
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մայիսի 28-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով 1918 թվականի հանրապետությանը, նշել է, թե եթե չլիներ այդ հանրապետությունը, ապա փաստացի չէին լինի նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի ներկայիս հանրապետությունները: Այդ առումով, Զարուհի Փոստանջյանը ասել է, թե ավելի նախընտրելի է խոսել այն մասին, թե ինչ ունենք այժմ, երբ արդեն քսան տարի է, որ գոյություն ունեն հայկական երկու պետականություններ` Հայաստան եւ Ղարաբաղ:
“Ինչու մենք այնուամենայնիվ չկարողացանք ստեղծել այնպիսի պետություն, որտեղ մարդը եւ նրա ազատությունն իրապես, ոչ թե հռչակված լիներ որպես արժեք, այլ իրականում որպես արժեք լինեին, եւ հարգվեին, եւ պաշտպանվեին: Մենք ունենք երկու պետությունների տարածքները, հռչակված ունենք երկու պետությունները, ունենք Սահմանադրություն, բայց ցավոք սրտի չունենք այն, ինչ մենք բոլորս երազել ենք եւ ցանկացել ենք ունենալ: Եվ այս 20 տարիների ընթացքում, ես կարծում եմ, մենք նորից կանգնած ենք այնպիսի մի շեմի, որ կարող ենք կորցնել մեր այս երկու պետությունները, մեր պետականությունը”, ասում է Զարուհի Փոստանջյանը:
Նա որպես օրինակ նշել է, թե շատ վատ է, երբ “երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը” հայտարարում է, որ մենք տարածքները չենք բնակեցնում, որովհետեւ պատրաստվում ենք դրանք վերադարձնել Ադրբեջանին: Զարուհի Փոստանջյանի խոսքով, այդպիսի հայտարարությունների համար պետք է նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել նախագահին:
“Նման հայտարարություններով, խաթարվում է մեր տարածքային ամբողջականությունը եւ ընդհանրապես մեր բնակչության անվտանգ ապրելու իրավունքը այս տարածքում”, ասում է Զարուհի Փոոստանջյանը
lragir.am
Leave a Reply