September 30, 2022

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության օրն է: Այդ հանրապետությունը ստեղծվեց աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, ունեցավ հաջողություններ եւ ձախողումներ, արձանագրվեցին հերոսական էջեր, ու միեւնույն ժամանակ կոպիտ սխալներ: Ի վերջո, աշխարհաքաղաքական բարդություններում ծնված պետականությունը երկու տարի անց դարձավ նույն այդ աշխարհաքաղաքական բարդությունների զոհն ու կորցնելով անկախությունը` խորհրդայնացվեց:

1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումից հետո Առաջին հանրապետությունը վերածվեց ազգային խորհրդանիշերից մեկի եւ համեմատության օբյեկտի: Բանն այն է, որ Հայաստանն իր անկախությունը վերականգնեց թերեւս ոչ պակաս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, քան Առաջին հանրապետությունն էր ստեղծվել: Ու դրանից էլ սկիզբ առան Առաջին եւ այսպես ասած երրորդ հանրապետությունների միջեւ համեմատությունները: Առաջին հանրապետությունը դարձավ պատմական համեմատական այն օբյեկտներից մեկը, որին դիմում էին թե սեփական ճշմարտացիությունը, թե դիմացինի սխալականությունը փաստարկելու կամ ապացուցելու համար: Մինչդեռ այդ տարիների պատմությունը, Առաջին հանրապետության ծնունդը, գոյության երկու տարիները, դրա հիմնադիրների եւ առաջնորդների կենսագրությունը, գործողությունները, շարժառիթները կարծես թե առ այսօր չեն դարձել համակողմանի եւ քիչ թե շատ անկողմնակալ ուսումնասիրության եւ մատուցման նյութ, չեն տեղավորվել եւ դիտարկվել համաշխարհային զարգացումների, աշխարհաքաղաքական տվյալ ժամանակի ֆոնի մեջ:

Այլ կերպ ասած, ուսուցողական նյութ, պետականության կառուցման թեկուզ կարճատեւ, թեկուզ պատմական ժամանակահատվածի տեսանկյունից ակնթարթային փորձ դառնալու փոխարեն,Առաջին հանրապետությունը, հայ ժողովրդի պատմության գրեթե բոլոր քիչ թե շատ նշանակալի դրվանգների նման, ենթարկվել է միայն հերոսության կամ դավաճանության պրիզմաներին: Մինչդեռ, ժամանակների եւ աշխարհակարգերի տարբերություններով եւ առանձնահատկություններով հանդերձ, Առաջին հանրապետության ստեղծման, գոյատեւման եւ անկախության կորստի պատմությունը կարող էր Հայաստանի նորագույն պատմության, ներկայիս ժամանակահատվածի համար լինել ոչ միայն դիդակտիկ, այլ նաեւ պրակտիկ նյութ, ժամանակակից իրողությունները գնահատելու, հասկանալու եւ ապագան ծրագրելու տեսանկյունից:

Չգիտես ինչու որոշակի տաբու է դրված Առաջին հանրապետության կառավարիչների թույլ տված սխալները քննարկելու, դրանց մասին խոսելու, դրանց հավանականությունն անգամ դիտարկելու հարցում եւ այդպիսի որեւէ փորձ, որ կարող են անել առանձին անհատներ, անմիջապես կարող է որակվել որպես ազգայինի հանդեպ ոտնձգություն, պատմության լուսավոր էջերի սեւացում: Մինչդեռ, թերեւս պետք է հասնել այն գիտակցման գերակշռությանը, որ պատմության, մասնավորապես Առաջին հանրապետության արժեքը դրա իդեալականացումը չէ, այլ այն, որ տվյալ ժամանակի սխալները դիտարկվեն եւ դառնան ներկա ժամանակի սխալներից խուսափելու միջոցներից մեկը: Պատմության արժեքը փորձն է, որը կարող է լինել միայն համակողմանի եւ լայն դիտարկման համարձակության դեպքում, որից պատմությունը ոչ միայն չի խամրում, այլ թե ինքն է լուսավորվում ավելի, թե ավելի է լուսավորում ներկան:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4