Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Ջավախքը կանչում է իր զավակներին

Եվրոպայի Հայերի Համագումարի

 լրատվական բաժին

Սիրելի ընթերցող ցանկանում եմ կիսվել քեզ հետ իմ ուրախությամբ ու ցավով, մտորումներով ու կարծիքով: Ես  Եվրոպայի Հայերի Համագումարի անդամ, Լատվիայի “ՀԱՎԱՏՔ” հայկական միության նախագահ ու Ռիգայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադիր և կառուցող Սպարտակ Տեր-Ավետիսյանն եմ:

      Հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս համարվող մայիսի 22-ին մենք` իմ  հայրենի Ջավախքի Մաջադիա գյուղում, համախոհներիս հետ,  տոնեցինք ևս մեկ հաղթանակ: Այս հաղթանակը, որն առաջին հայացքից կարող է թվալ հասարակ իրադարձություն, Ջավախքի համար ոգեշնչման ու միավորման հաղթանակ էր: Բոլորիս քաջ հայտնի է, թե ինչ ցավալի վիճակում է գտնվում Ջավախքը` իր կիսադատարկ , քարուքանդ եղած գյուղերով, որտեղ տների մեծ մասի վրա տեսնում ենք ժանգոտած, երկաթյա կողպեքներ: Ջավախահայոց նկատմամբ Վրաստանի վարած քաղաքականության շնորհիվ , յուրաքանչյուր հայ, փոքրիկ հնարավորության դեպքում, լքում է իր հայրենի օջախը, որպեսզի կարողանա աշխատել եվ պահել իր երեխաներին: Ջավախքի Մաջադիա գյուղի բնակիչներն Էրզրումի շրջանի ՈՒմուդում գյուղից 1827-1828թթ. արտագաղթված հայերի սերունդներն են, որոնք երբեք չեն ընկճվում: Գյուղն ունի դպրոց, եկեղեցի, որի շուրջ էլ համախմբվում են այնտեղ ապրող մի բուռ հայերը: Եկեղեցու շենքը կանգուն է, սակայն ժամերգություն կամ պատարագ այնտեղ շատ հազվադեպ է մատուցվում:  Բարեկամն ու ընկերը իրար հանդիպում են միայն եթե ինչ-որ մարդ է մահանում: Մաջադիա գյուղից, դեռեվս Խորհրդային ժամանակաշրջանում, դուրս եմ  եկել նաեվ ես, Երեվանի Ճարտարագիտական Համալսարանն(Պոլիտեխնիկ ինստիտուտ) ավարտելուց հետո, հրավիրվել էի  Լատվիա աշխատելու:   Սակայն  ես երբեք չեմ կորցրել կապն իմ հայրենի գյուղի հետ, մանավանդ որ այստեղ են հանգչում իմ ծնողները, տատն ու պապը, որով միշտ հպարտանում եմ: Պապս եղել է  Զորավար Անդրանիկի զինվորը և ես մեծացել եմ պապուս`Անդրանիկի մասին պատմության հիշողություններով:  Ցանկանալով ինչ-որ մի ձևով համախմբել և ոգեվորել իմ հայրենակիցներին` որոշեցի միջոցառում կազմակերպել, որը կդառնար նաեվ գեղեցիկ ավանդույթ:

    Մայիսի 22-ի վաղ առավոտից Մաջադիայում հորդ անձրեվ էր տեղում: Այդ օրը ժամը 11-ին գյուղի եկեղեցում պետք է հանդիսավոր ժամերգություն կատարվեր` ժամերգություն ոգեկոչման , որը պետք ե մատուցվեր Վրաստանի հայոց թեմի առաջնորդի փոխանորդ և Ջավախքի հովիվ Հայր Բաբկեն վարդապետ Սալբյանի գլխավորությամբ: Նրան օգնում էին Տեր Թադեվոս և Տեր Տաթեվ քահանաները: Հոգեվորականների այսպիսի շքախմբով անցկացվող ժամերգություն այստեղ դեռեվս չէր կատարվել: Չնայած ամպամած մութ երկնքին` եկեղեցու բակը լիքն էր. այստեղ հավաքվել էին Ախալքալաքից, Մաջադիայի շրջակա գյուղերից եկած հյուրեր` հասարակական, քաղաքական եվ մշակութային կյանքում հայտնի ջավախեցիներ` իրենց ընտանիքներով,երեխաներով ու ծոռներով: Բոլորը մեկ մարդու պես, մոռացած հորդ անձրևն ու այն, որ արդեն 11-ն անց էր  և Հայր Բաբկենը դեռ չէր ժամանել Մաջադիա, ոգեվորված, կարոտն աչքերում` զրուցում էին միմյանց հետ, յուրաքանչյուրն իր մեջ հասկանալով, որ վաղուց ուղղակի այսպես թեթեվ իր ընկերոջ ու բարեկամի հետ չէր զրուցել:  Աստված տեսնելով ջավախեցիների ոգեվորությունը` որոշեց իր նվերն ուղարկել նրանց` մի քանի րոպեի ընթացքում անձրեվը կտրվեց և փայլատակեց արեգակը` կարծես Աստծո ջերմ օրհնությունը սփռելով Ջավախք հայոց աշխարհի վրա: Մի փոքր ուշացումով` հաղթահարելով բնական և արհեստական շատ խոչընդոտներ`  Հայր Բաբկենը ժամանեց իր օգնականների հետ: Կցանկանայի մի փոքր պատմել Հայր Բաբկենի մասին: Չնայած իր երիտասարդ տարիքին և կարճ ժամանակահատվածին, որ նա նշանակված էր ծառայելու Ջավախքում, նա եղել էր բոլոր մեծ ու փոքր գյուղերում, դրանցից որոշներում ինչ-որ չափով վերանորոգել  եկեղեցիները, բարեկարգել հովվանիստ շենքը  և կենտրոնում բացվել էր համակարգչային սենյակ, ուր գալիս են ոչ միայն երեխաները, այլ տարիքով մարդիկ, օժանդակել է  կազմակերպել շարժական տիկնիկային թատրոն, որը հյուրախաղերով հանդես է գալիս տարբեր գյուղերում և քաղաքներում: Եվ ֆինանսական օգնություն ոչ Սբ. Էջմիածնից, ոչ էլ Հայաստանի կամ Վրաստանի կառավարությունից չի ստանում, այլ  Հայր Բաբկենն ինքը փնտրում և գտնում է բարերարների սփյուռքից, որոնք հաճույքով օժանդակում են Հայր Բաբկենին նրա հայրենանվեր ու աստվածասեր գործունեության մեջ: Չնայած որ Ջավախքի ժողովուրդը երբեք չի եղել մոլի հավատացյալ, հիմա բոլորը մեծ հարգանք են տածում այս հոգեվորականի և եկեղեցու նկատմամբ: Հայր Բաբկենի ակտիվ և հայրենասիրական գործերի ականատեսն է նաեվ Վրաստանը, որը լուրջ հսկողության տակ է պահում նրա  ամեն մի քայլը: Ասեմ, որ Թբիլիսիից Ջավախքի բոլոր հայկական դպրոցներ ուղարկվել են իբր վրացերենի ուսուցիչներ, որոնց հիմնական նպատակը լրտեսությունն է: Սրա վառ ապացույցն էր, երբ  միջոցառման ավարտից հետո Ջավախքից դուրս գալուց, սահմանի վրա ինձ վրացի սահմանապահը ներկայաց- րեց իմ ով լինելը, գործունեությունը: Ինչևէ, ահա թե ինչպիսի պայմաններում է գործում ու փորձում համախմբել հայերին իսկական աստվածավախ ու ժողովրդին ծառայող հոգևորականը: Երևի թե  Սբ.Էջմիածինը պետք է իր դիրքորոշումը փոխի այսպիսի հոգեվորականների նկատմամբ և աջակցի նրանց, այլ ոչ թե աջակցություն ստանան նրանք, ովքեր սփյուռքի տարբեր անկյուներում փորձում են ժողովրդին ծառայեցնել իրենց, այլ ոչ թե հակառակը, կամ համայնքները միավորելու փոխարեն քանդում են դրանք…

    Ժամերգությունը սկսելուց առաջ, Հայր Բաբկենն իր ուրախությունը հայտնեց ժողովրդին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, որ Ջավախքի այդ հնագույն եկեղեցին լցրել են հայի շնչով ու ուրախությամբ` մեկ անգամ ևս  ապացուցելով աշխարհին, որ աննկուն է Հայի Ոգին: Հայր Բաբկենը տեղեկացրեց, որ ժամերգությունից հետո կատարվելու է ծառատունկ, այնուհետեվ խաչքարի բացում և օրհնում, տնօրհնեք, և իհարկե վերջում` հայկական խնջույք:

    Ժամերգության ընթացքում հավաքված ջավախեցիների մեծ մասի  աչքերին արցունքներ էին` լսելով “Տեր Ողորմեա-ն”, կարծես նրանցից յուրաքանչյուրը լսում ու տեսնում էր իր հորը կամ պապին, որը մասնակցել էր այդ եկեղեցու կառուցմանն ու օծմանը: Ժամերգությունից հետո սկսվեց միջոցառման ամենաաշխույժ մասը` ծառատունկը: Գյուղի տարբեր հատվածներում իմ գլխավորությամբ և Հայր Բաբկենի ու հյուրերի մասնակցությամբ տնկվեց 111 ծառ: Որոշ քանակությամբ ծառեր տնկվեցին նաեվ Մաջադիայի գերեզմանատան մոտ, որտեղ մինչև գյուղի ավերումը` մեծ ու գեղեցիկ անտառ էր եղել: Տեսնելով հայրենակիցներիս խանդավառությունը` հուսով եմ, որ ծառատունկը կդառնա բարի ավանդույթ և եթե յուրաքանչյուր տարի ամեն մի ջավախեցի մի ծառ տնկի իր հայրենիքում` կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և եվ վերականգնել երբեմնի ծաղկուն Ջավախքը:

    Ծառատունկից հետո բոլորը շարժվեցին Մաջադիային նվիրված խաչքարի բացման ու օրհնման արարողությանը մասնակցելու: Մաջադիայում մայիսի 22-ին օրհնվեց մի հրաշալի խաչքար` քանդակված տեղական բազալտից, սուր խաչաձեվ`պատյանի մեջ դրված` 2մ բարձրությամբ: Այս հուշարձանը հարգանքի տուրք էր Մաջադիայի բոլոր ննջեցյալներին, իսկ կենդանիների համար` ոգեկոչման ու հայրենանվիրության հուշարձան: Մեծ նշանակություն ունի նաև խաչքարի վրա փորագրված տեքստը`<< Խաչ քո զորությամբ, Եղիցի մեզ ապավեն; Փրկեա զմեզ յերեվելի եվ յաներեվոյթ թշնամվոյն>>, որը կարդալուց հետո պարզ է դառնում խաչքարի հիմնական նպատակը:

   Կատարվեց նաև տնօրհնեք` Հայր Բաբկենի կողմից օրհնվեց Տեր-Ավետիսյանների  հայրական օջախը, որի մի մասը տրամադրվեց  գյուղին` բժշկական  օգնության կետ օգտագործելու համար:   

     Ոգեվորված հյուրերն ու գյուղի բնակիչներն այս բոլոր միջոցառումներից հետո միասին նստեցին խնջույքի սեղանին, որի ղեկավար էր նշանակվել գյուղի նախկին գյուղապետ-բանաստեղծ Հովիկ Մոսիկյանը, որը մեծ ուրախությամբ ու պատվով էր կատարում իրեն վստահված գործը:

      Կողքից նայում էի ջավախեցուն, որը մոռացել էր իր դարդն ու վիշտը, իր տանջանքները, որ կրում է յուրաքանչյուր ջավախեցի, որն ապրում է Ջավախք աշխարհում,  և տեսնում նրա աչքերում ուրախության լույս, հույս, հավատ ու փրկություն: Չնայած որ Ջավախքի ոչ մի գյուղում կամ քաղաքում չեն կառուցվում ճանապարհներ կամ վերականգնվում դպրոցներ, չկան աշխատատեղեր երիտասարդների համար, չնայած որ մեր հարևան Վրաստանն անում է ամեն ինչ Ջավախքն ավերելու համար… օրինակ հայ երեխան հաճախում է դպրոց տվյալ գյուղում կամ քաղաքում, իսկ դպրոցն ավարտելուց հետո չի ստանում  հասունության վկայական մի պարզ պատճառով` նա կամ ծնողներից մեկը հանդիսանում է Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի: Չնայած որ մեր դպրոցների տնօրեններին հեռացնում են աշխատանքից օրինական , իսկ հետո առանց պաշտոնական հրամանի թույլ տալիս աշխատել` իրենց կողմից ուղարկված մանկլավիկների հսկողության ներքո, կամ դպրոցներում կրճատում են հայերեն լեզվի դասերը, փոխարենը շատացնելով վրացերենը և տասնապատկելով վրացերենի վրացի ուսուցիչների աշխատավարձը: Չեմ ուզում մանրամասն թվարկել այն ամենը եվ թուղթ էլ չի հերիքի դրա համար: Բայց չեմ կարող չնշել նաև այն փաստը, որ հիմա Ջավախք շատ հանգիստ ու առանց խոչընդոտների առևտուր անելու են գալիս ոչ թե վրացիներն ու ադրբեջանցիները, այլ թուրքերը, որոնք մինչ Վրաստանի վարած այժմյան քաղաքականությունը, չէին էլ երազում այդ ուղղության մասին: Չգիտեմ, ինձ թվում է, որ Հայաստանի կառավարությունը և Սբ.Էջմիածինն ու ողջ սփյուռքը, եթե չեն ուզում կորցնել այդ փոքրիկ հայ աշխարհը, որ չհանգչի Մեծն Դերենիկ Դեմիրճյանի, Վահան Տերյանի, Աշուղ Հավասու ու Ջիվանու երգի ու խոսքի ոգին, պետք է  սկսեն գոնե մի փոքր օժանդակել ջավախեցուն, քանզի առանց պետական հովանավորության ու համազգային օգնության, ինչքան ել ուժեղ լինի անհատը, չի կարող երկար ժամանակ դիմադրել ստեղծվող խոչընդոտներին ու չարին:

   Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր ջավախեցիներին, որոնք օգնեցին այս միջոցառման կազմակերպման գործի մեջ, առանձնահատուկ շնորհակալություն`  Շիրվան Շիրինյանի գլխավորությամբ` Արման եվ Կարեն Շիրինյաններին, Համլետ Շիրինյանին, Լյովա և Մարգարիտա Սողբաթյաններին, Հայաստան Շիրիյանին, Վազգեն Սողբաթյանին,  Հովհաննես Շիրինյանին, Գեվորգ Վարդիկյանին, Համազասպ Խեդոյանին, Նորիկին,  Հակոբին եվ Արտակին, Հովիկ Մոսիկյանին և իհարկե խաչքարի քանդակագործ վարպետ Միշա   Խաչատրյանին:

Սպարտակ Տեր-Ավետիսյան

Ռիգա, Լատվիա, հունիս 2012

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4