January 28, 2022

Կովկասի տարածաշրջանային անվտանգությանը նվիրված համաժողով է անցկացվում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Իրավիճակը Կովկասում և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» միջազգային համաժողովն է անցկացվում երեքշաբթի Երևանում։

Համաժողովը նվիրված է վերջին տարիներին կովկասյան տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությանը, տարածաշրջանում Հարավային Կովկասի, Իրանի և Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի և այլ տերությունների քաղաքականությանը։

Միջոցառման շրջանակներում կվերլուծվեն տարածաշրջանային անվտանգության, կայունության, ինտեգրացիայի և համագործակցության խնդիրներ, ինչպես նաև կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի զարգացման հեռանկարներ։

«Հայաստանի կառավարությունը աջակցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի՝ Երևանում  «Իրավիճակը Կովկասում և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» միջազգային համաժողովի անցկացման ցանկությանը, և մենք առավելագույն ջանքեր ենք գործադրել, որպեսզի այս տարածաշրջանի բոլոր պետությունների՝ ճանաչված և չճանաչված, ներկայացուցիչները մասնակցեն համաժողովին»,- երեքշաբթի լրագրողներին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Ըստ նրա՝ կազմակերպիչները մինչև վերջին րոպեն հույս ունեին, որ կժամանեն Ադրբեջանի ներկայացուցիչներն, «ովքեր նման հետաքրքրություն էին դրսևորում»։

«Բայց վերջին պահին, ցավոք, հավանաբար ըստ ավանդության, նրանք ստիպված եղան հրաժարվել, չեմ կարծում, թե սեփական կամքով։ Այնուամենայնիվ, մենք հարգում ենք ցանկացած որոշում»,- ասաց նա։

Համաժողովին մասնակցում են քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ և փորձագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Լեռնային Ղարաբաղից, Իրանից և Թուրքիայից։

«Մենք փորձագետների ենք վերածվել այսօր, նույնիսկ եթե մենք միաժամանակ պատգամավոր ենք, փոխնախարար, դեսպան, և անկեղծորեն ցանկանում ենք խոսել այն մասին, թե ինչն է սպառնում Կովկասի կայունությանը և ինչպես խուսափել այդ ներքին ու արտաքին սպառնալիքներից»,- հավելեց Զատուլինը։

newsarmenia.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4