
որջ Ջ. Աբելյան
«Աշիրաթ Արման ալ Շաթաթ»՝ հայոց իսլամական ցեղախումբ, «Աշիրաթ Արման ալ Մուսլիմա»։
Սիրիայի Ջեզիրե շրջանը, որը գտնվում է Թուրքիայի և Իրաքի սահմանին, ընդարձակ նահանգ է։ Այն կոչվում է Ջեզիրե (կղզի), որովհետև գտնվում է երկու գետերի՝ Եփրատի և Տիգրիսի միջև։ Վարչական կենտրոնն է Հասաքեն կամ Հասիչեն, իսկ տնտեսական կենտրոնը՝ Գամիշլին։ Քաղաքի դիմաց, թուրքական սահմանի վրա, պատմական Մծբին (Նուսեյբին) քաղաքն է (Տիգրան Մեծի եղբոր՝ Գոռ իշխանի զինվորական և վարչական նստավայրն էր)։ Նահանգում առկա է կազմակերպված գաղութ, հատկապես Գամիշլիում, ուր կան Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիներ ու դպրոցներ։ Գործում են առաջնորդարան, միություններ և այլն։ Գաղութից բացի, կան նաև արաբացած կամ քրդացած մեծաթիվ հայորդիներ, որոնք, բնականաբար, Հայոց ցեղասպանության ընթացքում կորած հայերի սերունդներն են։ Ես կարողացա հանդիպել մինչև 4-րդ սերնդի անդամների։ Նրանց մի մասն ինքնուրույն ցեղախումբ (աշիրեթ) է կազմել։ Իրենք իրենց հայ են համարում, բայց թե՛ լեզվով և թե՛ կրոնով տարբեր են։
Հիմնումը. «Հայոց իսլամական ցեղախումբը» (ներկայիս Հայոց սփյուռքի ցեղախումբը) կազմվել է 1998թ. փետրվարի 2-ին հրավիրված հատուկ ժողովի ընթացքում։ Ունեն հատուկ կանոնադրություն։ Առանձին ներկայացուցիչներ ունեն տարբեր քաղաքներում կամ բնակավայրերում (Ռաս ուլ Այն, Ամուտա, Զարկան և Տրպեսիե)։ Ժողովի ժամանակ, վիճակագրություն կատարելու նպատակով, կազմվել է եռանդամ հանձնախումբ։
Առաջին ցեղապետը կամ աշիրաթապետը շեյխ Էլի Հովակիմյանն էր։ Սիրիական պետությունը տեղեկացված է եղել այս մասին։ Առայսօր շեյխ Էլին ցեղախմբի աշիրաթապետն է։
Աշխատանքների կարևոր նախաձեռնողներից է նաև Մոհամեդ Իբրահիմ Մահմուդը (Միհրան Հովհ. Հեքիմյան)։ Հովհ. Հեքիմյանը մշեցի էր՝ Կեղեցի գյուղից։
Նպատակը. Ելնելով այն բանից, որ շրջանում տիրապետող է ցեղախմբային դրությունը, երբ ցեղախումբը տեր է կանգնում իր անդամների իրավունքներին և պաշտպանում դրանք, քրդացած կամ արաբացած հայերը ևս, իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով, կազմում են այս ցեղախումբը։
Թվաքանակը. Ըստ Ռաս ուլ Այնում իմ հանդիպած մարդկանց, օրինակ՝ շեյխ Էլիի, Միհրան Հովհ. Հեքիմյանի կամ Մոհամեդ Իբրահիմ Մահմուդի և Աբդել Ռահման Մահամիդի (Եղիա Սիսոյանի որդին է), այս ցեղախմբի անդամների թիվը հասնում է 25.000-ի։ Երկու կարևոր խմբեր կան. արաբախոսներ, որոնք ուղղակի բեդվինական նկարագիր ունեն, և քրդական, որոնք քր-դախոս են։ Բոլորն էլ սուննի իսլամադավան են։ Այս երկու խմբերն իրար հետ որոշ չափով մրցակցության մեջ են։
Ցեղախմբի անդամ չհանդիսացող «քրդահայ» կամ «բեդվինահայ» անհատներ և խմբեր էլ կան, որոնց թվաքանակի մասին հստակ պատկերացում չկա։ Օրինակ, երբ Գամիշլիի բնակիչ Աբդալահ Մուսթաֆային՝ Նազարեթ Չորպաճյանի որդուն հարցրի, թե ցեղախմբի անդամ է, նա պատասխանեց, որ տեղյակ չէ ցեղախմբից…
Վիճակագրությունը. Պրն Միհրանի մոտ կան մարդահամարի ցանկեր։ Արձանագրված են ընտանիքի ազգանունը, ընտանիքի մեծի անունը, անդամների թիվը, բնակավայրը, պետական արձանագրության թիվը՝ սըճըլ, և մեծի ստորագրությունը։
Դավանանքը. Ինչպես ասվեց, այս հայորդիները սուննիադավան են։ Սակայն ոմանք դիմում են Գամիշլիի առաջնորդարան և մկրտվում են։ Հետաքրքիր է, որ Ամալ Մահմուդի (Միհրանի դուստրը) մկրտության վկայականի վրա արաբերեն և օտար լեզվով նշված է իսլամական անուն-ազգանունը, մինչդեռ հայկական մասի վրա արձանագրված է հայկական ազգանունը։
Միհրանի 5 որդիներից մեկը (Իբրահիմը) բնակվում է Հոլանդիայում և դավանափոխ լինելով՝ դարձել է քրիստոնյա։ Դրա համար էլ չի համարձակվում վերադառնալ իր ծննդվայրը…Նրա երկու որդիների անուններն են Տարոն և Սևակ։
Աշիրեթի անդամները, նույնիսկ եթե ուզեն դավանափոխ լինել, հասկանալի պատճառներով չեն համարձակվի։
Անվան հարցը. Ոմանք զույգ անուն ունեն. հայկական և իսլամական։ Հետաքրքրական է Միհրանի թոռնուհիների պարագան։ Միհրան Հեքիմյանի (Մոհամեդ Մահմուդ) Էմիր անունով որդու չորս աղջիկները կրում են հետևյալ անունները՝ Նանոր, Նաիրի, Արմինե և Մենար։ Այս մանուկները կամ պարմանուհիները, բնականաբար, որպես քուրդ են մեծանում։ Վաղն ի՞նչ է սպասվում այդքան գեղեցիկ անուններով «հայ-քրդուհիներին»…
Ամուսնության հարցը. Ցեղախմբի գլխավոր մտահոգություններից մեկն ամուսնության հարցն է։ Քաջալերվում են ամուսնությունները ցեղախմբի անդամների միջև։ Խառն ամուսնությունները չեն քաջալերվում։ Եթե այլ ցեղախմբից աղջիկ պիտի առնեն կամ տան, հատուկ արտոնություն պետք է ունենան Հայկական իսլամական ցեղապետ-շեյխից։ Մշակված կանոնադրության մի քանի հոդված վերաբերում է այս կարևոր հարցին։ Օրինակ, ճշտված է հարսնացուի համար վճարվելիք գումարը՝ 150.000 Ս.Ո.։
Նյութական միջոցները. 15-70 տարեկան յուրաքանչյուր տղամարդ պետք է անդամավճար մուծի։ Այդ գումարով հոգում են թե՛ հավաքական և թե՛ անհատ անդամների հարցերը։
Հանցագործություններ. Աշիրեթը չի պաշտպանում այն անդամին, որը կարող է վնաս հասցնել պետության անվտանգությանը, գողություն անել, ուրիշին անպատվել, վնաս հասցնել ուրիշի գույքին և այլն։
Քաղաքական հարցը. Ցեղախմբի կանոնադրության մեջ հստակ նշված է, որ Հայոց սփյուռքի (իսլամական) ցեղախումբն աջակցում է Սիրիայի Հանրապետության իշխանություններին։ Նաև հեռու է քրդական քաղաքական-անջատողական շարժումներից։
Արևելահայերենի վերածեց Խ.Քարաուղլանյանը
noravank.am
Leave a Reply