
Հենարան մամուլի ակումբի հարցազրույցը Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի հետ
Ո՞րն է Եվրոպայի ՀայերիՀամագումարի գործունեությաննպատակը:
Եվրոպայի Հայերի Համագումարի գործունեությունը հիմնված է կազմակերպության կանոնադրությամբ հաստատված նպատակների եւ սկզբունքների վրա: ԵՀՀ-ի գործունեության ծիրերը ներկա դրությամբ կարելի է բաժանել հինգ գլխավոր մասի.
Ա. Աջակցել Եվրոպայի հայության համայնքային կյանքի կենսունակությանը, խթանել մշակույթը, արվեստը, լեզուն ու պատմությունը: Նոր սերնդի հայեցի դաստիարակումը, օրվա քաղաքական եւ հասարակական գիտելիքներին ծանոթացնելը նույնպես ԵՀՀ-ի հետապնդած նպատակների ծիրի մեջ են գտնվում:
Բ. Զարգացնել հայկական համայնքների և եվրոպական հաստատությունների միջև հարաբերությունները, եվրոպական եւ ոչ եվրոպական կառույցների մոտ ներկայացնել հայության իրավունքներն ու աշխատել դրանց իրագործման եւ ամրագրման ուղղությամբ: Աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանը, հզորացմանը, ժողովրդավարական հիմքերի հաստատմանն ու ամրագրմանը, ՀՀ-ի շրջափակման վերացմանը:
Գ. Միջազգային հանրության կողմից Ցեղասպանության իրողության ճանաչումը, դատապարտումը եւ հանցագործության դեմ միջազգայնորեն պատժի կիրառումը եւ փոխհատուցման հարցը նույնպես ԵՀՀ-ի ամենօրյա գործունեության նպատակային հիմնական կետերից է:
Դ. Արցախի հիմնահարցը բարենպաստ ավարտի հասցնելը, որը հայության համատեղ ջանքն է պահանջում, նույնպես ԵՀՀ-ի հիմնական մտահոգություններից է, ուստի եւ աշխատանքներից է: Գաղտնիք չէ, որ մեր ապագայի շատ հիմնախնդիրների հաջողությունը կամ ձախողությունը պայմանավորված է Արցախահայության ազատագրական պայքարի ռազմական հաղթանակը քաղաքական հաղթանակով պսակելուց:
Ջավախքահայության ազգային եւ մարդկային իրավունքների հարցի բարցրացումը նույնպես չի կարող մոռացության ենթարկվել: Եթե ՀՀ-ը տարբեր նկատառումներից ելնելով, մերթ ընդ մերթ, լուսանցքի վրա է թողնում այս հարցը, նման հարկադրանքի առջեւ չի կանգնած Սփյուռքահայությունն ու ԵՀՀ-ը: Սա բացահայտ մի օրինակ է, որ այն, ինչ կարող է իրագործել հայությունը համատեղ, շատ անգամ անկարող են իրականացնել Սփյուռքը եւ ՀՀ- ը տարանջատված:
Ե. Ինչպես արդեն ակնարկեցի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգումը, ներդաշնակ գործունեությունը ԵՀՀ-ի հիմնական մտահոգություններից է: Փորձում ենք, քայլ առ քայլ, ստեղծել հասարակական և քաղաքական ընդհանուր կարծիք: Առանց խտրականություն դնելու խորհրդակցություններ ենք կատարում, համատեղ ջանքերով ստեղծում հայեցակարգ եւ ընդհանուր ռազմավարական ուղի: Պետք է իմանանք ուր ենք գնում: Միջոցների բացակայությունն այնքան մտահոգիչ չէ, որքան նպատակային անորոշությունները:
Ձեր կազմակերպության կենտրոնը Շվեդիայո՞ւմ է: Ի՞նչ կառուցվածքունի կազմակերպությունը և քանի՞ անդամ ունի:
ԵՀՀ-ը հիմնադրվել է 2003 թ. Բելգիայում, որի համար էլ գրանցված է այդ երկրում: Հետագայում գրանցվել է նաեւ Շվեդիայում, իսկ մոտ ապագայում կգրանցվի նաեւ Գերմանիայում: ԵՀՀ-ն աշխատում է եվրոպական ավելի քան տասը երկրներում: Դժվար է անդամների թվի մասին կոնկրետ բան ասել, որովհետեւ ԵՀՀ-ին մաս կազմող միություններն ու կազմակերպություններից ոմանք, անջատաբար ունեն տասնյակ եւ հարյուրավոր անդամներ, որոնք բոլորն էլ գործում են ԵՀՀ-ի որոշումների եւ ծրագրերի ծիրի մեջ: Սակայն, նշենք, որ անհատ անձնավորությունների, մտավորականների, հասարակական գործիչների, քաղաքական ակտիվիստների դերը նույնպես տեսակարար եւ նշմարելի է ԵՀՀ-ի գործունեության մեջ:
Ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայոց Ցեղասպանությանճանաչման ուղղությամբ:
Որեւե աշխատանք, բնականաբար, միայն կարելի է գնահատել իր արդյունքով: Ցեղասպանության իրողության ճանաչման բուն պայքարն իրականացավ վերջին երեք տասնամյակներում, երբ հայությունն արթնացավ խոր թմբիրից` հավատալով իր սեփական ուժին` կազմակեպվածությանը: Արդյունքներն ակներեւ են:
Կարելի է ասել դա ամենօրյա աշխատանք է երկու ուղղվածությամբ:
Մշակութային, գիտական եւ ընդհանրապես հասարակական զանազան միջոցառումների միջոցով ցեղասպանության մասին իրազեկ դարձնել եվրոպական հասարակությանը, իսկ գործունեության մյուս սլաքը ուղղված է դեպի պետական մարմիններին, քաղաքական գործիչներին ու կառույցներին, որոնք կամա թե ակամա ենթարկվելով հանրային կարծիքի ու պատմական ճշմարտությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար պաշտոնական որոշումների են գնում: Շվեդիայի պարագան, որի մասին տեղյակ եք, սրա ամենապայծառ ապացույցն է: Դա ակներեւ էր, երբ անձամբ առիթ ունեցա շնորհակալություն հայտնելու այն կուսակցությունների ղեկավարներին, որոնք սատարեցին Շվեդիայի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման հարցին, եւ երբ երկրի վարչապետին փոխանցեցի համայնքի ու եվրոպահայության վրդովմունքն ու նաեւ արդարացի բողոքը` պաշտոնական նամակի ձեւով:
Չմոռանանք նշել, որ ԵՀՀ-ը հատուկ ուշադրություն է դարձնում եւ քաջալերում, մանավադ թուրք այն մտավորականներին, որ առանց բառերը ծամծմելու խոսում են Հայոց ցեղասպանության իրողության մասին: Անկյունադարձային կարելի է համարել, երբ ԵՀՀ-ը, համագործակցությամբ Գերմանիայում մարդու իրավունքների թուրք պաշտպան Ալի Էրթեմի հետ, Բրյուսելում մասնակցելուց հետո Ցեղասպանության նվիրված կոնֆերանսին եւ ծաղկեփունջ զետեղելով բյուրավոր նահատակների հուշարձանին` Եվրոպառլամենտի նախագահին հանձնեցինք բազմահազար թուրքերի ստորագրությամբ Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող ստորագրությունների տրցակը:
Թույլ տվեք, առիթից օգտվելով, նշեմ, որ երբ խոսում ենք Ցեղասպանության իրողության միաջազգայնորեն ճանաչման մասին, այդ հիմնականում, ոչ միայն պատմական անարդարության սրբագրման հարց է, այլեւ ՀՀ-ի անվտանգությունը ապահովագրելու եւ հայության իրավունքների անխուսափելի վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարց է:
Ինչպե՞ս է գնահատում ԵՀՀ-ն հայ-թուրքական հարաբերություններինորմալացման գործընթացի դե ֆակտո կանգնեցումը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դե ֆակտո կանգնեցումն իրականացել էր գրեթե հունվարին: Այս հարաբերությունները երկկողմ ռազմավարական նշանակություն ունեցող հարց է. նկատի առնելով, որ Հայաստանի շուկան Թուրքիայի համար զրոյական նշանակություն ունի, զավեշտական է, որ երբեմն, որոշ հայեր, փորձում են այդ հարաբերությունները բացատրել առեւտրական շահավետության տեսանկյունից: Երբեմն խլացող կերպով փորձ է կատարվում ցանկություններն իբրև իրականություն ներկայացնել, որը ոչ միայն քնեցնում, այլեւ բթացնում է հայ հանրային կարծիքը:
Գործընթացի մասին հայկական կողմի պաշտոնական հայտարարությունը շեշտակի դարձրեց Անկարայի անպատասխանատու եւ ոչ կառուցողական մոտեցումը: Ուրախ ենք, որ ՀՀ-ի գործիչները սեփական փորձով, թեկուզ եւ դառը, ականատես դարձան Թուրքիայի այս աստիճան անվստահելի պետական միավոր եւ բանակցող կողմ լինելուն, որը ոչ միայն չի հարգում իր միջազգային հանձնարարությունները, այլեւ իր իսկ ստորագրած սեփական համաձայնությունները: Այս իրողության լուսի տակ, հայությունը` Հայաստանում, Սփյուռքում եւ մանավանդ Արցախում, ամբողջովին իրավունք ունի մտահոգվելու եւ հարցադրելու, որ եթե ԱՄՆ-ը եւ Եվրոպան անկարող են իրենց իսկ հովանավորած պարզ ՔԱՂԱՔԱԿԱՆ գործընթացները եւ երկկողմ հանձնարարությունները երաշխավորել, ապա ինչպե՞ս կարելի է հավատ ընծայել Արցախի հարցում նրանց ՌԱԶՄԱԿԱՆ անվտանգության երաշխիքներին, որը տասնապատիկ բարդ եւ ճակատագրական հարց է:
Որքանո՞վ է ԵՀՀ-ն օգնում հայ տնտեսական միգրանտներինինտեգրվել եվրոպական որեւէ երկրում:
Ինչպես գիտեք, “տնտեսական միգրանտների” հարցերը միայն տնտեսական հարցերով չեն սահմանափակվում:
Ընդհանրապես, տնտեսական էմիգրանտ հասկացողությունը Եվրոպայում վերաբերում է սամանափակ երկրների. կան մեծ թվով հայրենակիցներ, որոնք ոչ համարվում են տնտեսական էմիգրանտներ եւ ոչ էլ քաղաքական:
Կեցության իրավունք ստանալու հնարավորությունը չափազանց սահմանափակ է եւ մեր հայրենակիցները, հատկապես Հայաստանից արտագաղթողների ճնշող մեծամասնությունը գտնվում են անմխիթար վիճակում:
Իրավիճակը տարբերվում է նաեւ երկրից երկիր. փոքր տնտեսությամբ երկրներում մասամբ հնարավոր է նրանց ապահովել մասնավոր առժամյա աշխատանքով, սակայն հյուսիսային Եվրոպայում եւ հատկապես Սկանդինավիայում համակարգից դուրս հնարավոր չի նրանց համար բնականոն կյանք ապահովել:
Այնուամենայնիվ, ԵՀՀ-ի ծիրի մեջ աշխատող կազմակերպությունները, որոշ երկրներում առաջինները եղան, որ իրավական, աշխատանքային եւ լեզվական անվճար ծառայություններով սատարեցին մեր գաղթական հայրենակիցներին: Այնուհետ մշակութային, տեղեկատվական եւ մայրենի լեզվի դասավանդման գծով օժանդակություններ ցուցաբերեցին:
Հուսով ենք, որ ՀՀ-ը կդառնա այն մրցունակ եւ նախանձելի երկիրը, որ, այլեւս, ոչ մի հայ չարտագաղթի եւ նվաստացուցիչ հոգատարության կարիքը չզգա:
Որքանո՞վ է ԵՀՀ-ն կապված Հայաստանի հետ, եւհամագործակցության ի՞նչ ուղիներ կան: Ինչո՞վ է օգտակար լինումՀայաստանի կառավարությունը ձեր աշխատանքներին:
Հայաստան-Սփյուռք համագործակցության ոլորտը բազմաշերտ ու բազմակողմանի է: Եվ Հայաստանում, եւ Սփյուռքում կան թե դժվարություններ եւ թե նվաճումներ: Եվ Հայաստանում եւ Սփյուռքում կան մտայնություններ, որ ժամանակի հրամայականներից հետ են ընկել, չեն արդիականացել նախ եւ առաջ որպես միտք ապա` որպես կառույց: Ոմանք արդիականացումը հասկանում են այլոց տարապայման հետեւորդը դառնալու մեջ: Իսկ այլք, որ ինքնուրույնությունը շփոթում են սնապարծության հետ եւ մեկուսանում:
Գալով ձեր բուն հարցման պատասխանին, կարելի է ասել, այսօր Հայաստանի հետ “համագործակցությունները” իրականանում են առանց նախապես պայմանավորվածության: Թերացումը երկուստեք է:
Երբեմն Սփյուռքը հավասար են դարձնում մի քանի մեծահարուստի հետ, երբեմն հավասարվում է հայության զրո ամբողջ մեկ հարյուրերրորդ տոկոսը չկազմող կուսակցությունների հետ, որոնք արդեն ավելիով հայաստանյան կառույցների են վերածվել, քան սփյուռքյան: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բացարձակապես չեն կարող քաղաքական շահարկումների վերածվել: Դա սկզբունքային սխալ կլինի եւ ազգային առումով` կործանարար:
Ռազմավարական նշանակությամբ հարցերին ռազմավարական վերաբերմունք պետք է ցուցաբերել: Համագործակցության եզրեր գտնել միշտ էլ հնարավոր է, եթե ռեալ ցանկություն լինի:
lragir.am
Leave a Reply