January 28, 2022

«Հյուսիս-հարավ» երկաթուղային ճանապարհ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ին նոր ծրագիր է ներկայացրել

Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում երեկ 26-րդ նիստը գումարեց Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհուրդը` կառավարությունների ղեկավարների մակարդակով: Նիստին մասնակցում է նաև ՀՀ կառավարական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Հայաստանը կառույցում ունի դիտորդի կարգավիճակ:

Կառույցի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, դիտորդներ` նաև Մոլդովան և Ուկրաինան: Նիստին չի մասնակցում Ղրղըզստանի ներկայացուցիչը:

«Արմենպրեսի» տեղեկացմամբ` միջպետական խորհրդի նիստին քննարկվել են միասնական տնտեսական տարածության ձևավորմանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների համատեղ միջոցառումների կատարմանը, կազմակերպության հաջորդ տարվա բյուջեին վերաբերող հարցեր:
Նիստի ավարտին կառավարությունների ղեկավարներն ամփոփել են հանդիպման արդյունքները` յուրաքանչյուրը ներկայացնելով տասնամյա կառույցում փոխգործակցության սեփական հեռանկարներն ու նախագծերը, նախորդ նիստից հետո կատարված աշխատանքը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ չնայած Հայաստանը կառույցում ունի դիտորդի կարգավիճակ, սակայն ուշադիր հետևում է կազմակերպության զարգացման ընթացին և հետաքրքրված է համագործակցությամբ: Նա հիշատակել է հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակում Հայաստանի ներկայացրած մի շարք նախագծեր, առաջին հերթին` «Նաիրիտ» և «Հայէլեկտրամաշ» գործարանների գործարկման և զարգացման ծրագրերը, որոնք ունեն կարևոր նշանակություն, և դրանցով շահագրգիռ են նաև կառույցի անդամ երկրները:
«Հակաճգնաժամային հիմնադրամում ներկայացրել ենք նոր նախագիծ` «Հյուսիս-հարավ» երկաթուղային ճանապարհի կառուցման ուղղությամբ:

Դա մեծ ծրագիր է, որի իրականացման համար Հայաստանի կառավարությունը պատրաստ է երաշխիքներ տրամադրել: Դա խոշոր նախագիծ է, որը կրում է սոցիալական և տնտեսական բնույթ, և ունի կարևոր քաղաքական նշանակություն»,- նշել է Տ.Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի ԵվրԱզԷՍ-ում` հաշվի առնելով նաև, որ Հայաստանի երկաթգծերը գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղիների» հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը դանդաղ է աշխատում: «Ճգնաժամը կարծես արդեն հետևում է, բայց հիմնադրամի միջոցներն այդպես էլ դեռ չեն ծախսվել»,- այն ժամանակ ասել էր վարչապետը՝ այդ հապաղումը բացատրելով նրանով, որ հիմնադրամը կառավարում են ֆինանսների «գծուծ» նախարարները։ Ըստ վարչապետի` բավական կոշտ են նաև հիմնադրամի միջոցներից օգտվելու պայմանները, որոնք չեն համապատասխանում պետությունների և կառավարությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4