January 19, 2022

ԼՈԲԲԻ, ԼՈԲՈՒ, ԼՈԲՈՎ

ԱՄՆ վարչակազմը “գործ գտավ” ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների համար: Վարչակազմը Ադրբեջանում դեսպանի թեկնածու է առաջադրել հայտնի Մեթյու Բրայզային, ինչի կապակցությամբ արդեն իսկ դժգոհություններ են արտահայտում ամերիկահայ որոշ կազմակերպություններ, հայտարարելով, թե ԱՄՆ Սենատը պետք է շատ աչալուրջ լինի Բրայզայի թեկնածությունը հաստատելու գործում: Լավ է, որ Սենատին առայժմ չի առաջարկվում ամերիկահայ համայնքի շրջանում կամ “հայկական աշխարհում” հանրաքվեի դնել Բրայզայի թեկնածությունը հաստատելու հարցը:

Բրայզայի թեկնածության մասին խոսվում էր բավական երկար ժամանակ, այդ խոսակցությունները հերքվում էին, հաստատվում, ոչ հերքվում էին եւ ոչ էլ հաստատվում, ու վերջապես կա պաշտոնական տեղեկություն, որն էլ ամերիկահայ կազմակերպություններին, ու թերեւս ժամանակի ընթացքում էլ նաեւ շատ հայաստանյան քաղաքական ու հասարակական ուժերի համար կդառնա դժգոհություն կամ մտահոգություն արտահայտելու առիթ:

Որն է այդ դժգոհության կամ մտահոգության պատճառը, երեւի թե հեշտ չի լինի ըմբռնել քաղաքական մտածողության տեսանկյունից: Ինչ վատ բան է արել Բրայզան մինչեւ հիմա, որ հայերը մտահոգվում են նրա նշանակման կապակցությամբ: Իհարկե, թրքուհի Զեյնո Բարանի հետ նրա ամուսնությունը մեծ հիասթափություն պատճառեց հայ ժողովրդին, բայց չէ որ ավելի ճիշտ կլինի արժանապատիվ տանել այդ հարվածը եւ Բրայզային ցույց չտալ, որ նա խոցել է մեր ազգային արժանապատվությունը: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Բրայզան շատ անգամներ արել է հայտարարություններ, որոնք կամ անդուր են եղել հայկական կողմի համար, կամ էլ ուղղակիորեն հակասել են հայկական կողմի շահին:

Բայց այդ դեպքում ռացիոնալ եւ տրամաբանական կլիներ դժգոհությունը, եթե ԱՄՆ Բրայզային առաջարկեր որպես Հայաստանի դեսպան: Ինչ է ակնկալում ամերիկահայ լոբբին` որ Միացյալ Նահանգները Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակեն ադրբեջանատյաց կամ թուրքատյան մեկի՞ն: Չէ՞ որ դեսպանը պետք է աշխատի այդ երկրի իշխանության հետ, այնտեղ առաջ տանի ԱՄՆ շահը: Այդ բանն ավելի արդյունավետ կիրականացնի նա՞, ում հարաբերությունը Ադրբեջանի իշխանության հետ գտնվում է հակադրության, թե՞ գործակցության ռեժիմում:

Հետեւաբար, ելակետը պետք է լինեն ոչ թե Բրայզայի նախկին արտահայտությունները, կամ էլ առավել եւս նրա ամուսնությունը թրքուհու հետ, այլ թերեւս ելակետ պետք է դիտվի ԱՄՆ քաղաքականությունը, տարածաշրջանային ռազմավարությունը, որովհետեւ դեսպանը եւ նրա կինը քաղաքականություն չեն կանխորոշում կամ վճռում, այլ իրականացնում են արդեն իսկ կանխորոշված եւ վճռված քաղաքականությունը, արտահայտում են այն: Հետեւաբար, Ղարաբաղի հակամարտության գործընթացին եւ տարածաշրջանային թե արտաքին քաղաքական, թե Հարավային Կովկասի երկրների ներքաղաքական նրբություններին եւ առանձնահատկություններին քաջատեղյակ Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին, թերեւս հուշում է, որ ԱՄՆ ունի Ադրբեջանի իշխանությանը ոչ թե հովանավորելու կամ քաջալերելու, այլ նրա հետ մանրակրկիտ աշխատանքի անհրաժեշտություն, խնդիր: Թերեւս շատ հավանական է, որ Բրայզայի խնդիրը լինելու է Ադրբեջանի իշխանությանը “վարժեցնելը”, իսկ հասկանալու համար, թե հատկապես ինչին, թերեւս արժե ուշադրություն դարձնել, թե Ադրբեջանը հատկապես ինչի կապակցությամբ է շատ աղմկում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4