներկայացված չէ Եվրախորհրդարանում: Բայց այս առումով ոչնչով չի տարբերվում Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագան: Հայաստանը Եվրամիությունում ունի դեսպանություն եւ դեսպան, արտգործանախարարությունում գույություն ունի ԵՄ-ի հարաբերությունների բաժին, ԱԺ-ում գոյություն ունեն արտաքին հարաբերությունների հանձնաժողով եւ Եվրաինտեգրման հանձաժողով, ինչպես նաեւ առանձին գոյություն ունի ԵՄ-Հայաստան խորհրդարանական համատեղ հանձնաժողով, եւ վերջապես Բրյուսելում են գտնվում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն ու հայկական լոբբիստական այլ կազմակերպությունների գրասենյակները: Եւ ահավասիկ այս բոլորի գործունեության փառահեղ արդյունքը:

Այս ամենից հետո, ինչ որակում տալ նրանց, ովքեր համարձակություն են գտնում հոխորտալու, թե «մերոնց» հաջողվել է բանաձեւում մեղմացնել նախագծում տեղ գտած բացասական դրույթները:

Խնդրի լրջությունը, իհարկե, չի սահմանափակվում Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւով ու դրա հավանական հետեւանքներով: Այն վերաբերում է ընդհանրապես հայ դիվանագիտությանը եւ դիվանագետներին, որոնց վստահված են Արցախի հիմնախնդրի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների նման լրջագույն հարցերը:

Իրականում, խնդիրը հայկական դիվանագիտության անփառունակ իրավիճակով էլ չի սահմանափակվում: Այն արգասիքն է երկրում տիրող վարքերին ու համակարգին:

Ալեք Ենիգոմշյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4