January 19, 2022

«Պետք է ունենալ համարժեք ազդեցություն ադրբեջանական քարոզչությանը»

«Առաջիկայում ԵԽԽՎ-ում պետք է քննարկվի 2005 թ-ին ընդունված 1416 բանաձևը, որը նախատեսում է ԵԽԽՎ-ում ստեղծել ենթահանձնաժողով` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվելու համար: Այս բանաձևը կյանքի կոչելու համար մեծ ջանքեր է գործադրում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն»,- հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով անընդունելի է համարում հանձնաժողովի ստեղծումը, քանի որ 2216 բանաձևում նշված է նաև, որ «Հայաստանն օկուպանտ երկիր է»:

Ըստ Զ. Փոստանջյանի` բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել այն մասին, թե «Հայաստանի Հանրապետությունն օկուպանտ է և բռնազավթել է Ադրբեջանի ինչ-որ տարածքներ, մինչդեռ մինչ օրս ՀՀ-ն ոչ մի փաստաթուղթ չի նախաձեռնել, որտեղ նշված լինի, որ, իրականում, օկուպանտ երկիրն Ադրբեջանի Հանրապետությունն է»:

«ԵԽԽՎ-ում մենք առնվազն ունենք 16 ելույթի իրավունք, և եթե դրանցից 6-ը վերաբերեր նրան, թե ինչ է զավթել Ադրբեջանի Հանրապետությունը և, իրականում, ինչ է տեղի ունենեցել, միգուցե, այսպիսի հաջողություններ Ադրբեջանն ու Թուրքիան չգրանցեին»,- ընդգծեց Զ. Փոստանջյանը, ով կարևորեց այդ հանգամանքը` ասելով, որ «Եվրամիության բոլոր կառույցները միմյանց հետ են աշխատում, և բոլոր կառույցներում պտտվող կամ ընդունվող փաստաթղթերն ու ելույթները միմյանց հետ սերտ կապի մեջ են. այդ իրողություները մեկը մյուսից տարանջատել չի կարելի»:

Պատգամավորի կարծիքով` նույնիսկ այն կառույցներում, որտեղ մենք չունենք պատվիրակություններ, կարող ենք քննարկվող կամ ընդունվելիք փաստաթղթերին տալ համարժեք պատասխաններ` դրանց մասին տեղեկանալով ինտերնետից:

«Մենք պարտավոր ենք ունենալ մեր համարժեք ազդեցությունը ադրբեջանական քարոզչությանը, միչդեռ այդ ուղղությամբ գրեթե ոչինչ արված չէ»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Զ. Փոստանջյանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4