
« Դեպի’ Մայր Արաքսի ու Սրբազան Եփրատի նվիրական հովիտները»,- այս կոչը Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն արել է 1915թ-ին: Այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց ցուցահանդես «Մեծ եղեռնը և Թումանյանի ընտանիքը» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված էին անտիպ նամակներ, անտիպ փաստաթղթեր մամուլի հրապարակումներ:
«Պատմագիտության առումով բացառիկ նշանակություն ունեցող փաստեր է գրի առել Հովհաննես Թումանյանը, նա ժամանակին արեց այն, ինչն այսօր կարելի է օգտագործել պահանջատիրության դեպքում»,- «Ա1+»-ին ասաց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Հովհաննես Թումանյանը Եղեռնի օրերին Էջմիածնում հաշվառել է, թե քանի գաղթականներ կան, քանիսն են մահացել:
Թիֆլիս վերադառնալով` բանաստեղծն այնտեղ հանգրվանած գաղթականներից մեկ առ մեկ գրի է առել, ով ինչ է ունեցել, ինչ է կորցրել, ինչ մարդկային կորուստներ են եղել, ինչ նյութական կորուստներ:
«Թումանյանը ունի հսկայածավալ վիճակագրություն, թե հայերը ինչ կորուստներ են կրել Արևմտյան Հայաստանում: Նա դեռ այն ժամանակ առաջարկում էր այդ ամենը Փարիզյան հաշտության կենֆերանսում ներկայացնել»,- մանրամասնեց Նարինե Թուխիկյանը:
Հիշեցնենք, որ Հայկական հարցը քննարկվել է Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919 հունվար-1920 հունվար), որը հրավիրել էին 1914-18թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած տերությունները` պարտված երկրների հետ հաշտության պայմանագրերի նախապատրաստման և կնքման նպատակով:
a1plus.am
Leave a Reply