October 2, 2023

Ինչպիսի՞ն են տրամադրությունները Թբիլիսիում ընտրությունների նախօրեին

Թբիլիսիի հայկական ասամբլեան ոչինչ չի կարողացել անել, որպեսզի հայերը ընդգրկվեն Թբիլիսիի նոր ձևավորվող քաղաքային խորհրդարանի կազմում: Թբիլիսիի հայկական համայնքի էթնիկ հայերի մի մեծ խումբ վիրավորված է երկրի իշխանություններից և ծրագրում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում չքվեարկել կուսակցական ցուցակների օգտին:

«Վիրավորված ենք ու կոչ ենք անում, որպեսզի հայերը մերժեն ու չքվեարկեն կուսակցական ցուցակների օգտին, որպեսզի իշխանությունները հասկանան, որ այդպես պետք չէ անել և հետագա ընտրություններում հայկական համայնքը խաղալիք չդարձնեն քաղաքական վերնախավի ձեռքին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Թբիլիսիի հայկական համայնքի մի խմբի մտահոգություններն է փոխանցում Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը:

Թբիլիսիի հայկական համայնքը բավականին խոշոր է` պաշտոնապես 86 հազար հայ է գրանցված, որ ապրում է այնտեղ: Բայց Ստեփանյանն ասում է, որ իրենց տվյալներով թբիլիսահայերի քանակը իրականում հասնում է 120 հազար: Նրանք ընդգրկված են Վրաստանի հասարակական տարբեր ոլորտներում:

Մայիսի 30-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երկրի անկախության մեջ առաջին անգամ քվեարկությամբ կորոշվի նաև մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետը։ Մինչ այդ քաղաքապետն ընտրվում էր քաղաքի պատգամավորների` Թբիլիսիի ավագանու կողմից, ինչպես Երևանում է:

Եվ ահա այս ընտրություններում առաջադրված իշխանական «Ազգային շարժում» կուսակցության ցուցակում այս անգամ թբիլիսահայեր ընդգրկված չեն, ինչն էլ մեծ վրդովմունք է առաջացրել հայկական համայնքի հայեր մի խմբի շրջանում: Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում իշխանական թեկնածուն գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավան է:

Ընտրություններին մասնակցող «Ալյանս՝ Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի ղեկավարած համամասնական ցուցակում միայն մեկ հայ է ընդգրկված` այն էլ 56-րդ հորիզոնականում:

Ընտրություններում մյուս մրցակցային քաղաքական ուժը համարվում է «Քրիստոնեա-դեմոկրատական Շարժումը», որը ղեկավարում է Գիա Չանտուրիան: Վերջինս հայտնի է իր ադրբեջանամետությամբ:

Թեկնածուների ընտրության հարցում Թբիլիսիի հայկական համայնքը, որը ընտրողների 8 տոկոսն է կազմում, միասնական չէ: Ստեփանյանն ասում է, որ թբիլիսահայերի այնպիսի խումբ կա, որ պաշտպանում է իշխող կուսակցության թեկնածուին` Գիգի Ուգուլավային: «Դե դա հասկանալի է, քանի որ նրանք ունեն իրենց սեփական փոքր բիզնեսները և փորձում են այդպիսով պաշտպանել իրենց շահերը», -բացատրում է մեր զրուցակիցը:

Ասում է` ընդդիմության օգտին քվեարկող հայեր էլ կան: Բայց ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Ստեփանյանը, նրանք գործողություններ են ծավալում` կոչ անելով թբիլիսահայերին կուսակցական ցուցակների օգտին չքվեարկել: «Նրանք պետք է հասկանան, որ 8 տոկոսանոց համայնքի շահերը պետք է հաշվի առնել», -նշում է Ստեփանյանը:

Ինչո՞ւ է պակաս ուշադրություն հատկացվում տեղի հայերին հարցին ի պատասխան Առնոլդ Ստեփանյանը կարծիք է հայտնում. «Հավանաբար հայկական համայնքի մասին վատ պատկերացումներ ունեն բարձրաստիճան չինովնիկները կամ նրանց այդպիսի տեղեկություններ են փոխանցում: Օրինակ, Սահակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը երևի իր պասիվ վարքագծով հասկացնել է տալիս, թե հայկական համայնքը գլուխը կախ ամեն ինչի հետ համաձայն է և նրան կարելի է արհամարել: Ահա այդպիսի խամաճիկների նման վարքագիծը բերում է նրան, որ հայկական համայնքի շահերն անտեսվում են»:

Ի դեպ, Ստեփանյանի խոսքով, այս անգամվա ընտրություններում իշխող «Ազգային շարժում» կուսակցության համամասնական ցուցակում գերակշռում են ադրբեջանցի թեկնածուները:

«Եվ սա այն դեպքում, երբ Թբիլիսիում հայերի թիվը 80 հազարից անցնում է, իսկ ադրբեջանցիները այնտեղ ընդամենը 8 հազար են: Սա մեծ ապտակ է հայկական համայնքին և փորձ ցույց տալ, որ հայկական համայնքի հանդեպ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքն այսպիսին է», -կարծիք է հայտնում Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչը:

panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4