January 28, 2022

Կոնգրեսի վերջին խորհուրդն իշխանություններին

Այսօր Գյումրիի Թատերական հրապարակում հավաքվածները Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներից պահանջում էին կտրուկ քայլեր` իշխանափոխություն: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում հավաքվածներին վստահեցրեց, որ համամիտ է նրանց հետ, սակայն նշեց, որ իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով: «Մենք պահանջում ենք նոր համապետական նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Մինչեւ այս հարցը չլուծվի, երկիրը դուրս չի գա ճգնաժամից:Կեղծում են ընտրությունները, մարդկանց բանտ են նետում, հետո ասում են` եկեք երկխոսենք: Ոչ: Այդպես չի լինում»,- իր ելույթում նշեց պարոն Դեմիրճյանը: Իշխանություն-ընդդիմություն լավագույն երկխոսությունը Ստեփան Դեմիրճյանը համարում է արդար եւ ազատ ընտրությունների անցկացումը:

Իր ելույթում ՀԺԿ նախագահն անդրադարձավ ժողովրդի սոցիալ տնտեսական վիճակին` նշելով, որ դրա հիմնական պատճառը ոչ թե միջազգային տնտեսական ճգնաժամն է, այլ իշխանությունների վարած քաղաքականությունը, որը նպաստում է մի խումբ մարդկանց հարստացմանը` թշվառացնելով ժողովրդին: «Երկրում օրինականության, արդարության հաստատումը կնպաստի նաեւ արտաքին մարտահրավերների դիմակայմանը»: Դեմիրճյանը բոլորին կոչ արեց չհուսահատվել` վստահեցնելով, որ իրենց պայքարը ավարտվելու է հաղթանակով:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գյումրեցիներին խոստացավ, որ իշխանափոխությունը սարերի հետեւում չէ. «Այսօր իշխանության են առյուծ սիրողներ, առյուծ սպանողներ, առյուծ պահողներ: Բայց այդ մարդիկ, դժբախտ մարդիկ են: Այսօր Հայաստանում չեք գտնի մի մարդ, ով ասի, թե Ռոբերտ Քոչարյանի ընկերն են: Այդ մարդիկ մեղք են եւ դրանից իրենց չարությունը թափում են մեր ժողովրդի գլխին: Ինչ էլ անի Սերժ Սարգսյանը, փաստն այն է, որ նա իշխանության է եկել 10 զոհերի գնով»:

Այսօր Գյումրիում կազմակերպված Կոնգրեսի հանրահավաքի ներկա էին նաեւ մարտի 1-ի 10 զոհերի հարազատները, որոնց Կոնգրեսի անունից խորին շնորհակալություն հայտնեց Արամ Սարգսյանը:

Ի դեպ, նա իշխանությունների խորհուրդ տվեց ավելի լուրջ վերաբերվել Կոնգրեսի վերջին հանրահավաքում հնչածին. «Ամեն մեկի հայրենիքը սկսվում է նրա տան շեմից եւ այդ շեմից պետք է սկսել հայրենիքի պաշտպանությունը: Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տան շեմը Ղարաբաղում է: Հանուն Ղարաբաղի մինչեւ սեպտեմբեր ՀՀ-ում անցկացրեք արտահերթ նախագահի ընտրություններ: Դա Կոնգրեսի վերջին խորհուրդ էր իշխանություններին»:

Այսօրվա հանրահավաքին ներկա էր նաեւ Գագիկ Ջհանգիրյանը, որը անդրադարձավ 2008թ. նախագահի ընտրություններից հետո մինչ օրս ՀՀ իրավական դաշտում տիրող իրավիճակին: Նշելով, որ մեր դատախազությունն ու դատարաններն այսօր չեն գործում օրենքի շրջանակներում եւ քաղբանտարկյալներին պատանդ են պահում` իրենց իշխանությունը երկարաձգելու համար` Գագիկ Ջհանգիրյանն ասաց.

«Մեր ընկերներին ներման խնդրագրեր գրելու խորհուրդ տվող պաշտոնյա խելոքները լավ կանեն հայ տղամարդու համար անընդունելի իրենց խրատները պահեն անհայտ սեռի իրենց տեսակի ներկայացուցիչներին»:

Նա ընդգծեց, որ ընդդիմադիրներին առաջադրված բոլոր մեղադրանքները եղել են շինծու եւ առանց որեւէ ապացույցների: Ջհանգիրյանը ներկաներին կոչ արեց զինվել համբերությամբ` վերջնական հաղթանակը միասին արձանագրելու համար: Հավաքվածները Ջհանգիրյանին արձագանքեցին. «Հաղթանակ», «Հաղթանակ»:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4