
«Ազադլիգ» դաշինքը և Ադրբեջանի դեմոկրատական կուսակությունը (ԱԴԿ) անկախության օրվա կապակցությամբ` տոնական հանրահավաք են անցկացրել Ադրբեջանական ազգային կուսակցության (ԱԱԿ) հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի արձանի մոտ: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
«Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ` երկրի կոռումպացված հեռուստաընկերությունները իրենց եթերում ցուցադրում են այն մարդկանց լուսանկարները, ովքեր կապ չունեն այդ օրվա հետ»,- ասել է Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Ալի Կերիմլին:
Հանրահավաքի մասնակից «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը տոնական հանրահավաքի իր ելույթում նշել է. «Ի տարբերություն Ադրբեջանի ազգային կուսակցության հիմնադիրների` այսօրվա Ադրբեջանի իշխանությունը զավթածները երկիրը թաղել են կոռուպցիայի մեջ: Կլանային ռեժիմը գիշատչաբար վատնում է ազգային հարստությունը և փորձում մոռացության տալ ԱԱԿ-ի գաղափարները: Բաքվում չկան ԱԱԿ-ի գործիչների արձաններ, սակայն, միևնույն ժամանակ, վիթխարի գումարներ են ծախսվում Հեյդար Ալիևի արձանների և նրա անվան այգիների ու թանգարանների կառուցման վրա»:
Աղբյուրի փոխանցմամբ` հանրահավաքի ժամանակ հայտարարվել է, որ «Ազադլիգ» դաշինքը շարունակում է իր պայքարը երկրում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն հորդորել է բոլոր ժողովրդավարական ուժերին համախմբվել և պայքարել երկրի ավտորիտար ռեժիմի դեմ:
Աղբյուրի փոխանցմամբ` հանրահավաքի ժամանակ պարբերաբար հնչել են «Ամոթ», «Հրաժարական» կարգախոսները: Հանրահավաքին ներկա ոստիկանները չեն միջամտել ակցիային:
panorama.am
Leave a Reply