September 25, 2023

Ղարաբաղն ապացուցում է, որ բարձր մակարդակի ժողովրդավարական երկիր է

«Ղարաբաղում ընտրությունները շատ լավ են անցնում, կարծես Արցախում տոն լինի»,- այսօր Արցախում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքն այսպես բնորոշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Ղարաբաղից Tert.am-ի հետ հեռախոսազրույցում` ընդգծելով, որ Արցախի բնակիչները մեծ ակտիվությամբ են մասնակցում ընտրություններին:

Ղարաբաղում այսօր ընթացող խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի խորհրդարանից պատգամավորական պատվիրակություն է երեկ մեկնել Լեռնային Ղարաբաղ, որը ղեկավարում է Էդուարդ Շարմազանովը: Դիտորդական խմբի կազմում ներկայացուցիչներ կան ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններից՝ ՀՀԿ-ից Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Հակոբ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Գագիկ Գևորգյանը, ԲՀԿ-ից Արամ Սաֆարյանը, ՕԵԿ-ից Արծրունի Աղաջանյանը և «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը:

Դիտորդական առաքելությունն իրականացնող ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն արդեն եղել է մոտ մեկ տասնյակ ընտրատարածքներում: Խումբն աշխատում է մի քանի ուղղություններով՝ Ստեփանակերտ-Շուշի, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ-Ասկերան:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ արցախյան ընտրություններն անցնում են բարձր տրամադրությամբ, գրեթե բոլոր ընտրատարածքներում երգ-երաժշտություն է: Ընտրություններին ներկա են հարյուրից ավելի միջազգային դիտորդներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Սլովակիայից, Կանադայից և այլ երկրներից:

«Ամեն ինչ շատ լավ է անցնում. Ղարաբաղն ապացուցում է, որ ինքը բարձր մակարդակի ժողովրդավարական երկիր է»,- ասաց Շարմազանովը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4