
Գյումրեցի թոշակառուներն իրենց թոշակը պատրաստ են տալ Սերժ Սարգսյանին եւ դրա դիմաց նրանից պահանջում են ասել. «Ինչպես ապրել թոշակով, երբ համատարած թանկացումներ են»:
«Այսօր բոլորն են վատ ապրում մեր երկրում, սակայն Գյումրիում իրավիճակը ավելի ծանր է: Աշխատանք չունենք, երեխաները ամբողջ օրը աղբանոցներից հաց են հավաքում: Հպարտ գյումրեցուց այսօր ոչինչ չի մնացել »,- «Ա1+»-ին ասաց Գյումրիի բնակիչ, նախկին ուսուցիչ Ջուլիետա Ավետիսյանը:
Գյումրեցի Գայանե Խաչատրյանի կարծիքով` իրենք այսօր արդարության կարիք ունեն. «Մեր երեխաները ապագա չունեն: Մեր թոշակը միայն լույսի ու գազին չի բավարարում: Թող ասեն` ինչո՞ւ բարձրացրեցին գազի գինը: Իշխանավորները գալիս են Գյումրի, նրանց մոտենալ թույլ չեն տալիս, որ մեր դժգոհությունն արտահայտենք»:
Գյումրեցիներն իրենց հուզող հարցերն այսօր ուղղեցին Հայ Ազգային Կոնգրեսի անդամներին:
Կոնգրեսի այսօրվա հանրահավաքում երկրում տիրող տնտեսական իրավիճակին անդրադարձավ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, սակայն մինչ այդ նա ընթերցեց գյումրեցիներից ստացած մի երկտող, որտեղ նշված էր, թե իրենք չեն հավատում Սերժ Սարգսյանին եւ մյուս իշխանավորներին: «Դուք պետք է հասկանաք, որ բացառվում է, որ երկրի նախագահը լինի երկրի ամենահարուստ մարդը եւ այդ երկիրը երկիր լինի: Քաղաքականության մեջ չի աշխատում «աչքը կուշտ է» սկզբունքը, այլ աշխատում է այլ սկզբունք` ախորժակը ուտելու ընթացքում է բացվում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա մեջբերեց օրերս ռուսական էլեկտրոնային մամուլի էջերում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն հասնում է 5 միլիարդի. «Նա իր հարստությամբ 4-րդ հարուստ մարդն է ԱՊՀ-ում: Նա խոշոր գործատու է, նա չէր կարող ձեր մասին մտածել: ԱՄՆ ունեցել է 45 պրեզիդենտ, սակայն նրանցից որեւէ մեկը մեծահարուստ չի եղել: Մարդիկ հասկացել են, որ առանձին բան է բիզնեսմենը, առանձին բան է պետական կառավարումը»:
Բոլոր ընտրություններից առաջ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց հաշվի առնել հետեւյալ հանգամանքը. «Եթե մի հաստավիզ գալիս է, ձեզ ասում է, ես ամեն ինչ ունեմ, ձեր ձայնը ինձ տվեք, գնամ ԱԺ մի քիչ էլ ձեր մասին մտածեմ, ուրեմն նա սուտ է խոսում: Նա գնում է պառլամենտ` իր ունեցած կրկնապատկելու»:
Երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ իշխանությունների բացատրությունները տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գնահատեց «Գյուլնազ տատու հեքիաթներ: Նրանք նորմալ լեզու չեն հասկանում: Մենք պետք է թույլ չտանք, որ մեզ հետ վարվեն այդպես, եւ այդ դեպքում իշխանությունները կհեռանան»,- խոստացավ Վահագն Խաչատրյանը:
a1plus.am
Leave a Reply