January 28, 2022

Հայկական արմատներով Քըլըչդարօղլուն գլխավորեց Թուրքիայի ընդդիմությունը

Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար է ընտրվել նույն կուսակցությունից Ստամբուլի պատգամավոր Քեմալ Քըլըչդարօղլուն:

Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ` կուսակցության 33-րդ համաժողովի ժամանակ կայացած ընտրություններում հաղթել է Քեմալ Քըլըչադրօղլուն` Դենիզ Բայքալից հետո դառնալով Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության 7-րդ նախագահը: Ի դեպ նշենք, որ Քըլըչդարօղլուն կուսակցապետի աթոռի համար առաջադրված միակ թեկնածուն էր:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայքալը հրաժարական էր տվել սեքս սկանդալի պատճառով:

Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատների մասին թուրքական ԶԼՄ-ներն առաջին անգամ սկսեցին գրել դեռ 2009թ.` ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ Քըլըչդարօղլուն ակտիվ պայքարում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար:

Թուրքական որոշ լրատվամիջոցներ շրջանառության մեջ դրեցին այն տեղեկությունը, թե Քեմալ Քըլըչդարօղլուի մայրը հայ է, անունը` Եմուշ և ապրում է Դերսիմում:

Այդ օրերին Քեմալ Քըլըչդարօղլուին անընդհատ հարցեր էին ուղղում նրա հնարավոր հայկական ծագման մասին, որոնց ի պատասխան մի առիթով թուրք քաղաքական ընդդիմության նոր առաջնորդը հայտարարեց. «Մայրս կարող է և՛ հայ լինել, և՛ քուրդ, և՛ հույն, սակայն դրանից մորս հանդեպ իմ սերը չի պակասի»:

Քըլըչդարօղլուի հայկական ծագման առնչությամբ լուրջ միջադեպ էր տեղի ունեցել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ:

Հարձակման էր ենթարկվել Ստամբուլի մեր հայրենակիցներից Րաֆֆի Հերմոնը, որը նույնպես Ժողովրդահանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուներից էր: Անհայտ անձինք հարձակվել էին նրա տան վրա, բարեբախտաբար, պատճառելով միայն նյութական վնաս:

Դեպքի առնչությամբ Րաֆֆի Հերմոնը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել այն պատճառով, որ Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին առաջադրված թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին քարոզարշավի շրջանակում Քընալը Ադա կատարած այցի ժամանակ ինքը դիմավորել էր հայերեն ցուցապաստառով, որի վրա գրված էր՝ «Սիրելի Քըլըչդարօղլու, բարով եք եկել Քընալը Ադա»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4