September 25, 2023

Սուսաննա Շահինյանից հույսը կտրել են. Սեֆիլյանին ու Միքայելյանին շնորհավորում են բաց նամակով

Հայ կամավորական Արմենուհի Մելքոնյանը Սուսաննա Շահինյանին դիմել է բաց նամակով, որում ասվում է.

«Հարգելի խմբագրություն։ Հունվար ամսին մի խումբ կին կամավորականներ նամակով դիմեցինք «Երաժշտական փոստարկղին։ Ծրարում գարնանային ձնծաղիկներ էին և հայոց եռագույնը «ոչ մի թիզ հող» մակագրությամբ։

Հայոց բանակի տոնի առիթով շնորհավորել էինք Արցախյան Ազատամարտի և բանակաշինության ակունքներում կանգնած Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին՝ ցանկանալով նրան քաջառողջություն և ՀՀ քաղաքացիություն։ Միաժամանակ, շնորհավորել էինք նաև «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին։ Երաժշտական պատվերը Ռուբեն Հախվերդյանի և Դավիթ Ամալյանի «Կտակն» էր։ Ցավոք, մեր խնդրանքը չկատարվեց։
Կրկին նման խնդրանքով, այս անգամ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, դիմեցինք Սուսաննա Շահինյանին նամակով, որը հանձնեցի անձամբ Ռադիոտուն, նամակների բաժին։ Մայիսի 9-ը Սասուն Միքայելյանի համար վերածննդի օր էր. այդ մարտում Սասունը ծանր վիրավորվել էր։

Ցավոք այս անգամ էլ մեր խնդրանքը չկատարվեց։

Տիկին Շահինյան, երբ դուք լքելով հայրենիքը օրհասական պահին հոլանդիաներում ապահով և բարեկեցիք կյանք էիք վարում, ազգի լավագույն տղաները ձեր, ձեր զավակի և մեր բոլորի հայրենիքն էին պաշտպանում։ Մի բան, որ Դուք ոչ զգացիք, ոչ արժևորեցիք։ Դեռ մի բան էլ Ձեզ իրավունք վերապահեցիք «Երաժշտական փոստարկղը» վարել Ձեր ցանկություններին և արժեհամակարգին համապատասխան։

Ցավոք, այսօր հայրենիքի պաշտպանները, լավագույն տղաները ոչ միայն չեն գնահատվում, այլ հանիրավի դատապարտվում են և մերժվում։

Զորօրինակ, Շուշիի քաղաքապետի մերժումը Ժիրայր Սեֆիլյանին «Շուշիի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու հարցում։

Սփյուռքից հայրենիք վերադարձած, հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ հայորդիք ՝ Վարդգես Գասպարին, Ժիրայր Սեֆիլյանը, Սարգիս Հացպանյանը հայտնվեցին բանտերում, իսկ սփյուռքի «տիկին նախարարուհին» առանց խղճի խայթ զգալու դեռ շարունակում է «արի տուն» կոչով դիմել սփյուռքահայերին։ Այսուհետ չակնկալելով ձեր և ձեր ղեկավարության երախտապարտ վերաբերմունքը ազգի լավագույն, հայրենանվեր տղաների նկատմամբ, բաց նամակով ենք շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ, ցանկանում, որ անկախությունը և ազատությունը ի վերջո դառնան մեր պայքարի հավերժական նվաճումը։ Իսկ ինչ մնում է երաժշտական պատվերին, ապա դրա կարիքն էլ չկա, քանի որ ազատության ու անկախության երգը, հայ երգը միշտ նրանց հոգում է»։

tert.am

photo by pakagic.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4