January 19, 2022

Ղարաբաղ. անորոշ կարգավիճակ և պատերազմի վերսկսման սպառնալիք

Հայտարարությունների այն հեղեղը, որը հաջորդեց Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրություններին, խոսում է այն մասին, որ ղարաբաղյան խնդիրն այս պահին արդիական հարցերից մեկն է:
Այս հայտարարություններից ոչ մեկում չի հիշատակվում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին: Ղարաբաղը չի ճանաչվում որպես անկախ պետություն, սակայն ոչ ոք չի հայտարարում, որ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Բոլոր հայտարարություններում հստակ նշված է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում:
Միջազգային կառույցների հայտարարություններում առանձին ընդգծվում էր, որ Հայաստանը նույնպես չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը:

Քաղաքական վերլուծաբաններն այս հայտարարությունները գնահատում են որպես Հայաստանին ուղղված կոչ` առաջինը ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Այս հարցի շուրջ Հայաստանում կարծիքները բաժանվում են. մի մասն այդ կոչն արդարացի է համարում, քանի որ հնարավոր չէ պահանջել միջազգային ճանաչում, եթե Հայաստանն ինքը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Սակայն մյուս մասը, այդ թվում` իշխող կուսակցությունը, համաձայն չէ սրան և համարում է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելուն:

Այն, որ պատերազմի վերսկսման սցենարը արդիական է, վկայում է Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Համատեղ ճեպազրույցի ընթացքում Ռասմուսենը հայտարարել էր. «Այս հակամարտությունում ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության հնրարավորություն չեմ տեսնում»:

Սարգսյանը պատասխանը երկիմաստ էր. «Ես ո´չ հիմա, ո´չ էլ առաջ չեմ լսել, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես դերակատարում չունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, հատկապես եթե հանկարծ վերսկսվեն պատերազմական գործողությունները: Հայտնի է, որ ղարաբաղյան հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հայաստանը և Ադրբեջանը ԵԽ անդամներ են, և խնդրի լուծմամբ զբաղվում են եվրոպական կառույցները: ՆԱՏՕ-ն պատասխանատու է Եվրոպայի անվտանգության համար, և, ինչքան հասկանում եմ, Եվրոպան ՆԱՏՕ-ից բացի այլ զինված ուժեր չունի»,- նշել էր Սարգսյանը:

Շատերը Սարգսյանի պատասխանը գնահատեցին որպես ՆԱՏՕ-ին ուղղված կոչ` միջամտելու պատրաստվող պատերազմին:

Սակայն քննարկվում է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման երկրորդ տարբերակը` ձևավորված ստատուս քվոյի ճանաչումը Ադրբեջանի կողմից: Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը հետաքրքիր ձևակերպում է պարունակում. «Ադրբեջանը երբեք չի ընդունի fait accompli-ի (կատարված փաստեր) հիման վրա այն որոշումները, որոնց հետամուտ է Հայաստանը»:

Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը դիմել է Ադրբեջանին նման առաջարկությամբ: Այս առնչությամբ Ստեփանակերտում հայտարարեցին, որ Ղարաբաղի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը փաստացի իրավիճակի միջազգային ամրագրումն է:

Իր հերթին` Մոսկվայում կարծում են, թե խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է, որ «Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ինչպես նաև Թուրքիան և Իրանը ձևակերպեն ընդհանուր դիրքորոշում` կապված ի պատասխան Ղարաբաղի անկախության ճանաչման` ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների մի մասի վերադարձի խնդրի հետ»: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

armenianow.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4