January 28, 2022

Զարգացման ռազմավարություն

Հայ-թուրքական վերջին զարգացումները եւ Մեծ եղեռնի 100-ամյակի տարելիցի մոտեցումը առիթ հանդիսացան նորովի դիտարկելու Հայության ներկայիս հիմնախնդիրները, անդրադառնալու մեր քաղաքական պատմությանն ու հնարավոր հեռանկարներին: Նման միտումները խիստ ակտուալ են, քանի որ եւ՛ մեզանում, եւ՛ մեզ շրջապատող աշխարհում, ընթանում են փոփոխություններ, որոնք թելադրում են մշակել նոր իրողություններին ադեկվատ ռազմավարություն: Ցանկալի է, իհարկե, որ ազգային հիմնահարցերի շուրջ քննարկումները կրեն շարունակական բնույթ. դեռեւս 19-րդ դարում անգլիացի մտածող Ջոն Սթյուարտ Միլն ասել է, թե «հիմնարար սկզբունքների շուրջ լուրջ բանավեճերի բացակայությունը կազմալուծում, աղճատում է անգամ այդ նույն հիմնարար գաղափարները» եւ նման պնդման հետ դժվար է չհամաձայնել: Ակնհայտ է, որ առանց նոր մոտեցումների` համահայկական հիմնախնդիրների (իսկ դրանց թիվը մեծ է) լուծումն առնվազն վիճահարույց է: Փորձենք համառոտակի անդրադառնալ դրանցից մի քանիսին:

Սփյուռք. ավանդույթներ եւ նոր հրամայականներ

Սփյուռքում տիրող իրադրության հետ անգամ հպանցիկ ծանոթությունից հետեւում է, որ առանձին հաջողությունների հետ մեկտեղ այդ ոլորտում ունենք լուրջ հիմնախնդիրներ եւ կորուստներ:

Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ գոյատեւմանն ուղղված «հայկական գաղութների» ռազմավարությունն այսօր բավարար չէ, որպեսզի հայ համայնքներին նետված բազմաբնույթ մարտահրավերներին տրվեն արդյունավետ պատասխաններ: Նախկինում ընդունված կացութաձեւն այժմ կազմալուծվում է տարաբնույթ արտաքին եւ ներքին գործոնների ազդեցության հետեւանքով, ու մեղմել, կամ առավել եւս` արգելել այդ ազդեցությունները` գրեթե անհնար է:

Գաղտնիք չէ, որ այդ իրողությունները մասամբ բնորոշ են նաեւ հայաստանյան (ՀՀ, ԼՂՀ եւ Ջավախք) իրականությանը: Կարելի է արձանագրել, որ ստեղծված իրադրությունը հասունացել է, որպեսզի հայկական ընտրանին փորձի վերիմաստավորել ավանդական դարձած ինքնակազմակերպման ընտանեկան, համայնքային, կուսակցական, կրոնական ձեւաչափերը եւ փորձի մշակել ազգային նոր հայեցակարգեր: Սակայն եթե նշված ուղղություններով իրոք կատարվեն քաղաքական ինովացիաներ, ապա պետք է խուսափել ,քանդենք հինը, կառուցենք նորըե բոլշեւիկյան կարգախոսի կիրառումից (հատկապես, երբ դեռ «նորի» վերաբերյալ պատկերացումներն աղոտ են, եւ երբ դեռ չեն ձեւավորվել նորին անցնելու անհրաժեշտ նախապայմանները): Նման թվացյալ (քվազի) հեղափոխական մոտեցումներն առաջացնում են, այսպես կոչված, «խզումներ» ազգային հոգեւոր ու մտավոր ոլորտում, որոնք եւ արգելակում են հանրության առաջընթացը:

Մասնավորապես այսօր կարելի է լսել կարծիքներ, թե Ցեղասպանության խնդիրն արդեն իրեն «սպառել» է եւ ժամանակն է Հայությունը համախմբել ոչ թե ,անցյալի ողբերգականե դեպքերի, այլ ,այժմեական եւ պոզիտիվե գաղափարների շուրջ: Նման հարցադրումը, անշուշտ, դիլետանտական է. պետք է հստակ տարանջատել ազգային հիշողության խնդիրը, միջազգային ճանաչման քաղաքական գործընթացները եւ նոր, համահայկական նախագծերի ձեւավորումն ու իրագործումը:

Հոգեւոր տեսանկյունից Ցեղասպանության եւ հայրենազրկության (գուցե ավելորդ չէ միջազգային շրջանառության մեջ դնել «դեպատրիացի» եզրը եւ, «գենոցիդին» զուգահեռ, տալ դրա քաղաքական-իրավաբանական գնահատականները) իրողությունն ազգային գիտակցության մասն են կազմում եւ, համաձայն այդ սահմանման, քննարկման առարկա չեն կարող լինել (եթե, իհարկե, տոտալ չկիրառվեն մանիպույլատիվ տեխնոլոգիաներ): Նկատենք նաեւ, որ հոգեբանական տեսակետից էլ այդ ողբերգության հիշողությունը պարունակում է հատուցման գործողությունների դիմելու շարժառիթ (մոտիվացիա), եւ դրա արտահայտություններից մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական գործընթացն է:

Ցեղասպանության ճանաչման խնդիրը

Այս գործընթացը Հայության համար ոչ միայն բարոյական, այլեւ քաղաքական նշանակություն ունի: Միջազգային հանրությունում խնդրի նկատմամբ ձեւավորված մոտեցումներն անդրադառնում են Թուրքիայի եւ, մասամբ, նրա դաշնակից Ադրբեջանի վարկանիշի վրա` նրանց որակելով որպես «գենոցիդոգեն» երկրներ: Այդպիսով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը թուրք–ադրբեջանական հնարավոր ոտնձգությունների տեսանկյունից յուրօրինակ զսպաշապիկ է եւ բարձրացնում է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը:

Այդ գործոնը լրացուցիչ հիմնավորում է նաեւ մեր դիրքորոշումը ԼՂՀ խնդրում վարվող բանակցություններում, իսկ հայ-թուրքական վերջին դիվանագիտական զարգացումներում խնդրի միջազգային արծարծումը որոշակիորեն նպաստեց ՀՀ վարած քաղաքականությանը: Նկատենք նաեւ, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի ածանցյալները` մշակութային ժառանգության պահպանման հարցերը եւ առանձին գույքային-նյութական արժեքների վերաբերյալ դատավարությունները, ինչպես հայտնի է, բավական արդյունավետ են եւ արժանի են հատուկ ուշադրության:

Միեւնույն ժամանակ, առայսօր Ցեղասպանության քաղաքական գործոնն առավել օգտագործվում է այլոց կողմից: Օրինակ, ԱՄՆ նախագահի կողմից այդքան սպասվող ,գենոցիդ-ցեղասպանությունե բառն արտասանվել է, ինչպես հետեւում է Հ.Նահապետյանի հոդվածից2, դեռեւս 1981թ. ապրիլի 22-ին: Հոլոքոստի հիշատակի օրվա առիթով թիվ 4838 նախագահական ելույթի տեքստում նախագահ Ռոնալդ Ռեյգանը նշել է. «Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես չպետք է մոռացվեն Հոլոքոստին նախորդած Հայերի ցեղասպանությունը եւ հաջորդած Կամբոջայի ցեղասպանությունը…»: Նման հայտարարությունը ենթարկվում էր Սառը պատերազմի տրամաբանությանը եւ ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ, քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում (ինչպես նաեւ այլ հանրապետություններում) ծայր առած ազգային շարժումների աջակցումը բխում էր Միացյալ Նահանգների ազգային շահերից: Ներկայումս իրավիճակն այլ է, եւ մոտ ապագայում ԱՄՆ նախագահը դժվար թե արտասանի «գենոցիդ» բառը, քանի որ դա հակասում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը:

Սակայն հասկանալի է նաեւ, որ եթե ողջ աշխարհն էլ ընդունի Ցեղասպանության փաստը, ապա դա դեռ ամենեւին չի նշանակում, թե Արեւմտյան Հայաստանը կվերադարձվի Հայությանը: Այդ խնդրում, թերեւս, պետք է հրաժարվել հրեականության նախադեպի գերագնահատումից. Գերմանիայի կողմից Հոլոքոստի ընդունումը եւ ռեպարացիաների կատարումը պայմանավորված էին այդ երկրի պարտությունով` դաշնակիցների զորքերը կանգնած էին Բեռլինում: Նկատենք նաեւ, որ հրեաներն իրենք էին «նախապատրաստել» իրենց պետության ստեղծումը տասնամյակներ տեւած մտավոր-գաղափարախոսական եւ կազմակերպչական-տնտեսական նպատակաուղղված աշխատանքով: Մեր պարագայում անգամ Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ընդունումը (սա ավելի քան տեսական տարբերակ է եւ չի առնչվում այդ երկրի առնվազն ներկա իշխանությունների հետ), ամենայն հավանականությամբ, կընդունի մոտավորապես այն ձեւը, որին ականատես եղանք, երբ Սերբիայի պառլամենտը զղջում արտահայտեց Բոսնիայի բնակչության դեմ կատարված գործողությունների կապակցությամբ: Անկարան կհամաձայնվի փոխհատուցումների միայն այն պարագայում, երբ կունենա կազմալուծված երկրի կարգավիճակ:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ընդհանուր առմամբ դրական նշանակությամբ հանդերձ, ունի արդյունավետության որոշակի սահմանափակումներ եւ չի կարող վերջնանպատակ ծառայել Հայաստանի եւ Հայության համար: Այլ խոսքերով, եթե Ցեղասպանության փաստը համընդհանուր ճանաչվեց, ապա խիստ մշուշոտ է, թե ինչպիսին պետք է լինի դրանից հետո Հայության քաղաքական ռազմավարությունը: Հարցին հստակ պատասխան չունենալը վկայում է, որ առայժմ մեր հանրությունում բացակայում են անհրաժեշտ ռազմավարական մտածողության ռեսուրսները, մինչդեռ այդ ընդհանրական ռեսուրսների չափն անմիջականորեն կապված է Ազգային անվտանգություն (ԱԱ) հասկացության հետ:

Ազգային անվտանգության արդիական մեկնաբանություններ Այսօր ԱԱ հասկացությունը ենթարկվում է վերափոխումների եւ, ի լրումն անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ նախկին պատկերացումների, ԱԱ գլխավոր չափանիշներից է դարձել հանրության զարգացման կարողությունը:

Մասնավորապես համարվում է, որ ԱԱ նախկինում արդյունավետ համարվող «մարտահրավեր-ադեկվատ պատասխան» համակարգն արդի պայմաններում արդեն բավարար չէ, եւ միայն այդ սկզբունքի կիրառումը կարող է անգամ փակուղի տանել: Նոր մոտեցումները ենթադրում են, ըստ Ալ.Վլադիմիրովի հիմնարար աշխատության, որ ,զարգացման եւ անվտանգության համաձայնեցման պարադիգմը հնարավոր է իրագործել «անվտանգություն` զարգացման միջոցով եւ զարգացում` անվտանգության միջոցով» սկզբունքի դիալեկտիկայով»: Նման մեթոդաբանությամբ դիտարկելով անվտանգության խնդիրները` կարելի է հանգել ոչ այնքան բարդ եզրահանգման, թե զարգացման գործընթացի (այսինքն` անվտանգության) հիմնական «պատասխանատուն» կամ, այլ խոսքերով` կրիտիկական ենթակառուցվածքը, մարդը եւ մարդկային հանրությունն են, որոնց զարգացման (մեր մեկնաբանությամբ` կազմակերպման, գիտելիքների ձեռքբերման եւ դրանց կիրառման ունակությունների) մակարդակն է, որ պայմանավորում է ազգ-պետության անվտանգությունը: Այստեղից հետեւում է նաեւ, որ զարգացումը ռազմավարության արտահայտություններից է, որը ենթադրում է եւ՛ ,փոքր քայլերիե, եւ՛ ,թռիչքայինե (,փոքր քայլերովե ձեռքբերումների կրիտիկական քանակի կուտակումից հետո) ռազմավարություն, ինչն էլ, համաձայն չինական սահմանման, ապահովում է «ապագայի նվաճումը»: Վերոնշյալի համատեքստում դիտարկելով Հայության եւ Հայաստանի ապագայի խնդիրները` պետք է արձանագրենք, որ զարգացման տեսանկյունից ունենք լուրջ հիմնախնդիրներ: Հայտնի է, որ Հայաստանի մտավոր ներուժը վերջին քսանամյակում որակապես նվազել է, իսկ ոլորտի զարգացման նախագծերն առայժմ մեծ լավատեսություն չեն ներշնչում եւ, ի լրումն, տեսական բնույթ են կրում: Առավել վատ են գործերը Սփյուռքում, որտեղ դեռեւս չեն ձեւավորվել ազգային գիտության անհրաժեշտության գիտակցությունը, համապատասխան մտածողությունը եւ մշակույթը: Ինչպես հայտնի է, արտերկրում գործում են հայկական հազարավոր հասարակական-քաղաքական կազմակերպություններ, որոնք, սակայն (եւ այստեղ, թերեւս, բացառություն է Գալուստ Գյուլպենկյան հաստատությունը), գիտակրթական ոլորտին սակավ են անդրադառնում (այստեղ չենք դիտարկում համայնքային ու կիրակնօրյա դպրոցների խնդիրը, որոնք առավել հայապահպանական ուղղվածություն ունեն, եւ սակայն այդ առումով էլ այսօր բավական ճգնաժամային իրադրության մեջ են հայտնվել): Նկատենք նաեւ, որ սփյուռք ունեցող այլ ազգեր գիտակրթական գործունեությունը հովանավորող բազմաթիվ հիմնադրամներ են ստեղծել:

Ըստ մեզ, վերոնշյալ ռազմավարական թերացումը պայմանավորված է ոչ թե միջոցների հարաբերական պակասությամբ, այլ հայկական ընտրանու աշխարհայացքային մոտեցումնրով: Հաճախ որպես գերխնդիր ընկալվում է միմիայն Ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի լոբբինգի վրա, օրինակ` ԱՄՆ-ում, ծախսվում են բավական մեծ միջոցներ, արտակարգ նշանակություն է տրվում եկեղեցիների, հուշարձանների կառուցմանը: Անշուշտ, անվիճելի է, որ այդ ամենը խիստ կարեւոր է, սակայն, դրա հետ մեկտեղ, անուշադրության է մատնվում ամենաառաջնայինը` մարդկային կապիտալի ձեւավորումը եւ զարգացումը, այսինքն` վտանգվում է մեր ազգային անվտանգությունը: Միեւնույն ժամանակ, այստեղ գուցե հիմնավորված է այն հարցը, թե ինչ կոնկրետ նպատակների պետք է ծառայեն ազգային անվտանգության ռազմավարությունը եւ զարգացումը:

Հնարավոր սցենար «Երրորդ սառը պատերազմում»

Նորագույն պատմությունում Հայաստանի եւ Հայության համար առանցքային իրադարձությունները կապված են եղել աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ: Առաջին համաշխարհային պատերազմը եւ հեղափոխությունը հանգեցրին Ցեղասպանության եւ Արեւմտյան Հայաստանի կորստին, Առաջին ու Երկրորդ հանրապետությունների ստեղծմանը: Երկրորդ համաշխարհայինից հետո մեծ էր ԽՍՀՄ–Թուրքիա բախման հավանականությունը, որը խոշոր չափով կարող էր լուծել հայկական հարցը: Սառը պատերազմի եւ երկբեւեռ աշխարհակարգի փլուզման արդյունքում ստեղծվեցին ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն: Ներկայումս ձեւավորվում է քաղաքական մի իրադրություն, երբ հասունանում են նոր գլոբալ տեղաշարժեր` պայմանավորված բազմաբեւեռ համակարգի ձեւավորմամբ: Համաձայն որոշ վերլուծաբանական տեսակետների, որոնք հիմնվում են արդեն այսօր նշմարվող միտումների վրա, ներկայիս «բաժանման» գործընթացներին հետեւելու է նոր, քաղաքակրթական հատկանիշների հիման վրա ստեղծված ասոցիացիաների ձեւավորում: Որոշ սխեմատիկ սցենարային զարգացումներում, մասնավորապես, չի բացառվում Եվրոպա–Ռուսաստան (որոշ տարբերակներում` ԱՄՆ-ի հետ միասին) ռազմաքաղաքական ասոցիացիայի ձեւավորում` ուղղված Արեւելքից սպասվող սպառնալիքների դեմ: Նման նոր բնույթի եւ արդեն երրորդ «Սառը պատերազմի» պայմաններում Հայաստանի տեղը, առավել հնարավոր է, որ լինի պայմանական Եվրոպա-ՌԴ բլոկում, իսկ մեր թուրքալեզու հարեւանները` պայմանական «Արեւելքում»: Այդ պարագայում Հայաստանը կարող է ձեռք բերել ,սահմանայինե պետության կարգավիճակ (ինչպիսին որ ունի Իսրայելը Մերձավոր Արեւելքում)` դրանից բխող մեծ ռիսկերով եւ հնարավորություններով: Մեզ համար դրական որոշակի զարգացումների պարագայում այդ «հնարավորությունները» կարող են ներառել Թուրքիայի կազմալուծումը եւ Արեւմտյան Հայաստանի գոնե մասնակի վերադարձը:

Անշուշտ, վերոնշյալ սցենարը տեսական բնույթ է կրում, սակայն միշտ պետք է հիշել, որ դեռ 1980թ. գրեթե անհնար էր պատկերացնել, որ մեկ տասնամյակ հետո կընթանա պատերազմ, եւ կստեղծվեն հայկական երկու հանրապետություններ: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ որեւիցե «դրական սցենարի» իրագործումը հնարավոր է միայն այդ զարգացումներին նախապես պատրաստվելու եւ շահեկան սցենարներն իրականություն դարձնելու համար ջանքեր գործադրելու պարագայում, որն էլ, իր հերթին, հնարավոր է միայն ռազմավարական զարգացման պայմաններում:

«Նորավանք»

Գագիկ Հարությունյան

photp by  bumberazi.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4