
Լեհաստանի Գդանսկ քաղաքում այսօր մեկնարկում է Գդանսկի «Հարևանության» փառատոնը, որի նպատակն է Գդանսկում բնակվող բոլոր ազգերի ներկայացումն ու հարևանության հաստատումը: Ինչպես Լեհաստանից հաղորդում է Aysor-ի թղթակիցը, փառատոնի կազմակերպիչ, «Ցեբուլկա Գակ» ակումբի ղեկավար Անյա Դորսկան, քանի որ Գդանսկը հնագույն քաղաք է, որտեղ դարեր շարունակ ապրել են լեհեր, ռուսներ, չեխեր, ուկրաինացիներ, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նաև Արևմուտքից եկած մարդիկ, այսօր նրանք կարիք ունեն ներկայացնել իրենց, իրենց մշակույթն ու ապրելակերպը, որպեսզի քաղաքում բնակվող լեհերն ավելի հանդուրժող դառնան այլազգիների հանդեպ` ճանաչելով նրանց ավելի մոտիկից:
Դեռ երեկվանից ողջ քաղաքը զարդարվել է, իսկ տեղի ռադիոն չի դադարում մարդկանց տեղեկացնել, թե որ ժամին որ ազգն է ներկայացնելու իր մշակույթը: Արաբական, հայկական, իտալական, վրացական, անգլիական և շատ այլ ազգերի ներկայացուցիչներ այս պահին պատրաստվում են փառատոնին:
«Հարևանության» փառատոնի շրջանակներում իրենց ազգը ներկայացնողները պետք է հանդիսատեսի համար հարցեր պատրաստեն իրենց երկրի մասին, ներկայացնեն երկրին բնորոշ կատակներ, երգ, պար ու վերջին թարմ նորությունները:
«Սա լավ հնարավորություն է` ցույց տալու արաբական մշակույթը, քանի որ մարդիկ այնքան էլ չեն սիրում մուսուլմաններին, իսկ ես ուզում եմ ցույց տալ, որ մահմեդականները ևս մարդիկ են քրիստոնյաների պես»,- ասում է փառատոնին Եգիպտոսը ներկայացնող Օմար Սալամին:
Նշենք, որ փառատոնին Գդանսկի հայկական համայնքի որոշմամբ` Հայաստանը կներկայացնեն Գդանսկի քաղաքագիտության ինստիտուտի ուսանող Արեգ Մխիթարյանն ու Լեհաստանում Aysor-ի թղթակիցը:
Հայկական կողմը կներկայացնի հայոց այբուբենի ստեղծման պատմությունը, հայկական քոչարին, գյումրու հումորը, մի քանի հրատապ նորություններ, իսկ Հայաստանի մասին հարցերը երեքն են, ինչպես թելադրում է փառատոնի կանոնակարգը` պարզ, միջին ու բարդ: Այսպես, մեր հարցերն են` «Ո՞վ է ՀՀ նախագահը, քարտեզի վրա ո՞վ կարող է ցույց տալ պատմական Հայաստանը», «Ինչպե՞ս Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը` որպես պետական կրոն»:
Aysor-ի թղթակցի հաղորդմամբ` փառատոնի կազմակերպիչները նկատեցին, որ ավանդաբար Գդանսկում բնակվող թուրքերը չեն մասնակցում փառատոնին և այս տարի ևս հրաժարվել են մասնակցել. Նրանք, թերևս, միայն հանդիսատեսի կարգավիճակում կլինեն: Նշենք նաև, որ հայկական համայնքն առաջին անգամ է մասնակցելու փառատոնին:
Փառատոնը կմեկնարկի Հայաստանի ժամանակով ժամը 18:00-ին, Հայաստանը կներկայացվի ժամը 20:00-ին մոտ:
photo by azatutyun.org
Leave a Reply