January 28, 2022

“Եթե ամերիկյան եւ եվրոպական համալսարաններում ասես, որ հայոց ցեղասպանություն չի եղել, կմտածեն…

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը մեր թղթակցին ասել է, որ ցեղասպանության ճանաչմանը պետք է հետեւի հայրենիքի վերադարձը:

-Վերջին ամիսներին ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ է հավաքում: Որքանո՞վ այս գործընթացը շարունակական կլինի:

-Այստեղ մի քանի հանգամանքներ են դեր խաղում: Մի կողմից հայկական լոբբիի աշխատանքն է, մյուս կողմից ճանաչման գործընթացը ձեռնարկած երկրների արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումներն են, մասնավորապես Թուրքիայի հետ կապված:

Եվ երրորդ հանգամանքը, որ թեպետ քիչ ազդեցություն ունի, բայց կա, այն է, որ մարդկությունը գնալով ավելի է հասկանում, թե ցեղասպանությունն ինչ ահավոր հանցագործություն է:

-Կարո՞ղ է դատապարտման մարդասիրական ազդակը համատեղվել ճանաչումը ձեռնարկած երկրների  Թուրքիայի հետ ունեցած քաղաքական եւ տնտեսական շահերի հետ:

-Միջազգային իրավունքի ոլորտում ակնառու են ցեղասպանությունների դատապարտման գործընթացում տեղի ունեցած փոփոխությունները: Մարդկության  իրավական գիտակցությունը փորձում է ճանապարհներ գտնել ցեղասպանությունն այդ ոլոտում ավելի հստակ դատապարտելու համար:

Փորձը ցույց է տալիս, որ Թուրքիայի` ցեղասպանության ընդունման բանաձեւերի հաջող ընթացքին հակազդելու հնարավորությունները  շատ սահմանափակ են:

Դեսպաններին են հետ կանչում, բայց  որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են: Տնտեսական եւ քաղաքական ոլորտում կիրառվող պատժամիջոցները շատ արագ սպառվում են եւ այդ հարաբերություններն ավելի են զարգանում:

-Ենթադրենք,  աշխարհը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, որո՞նք են լինելու մեր հետագա քայլերը:

– Եթե ամերիկյան եւ եւրոպական համալսարաններում ասես,  որ հայոց ցեղասպանությունը չի եղել,  կմտածեն, որ կամ կաշառված ես, կամ կինդ է թուրք, կամ էլ հիմար ես:

Փոխհատուցման ձեւերից առաջինը բարոյականն է, երբ պետությունը ներողություն է խնդրում, երկրորդը` ֆինանսականն է, որը կարող է լինել անհատներին կամ էլ պետությանը փոխհատուցելու մակարդակով:

Երրորդը` տարածքայինն ամենաբարդն է, բայց այն պետք է հաշվի առնել: Հայոց մեծ Եղեռնը հայրենազրկող ցեղասպանություն է, եւ այս տերմինը պետք է մտնի գիտության մեջ: Հատուցման մաս պետք է կազմի հայրենիքի վերադարձը: Պետք է հարմար պահը գտնել եւ դիմել դատարան:

henaran.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4