
- Ասում է քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանը
– Պարոն Ուռուտյան, ինչպե՞ս եք այդտեղից` բանտից տեսնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության աշխատանքը: Կարծիքներ կան, որ ընդդիմությունը այսօր պասիվ է, ըստ ձեզ, դա այդպե՞ս է: – Արդեն 2 տարի եւ 3 ամիս է, ես բանտում եմ, եւ այդ ընթացքում երբեւէ չեմ տեսել, որ ինչ-որ տեղ, ինչ-որ հարցում ընդդիմությունը պասիվություն ցուցաբերած լինի: Ընդհակառակը, Հայ Ազգային Կոնգրեսը քանի գնում ուժեղանում է: Սա ոչ թե հենց այնպես արված հայտարարություն է, այլ դա մենք ինքներս զգում եւ տեսնում ենք: Զուգահեռաբար` մենք նաեւ տեսնում ենք, թե ինչպիսի վտանգավոր զարգացումներ են ի հայտ գալիս Ղարաբաղի հարցում, երբ իշխանությունները գնալով զիջումներ ու պարտություններ են գրանցում: Իշխանությունների այդ վիճակին զուգահեռ` ընդդիմությունը օրեցօր ուժեղանում է: Եթե կասկածների պահ էլ կա, ապա դրանք շուտով կփարատվեն, եւ այդ ամենը շուտով տեսանելի կլինի: – Ձեր կարծիքով` ինչո՞ւ պետք է իշխանությունները գնան Ղարաբաղի հարցում զիջումների, ի վերջո, չէ՞ որ Ղարաբաղը այն արժեքն է, որի համար ժամանակին կողք կողքի պատերազմել են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ: – Ես կարծում եմ, որ ոչ թե իշխանություններն են հենց այնպես գնում զիջումների, այլ իրենց ստիպում են, որպեսզի իրենք գնան այդ զիջումներին: Իսկ ստիպում են այն պարզ պատճառով, որ մենք այսօր չունենք օրինական իշխանություններ: 2008 թվականի փետրվարի 19-ին, երբ որ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, դա տեղի ունեցավ ապօրինության միջոցով, այդ պատճառով էլ, ավելի քան հարյուր հոգի` հայտնվեցինք կալանավայրերում: Եվ առ այսօր էլ դեռ մենք չունենք օրինական իշխանություններ, ու դրա համար էլ հզոր պետությունները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, այս իշխանություններին ստիպում են գնալ զիջումների: Իսկ եթե մենք ունենայինք ուժեղ պետություն, ուժեղ ասելով` նկատի ունեմ, եթե ունենայինք իրապես ընտրված նախագահ, ապա այդ դեպքում հզոր պետությունները նրա հետ հաշվի կնստեին: Այսօր մենք չունենք այդ ընտրված նախագահը եւ չունենք այդ իշխանությունը: – Այսինքն` դուք ամբողջությամբ կիսո՞ւմ եք Կոնգրեսի մարտավարությունը: – Ես ոչ միայն կիսում եմ, այլեւ կարելի է ասել` երկու ձեռքով կողմ եմ եւ ամեն ինչով աջակցում եմ դրան: Ավելին` նույն այդ պայքարը ես հիմա տանում եմ այստեղ` բանտում: Այնպես չէ, որ կալանավայրում հենց այնպես նստած եմ, ո՛չ, բոլոր կալանավորների հետ զրուցում ենք, քարոզում ենք, եւ կարող եմ ասել, որ այստեղ բոլոր կալանավորներն էլ ուզում են, որ իշխանափոխություն լինի: – Իսկ այս իշխանություններն, ըստ ձեզ, որքա՞ն կարող են այսպես ձգել: – Ես արդեն զգում ու տեսնում եմ, որ այս իշխանություններին էլ բան չմնաց: Ինչպես ասել է մեր առաջնորդը` ՀՀ առաջին նախագահը, նրանք մինչեւ սեպտեմբեր կարող է եւ չձգեն: Կարելի է ասել` այս իշխանություններին հաշված օրեր ու ժամեր են մնացել. նրանք գնալու են: Գնալու են ինչի համար, որովհետեւ կամ Ղարաբաղի հարակից երկու շրջանները պետք է տան, կամ` հրաժարական տան: Ես այլ ելք չեմ տեսնում: – Պարոն Ուռուտյան, վերջին շրջանում, հատկապես ղրղզական դեպքերից հետո, ոմանք Հայաստանում սկսեցին խոսել այն մասին, թե ինչո՞ւ հայկական ընդդիմությունն էլ չի ակտիվանում, փողոց դուրս չի գալիս: Ըստ ձեզ, արդյո՞ք ընդդիմությունը պետք է աներ այն, ինչ արեց ղրղզական ընդդիմությունը: – Մեր ընդդիմությունը չգնաց այդ քայլին, որովհետեւ մենք ունենք այնպիսի մեծ, քաղաքագետ առաջնորդ, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Նա մեր պայքարը տանում է այնպիսի ճանապարհով, որ չլինեն զոհեր: Իսկ մարտի 1-ը սարքեցին իրենք` Քոչարյանը, Սերժը, նրանք Երեւանի սրտում իրականացրեցին այդ սպանդը հայ ազգի նկատմամբ: Այսպիսի բան ո՞վ էր սպասում, ինչի՞ համար. միայն իրենց աթոռներին ավելի ամուր կպչելու համար: – Իսկ եթե Ղարաբաղի հարցում նորից վտանգ լինի, ի՞նչ կլինի այդ դեպքում: – Եթե Աստված չանի, մի անգամ արդեն ասել եմ, եթե պատերազմի վտանգ եղավ, մենք էլի պատրաստ ենք գնալու, պատրաստ ենք զոհվելու մեր փոքր Հայաստանը պահելու համար: – Եվ վերջում, պարոն Ուռուտյան, բանտից ի՞նչ կոչ կանեիք այստեղ` ազատության մեջ գտնվողներին: – Համբերենք, սպասենք, տեսնենք, թե մեր առաջնորդը ինչ քայլեր կանի, եւ անենք այն, ինչ այսօր ճիշտ է համարում Հայ Ազգային Կոնգրեսը: Գնանք մեր առաջնորդի հետեւից: Պայքար, պայքար մինչեւ վերջ:
- Քրիստինե Խանումյան
- armtown.com
Leave a Reply