January 28, 2022

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՏԵՂՈՒՄ` ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Երեկ հայտնի դարձավ այս կապակցությամբ հայտարարված միջազգային մրցույթի հաղթողը: Հյուրանոցային համալիրը կկառուցի ճապոնական «Արայ արքիթեքս» ընկերությունը` ճապոնացի ճարտարապետ Արայ Յոկազայի նախագծով: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ճապոնացի ճարտարապետը տեղեկացրեց, որ համալիրը բաղկացած է լինելու բնակարանային համալիրից, հյուրանոցային բաժնից, գործարար-կենտրոնից եւ այլ բաժիններից: «Մենք այնպես ենք նախագծել, որ սենյակներն ու կառույցները նայեն դեպի հարավ, իսկ սենյակների 95 տոկոսըՙ դեպի Արարատ: Առհասարակ կառույցն այնպես է լինելու, որ ասես գրկում է ձեզ, գրկում է քաղաքը, գրկում է օդը: Ես ցանկանում են նաեւ, որ համալիրում լինի երեւանցիների համար բաց տարածք: Հյուրանոցային, բնակարանային մասերն ու բիզնես կենտրոնը միանում են հրապարակով, որտեղ էլ կլինի հիմնական ակտիվությունը: Կկառուցվի նաեւ 2000 ավտոմեքենաների համար կայանատեղ», նշեց Յոկազան: Ճապոնացի ճարտարապետը վստահեցրեց, որ մտածված է նաեւ շինության սեյսմակայունության հարցը:

Համալիրի պատվիրատու «Ավանգարթ Մոթորս» ընկերության նախագահ Էդուարդ Ավետիսյանը նշեց, որ հաղթող աշխատանքը ներկայացվելու է քաղաքաշինության հանձնաժողով, որտեղ եւ տրվելու են վերջնական ցուցումներն ու սկսվելու են աշխատանքները. «Մենք նպատակ ունենք 3-4 տարվա ընթացքում ավարտել շինարարությունը», նշեց Ավետիսյանը` հավելելով, որ ամբողջ ներդրումային ծրագիրը կազմելու է շուրջ 200 մլն դոլար, իսկ շինարարական աշխատանքները կատարվելու են բացառապես հայկական աշխատուժն օգտագործելով:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշեց, որ հաղթող է ճանաչվել ճապոնացի ճարտարապետի նախագիծն այն պատճառով, որ հնարավորություն է ընձեռնվում պահպանելու լանդշաֆտը. «Ընտրվել է այնպիսի կոնցեպցիա, որ պահպանվի տեղանքի բարձրությունն ու հնարավորինս պահպանվեն քաղաքի եւ պատվիրատուի պահանջները», նշեց Մինասյանը:

Մրցույթի հանձնաժողովի անդամներ էին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու շինության սեփականատեր Էդուարդ Ավետիսյանը: Առաջին տեղին արժանանալու համար Արայ Յոկազան իր խմբի հետ կպարգեւատրվի 70 հազար դոլարով:

armtown.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4