January 28, 2022

ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ ՓԱՆԱՀԻԻ ՄԱՍԻՆ

Ինչպես տեղեկացրել ենք, Կաննի միջազգային փառատոնն ընթանում էիրանցի ռեժիսոր Փանահիի եւ իր հալածյալ գործընկերների շուրջ աջակցության համապատկերում: Բոլոր թեմաները Կաննում ելնում ու հանգում են իրանցի ռեժիսորներին: Հիշեցնենք, որ ի աջակցություն մարտի 1-ին անորոշ մեղադրանքներով ձերբակալված Ջաֆար Փանահու, Կաննի փառատոնը նրան հրավիրել էր նախագահելու այս տարվա ժյուրին: Իսկ երբ նրան շարունակեցին բանտում պահել, փառատոնը որոշում կայացրեց ժյուրիի նախագահի տեղը թափուր պահել: Գլխավոր մրցանակի հիմնական հավակնորդներից մեկը նույնպես իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քյառոսթամիի «Վավերական պատճեն» կինոնկարն է, որի գլխավոր դեղը զբաղեցրած Ժուլիետ Բինոշը Քյառոսթամիի հետ հավասար Կաննում հանդես է գալիս Փանահիի ակտիվ հրապարակային աջակցությամբ:

Փորձեցինք պարզել «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ փառատոնի շրջանակներում ինչ է նախատեսված ի պաշտպանություն Փանահիին: Մանավանդ որ, վերջինս բազմիցս եղել է հայկական փառատոնի մասնակից: Կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքով, դեռ որ ծրագրերն ամբողջությամբ ավարտված չեն, բայց առաջիկա կոնֆերանսին դրան անպայման անդրադարձ կլինի, բայց թե ինչ ձևաչափով, չի կարող ասել. «Փանահին մեր լավ հյուրերից է եղել, և նրա հետ միշտ կապի մեջ ենք եղել: Ավելին ասեմ, որոշ ժամանակ առաջ, երբ մասնագիտական կազմակերպությունները ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն Փանահիի, մենք էլ մեր կողմից ենք միացել նրանց»: Իսկ փառատոնի վերջնական ծրագիրը, ըստ Սուսաննա Հարությունյանի, պատրաստ կլինի փառատոնից առաջ:

«Ոսկե ծիրան». «Փանահին արժանի է լսված լինելու եւ ստեղծագործելու ազատության»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել է հաղորդագրություն՝ պարզաբանելով փառատոնի վերաբերմունքը իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի նկատմամբ, ով իր ընդդիմադիր հայացքների համար մարտի 1-ից գտնվում է Իրանի Էվին բանտում: Փառատոնի լրատվության հարցերով պատասխանատու Սեդա Պապոյանի անունից ստորագրված նամակում հիշատակվում է, որ դեռեւս ապրիլի 12-ին «Ոսկե ծիրանը» հայտարարությամբ միացել է միջազգային մասնագիտական կազմակերպությունների նախաձեռնած ստորագրահավաքին:

Հայտարարությունում մասնավորապես ասվում էր. « Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ամբողջ անձնակազմը, հավատացած լինելով, որ իրանական կինոյի մարդասեր մեկնաբան Ջաֆար Փանահիի ազատազրկումն անազնիվ է, միանում է այս նախաձեռնությանը՝ պահանջելով նրա եւ նրա գործընկերների ազատումը բանտից»:

«Ջաֆար Փանահին արժանի է լսված լինելու եւ ստեղծագործելու ազատության»,- ասել էր «Ոսկե ծիրանը»: Նաեւ հիշատակվում է, որ Հայաստանյան հանդիսատեսը ներկա Իրանի կանանց խնդիրներին ծանոթանալու հնարավորություն ստացավ 2007-ին, երբ Ջաֆար Փանահիի «Օֆսայդ» ֆիլմը ցուցադրվեց Երեւանում՝ «Ոսկե ծիրան» 4-րդ կինոփառատոնի շրջանակներում:
«Ոսկե ծիրանից» պարզաբանել են նաեւ, որ նույն 2007-ին, քանի դեռ Ջաֆար Փանահին Երեւանի հյուրն էր, իրենք խնդիրներ են ունեցել իրանական դեպսանատան հետ եւ ստիպված են եղել խզել կապը:

«Ֆեյսբուք»-ում վերջին օրերին հարցադրումներ էին հնչում «Ոսկե ծիրանի» դիրքորոշման մասին եւ առաջարկվում էր Կաննի փառատոնի օրինակով Փանահիին հրավիրել Երեւան՝ գլխավորելու ժյուրիներից մեկը: Ցանցի շատ օգտագործողներ, այդ թվում՝ մեծ թվով հայաստանցիներ, իրենց դիմանկարը փոխարինել են Ջաֆար Փանահիի դիմանկարով՝ ի նշան աջակցության անվանի ռեժիսորին»:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4