December 3, 2021

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ հանրահավաք Նիդերլանդներում

Ապրիլի 20-ին Հաագայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների խորհրդարանի դիմացի Het Plain  հրապարակում Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության Ապրիլ 24 կոմիտեն և Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, «Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ» անվան տակ, կազմակերպեցին հանրահավաք, որին ներկա էին հինգ հարյուրից ավել ցուցարարներ:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան խորհրդարանի անդամներ Քեյս վան դեր Ստայը /Kees van der Staaij-SGP/, Հարրի վան Բոմմելը /Harry van Bommel-SP/,  Յոել Վորդեվինդը /Joսl Voordewind-CU/: Նրանց ելույթի ընթացքում խորհրդարանի շենքի դուրս եկան և, հանրահավաքին միանալով, ելույթներ ունեցան պատգամավորներ Կատլեն Ֆերյերը /Kathleen Ferrier-CDA/ և Հան Տեն Բրուկը /Han Ten Broeke-VVD/: Ելույթներ ունեցան նաև Հաագայում Իսրայելի տեղեկատվության և վավերագրության կենտրոնի տնօրեն Ռոնի Նաթանիելը, հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բոլոր ելույթներում կոչ էր արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ տալ ժխտողականության քաղաքականությանը: Պատգամավորներից Յոել Վորդեվինդը, վան դեր Ստայը և Հան Տեն Բրուկը նշեցին նաև, որ իրենք աջակցում են Հաագայում Ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման հոլանդահայ համայնքների մտադրությունը: Նիդերլանդների հրեական կառույցների անունից այդ գաղափարին իր աջակցությունը հայտնեց  Ռոնի Նաթանիելը:

Ելույթների ավարտից հետո հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչների պատվիրակությունը մտավ խորհրդարանի շենք և խնդրագիր հանձնեց Երկրորդ Պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին և անդամներին:

Հանրահավաքն ավարտվեց դեպի Թուրքիայի դեսպանություն կատարված երթով:

Հանրահավաքը նկարահանվում էր հոլանդական մի շարք և Թուրքիայից ժամանած երկու հեռուստաընկերությունների կողմից: Վերջիններս ներկա էին և նկարահանեցին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին հանրահավաքի անունից խնդրագրի հանձնումը:

Նույն օրն, ավելի ուշ, նշված հրապարակում ցույց էին կազմակերպել ադրբեջանական և թուրքական համայնքների ներկայացուցիչները, որին մասնակցեցին առավելագույնը 40 հոգի:

7or.am

photo    http://www.genocide-museum.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4