May 19, 2022

«Իշխանությունը չի տիրապետում»

«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ իշխող կոալիցիայի անգործության հետեւանքով Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է թիվ 2216 բանաձեւը, որում մասնավորապես ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող ձեւակերպումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին` պարունակում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հիմնախնդրի վերաբերյալ ակնհայտորեն ադրբեջանամետ դիրքորոշումներ:

Նախքան լիագումար նիստում Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւի ընդունումը այդ կառույցի Արտաքին հարցերի հանձնաժողովը 2010թ. հունվարի 11-ին` զեկուցող Եվգենի Կիրիլովի հեղինակմամբ, պատրաստել է ադրբեջանանպաստ զեկույցի նախագիծ, որի դրույթները վերափոխվելով` առավել ադրբեջանամետ են դարձել Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի ապրիլի 23-ին ընդունված փաստաթղթում:

Սույն զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի գնահատականները եւ կոալիցիան ներկայացնող պատգամավորների ելույթները վկայում են, որ գործող իշխանությունը բոլորովին չի տիրապետում տարածաշրջանում տեղի ունեցող հակահայ գործընթացներին եւ հիմնավորապես զուրկ է դրանց վրա ազդելու ունակությունից:

Միջազգային տարբեր կառույցներում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեությանն անթույլատրելիորեն համակերպված մեր կառավարության ներկայացուցիչների եւ կոալիցիայի պատգամավորների անտարբերությունն ու անգործությունը ժամանակի ընթացքում լուրջ սպառնալիք են դառնում հայ ժողովրդի համար եւ կարող են անդառնալի կորուստներ պատճառել հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությանը, համազգային կենսական շահերին, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ապրող ու արարող բնակչության անվտանգությանը:

ՀՀ գործող իշխանությունների անհամարժեք արտաքին քաղաքականության հետեւանքով հայկական շահերի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած քարոզչական եւ քաղաքական ուժգնացող պատերազմին համակարգված, արդյունավետ հակազդեցության բացակայությունը վտանգավոր այդ դաշինքին հնարավորություն կտա քաղաքական ու դիվանագիտական նորանոր հաջողություններ գրանցել այնքան ժամանակ, քանի դեռ նպատակային եւ լիովին չի օգտագործվում հայ ժողովրդի ողջ ներուժը` ՀՀ պետական բոլոր կառույցների, հայոց աշխարհասփյուռ քաղաքական, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների, արտերկրի հայաշատ համայնքների բնակչության հավաքական կարողականությունը:

ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ թուրք-ադրբեջանական արշավի հաջորդ վտանգավոր հանգրվանը ԵԽԽՎ նախագահ, Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչ Մեւլութ Չավուշօղլուի գործողություններն են` ուղղված ԵԽԽՎ թիվ 1416(2005) բանաձեւի կենսակոչմանը, այն է` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող ենթահանձնաժողովի վերակազմավորումը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը` չունենալով ԼՂՀ լիազորությունը, Ստրասբուրգում բանակցություններ է վարում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի եւ Չավուշօղլուի հետ:

Հայոց պետականության դեմ միջազգային կառույցներում առկա մարտահրավերները կանխելու եւ դրանց արդարացի լուծում տալու համար անհրաժեշտ է շուտափույթ ստեղծել Համակարգող խորհուրդ` բաղկացած ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների համապատասխան խորհրդարանական մշտական հանձնաժողովների անդամ-պատվիրակներից, ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից:

Համակարգող խորհուրդը պարտավոր է պարբերաբար հրապարակային հաշվետվություն ներկայացնել սույն խնդրի հետ կապված` միջազգային կառույցներում տեղի ունեցող գործընթացների, ինչպեսեւ իր կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Համագործակցելով եւ օգտագործելով հայ ժողովրդի ողջ ներուժը, Խորհուրդը պետք է ստեղծի վերլուծական մարմին, որը կհետեւի միջազգային բոլոր ազդեցիկ կառույցներում հայ ժողովրդի կենսական շահերը շոշափող գործընթացներին եւ անհապաղ պետական ու հասարակական բոլոր խողովակներով պատշաճ կերպով կարձագանքի դրանց»,-ասված է հայտարարության մեջ:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4