January 28, 2022

Գարեգին Բ Կաթողիկոս. «Առաջին Հանրապետության հռչակումը պատմության շրջադարձային իրադարձություն էր»

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 92-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 28-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհավորական ուղերձով դիմել է հայ ժողովրդին: Վեհափառ Հայրապետի ուղերձում ասված է.

«Սիրելի ժողովուրդ հայոց,

Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ աստվածակառույց Սուրբ Էջմիածնից եւ շնորհավորում Հանրապետության օրվա տոնական առիթով:

Այսօր ոգեկոչում ենք հայրենի պետականության վերականգնման նվիրական հիշատակները: Հարյուրամյակների դադարից հետո մեր ժողովրդի մղած մայիսյան հերոսական մարտերում ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Հայկական պետականության վերականգնումը ձեռք բերվեց անվեհեր ու սխրալից մաքառումով մեր ժողովրդի զավակների: Զինվոր, գյուղացի, հոգեւորական օրհասական պահին ռազմի դաշտ էին գնում մահն անտեսելով, անդադար հնչող զանգերի ներքո մեր եկեղեցիների եւ իրենց հավատավոր հոգիներում կոչը Գեւորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի` հայոց գոյամարտի նոր Ղեւոնդ երեցի: Փրկվեց հայրենի փոքրիկ հողակտորը, որի վրա ծածանվեց հայոց պետականության դրոշը: Առաջին Հանրապետության հռչակումը պատմության շրջադարձային իրադարձություն էր, որ եղավ նաեւ վկայությունը մեր ժողովրդի ձգտումների` կառուցելու ժողովրդավարական, իրավական ու ընկերային պետություն, ազատ ու արդար հասարակական կյանք: Այս ավանդները, Հայրենիքի հանդեպ սերը այսօր պիտի առաջնորդեն մեր կյանքը, ոգի ու խրախույս դառնան մեր ջանքերի ու գործերի համար, որպեսզի կառուցենք ապահով, բարօր ու երջանիկ գալիքը մեր ազատ Հայրենիքի ու ժողովրդի:

Աղոթում ենք առ Աստված, որ խաղաղության մեջ պահի Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը, հավատքի մեջ հաստատուն, իր տեսիլքներին հավատարիմ պահպանի համայն մեր ժողովրդին: Թող Տերն ու պարգեւատուն ամենայն բարյաց շնորհազարդի եւ առատ բարիքներով օրհնի աշխարհասփյուռ հայ կյանքը»:

PHOTO BY wikimedia.org

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4